ՖԱՆՏԱՍՏՆԵՐԻ ՈՂՈՐՄԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ քաղաքացիները ցանկության դեպքում կարող են կամավոր հիմունքներով ծառայություն անցնել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում: Սա ասում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. դե, հենց նա, մեր լեգենդարը… Այսինքն հասկանալի է, որ Պաշտպանության բանակ զորակոչվելու մասին խոսք անգամ չկա։ Առավելագույնը, որ կարող է Երևանը, այն է, որ եթե ցանկացողներ լինեն, «իրավական ձևաչափը կգտնվի, որպեսզի անցնեն ծառայության»։ Դա, իհարկե, հերոսական ջանքեր կպահանջի, այդպիսի «իրավական ձևաչափ» գտնելը։ Եվ հավանաբար հենց այդ ջանքերը նկատի ունի պարոն Քոչարյանը, երբ ասում է, թե Հայաստանը «Արցախի անվտանգության երաշխավորն է»…
Սնապարծությունը սրանց արյան մեջ է, դրա վրա ոչինչ չի կարող ազդել, նույնիսկ հազարավոր զոհերը։ Կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչն ասում է, թե Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է. եփած հավի ծիծաղը կգա։ Բոլորին էլ պարզ է, որ Հայաստանն այսօր նույնիսկ իր անվտանգության երաշխավորը չէ։ Իսկ արցախահայության անվտանգ կյանքի երաշխավորը ռուս խաղաղապահներն են։
Բացի այդ, մեր լեգենդար ռազմական և պետական գործիչը, խոսելով բանակի բարեփոխումների մասին, որոնք իրենք մտադիր են ձեռնարկել, հպարտորեն հայտարարում է. «Իմ տեսակետը այն է, որ մենք ունենանք այնպիսի բանակ, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին. հատուկ նշանակության բանակ՝ ֆանտաստիկ սպառազինությամբ և մեծ ինտելեկտուալ կարողությամբ»։ Ի՞նչ կարելի է ասել։ Եթե ինքը՝ Անդրանիկ Քոչարյանն է արդեն այդ կարծիքին, ապա կարելի է ասել՝ գործի մեծ մասն արված է... Ճիշտ է, ցանկալի կլիներ, որ նախ օգտվեին իրենց մտավոր ունակություններից և վերադարձնեին գերիներին, իսկ հետո նոր ֆանտաստիկ սպառազինվեին։
Ինչպե՞ս է այդտեղ ձեր ընկերը՝ «Պատրոն Դավիթը». նա, որը չափանիշներին չհամապատասխանող զենք էր վաճառում։ Կապալ տվեք նրան՝ բանակին ֆանտաստիկ զենք մատակարարելու։ Թող Աֆրիկայում ինչ-որ տեղից նետ-աղեղներ գնի. իսկը ֆանտաստիկա կլինի։
Իսկ այն ընթացքում, մինչ Անդրանիկ Քոչարյանի գլխում հասունանում է բանակի ֆանտաստիկ սպառազինման բարեփոխումը, մարտական գործողությունների գոտուց շարունակում են դուրս բերել զոհվածների աճյունները, Հայաստանում աղքատության ցուցանիշները մոտեցել են 30%-ի, իսկ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո առկա է հայ-ադրբեջանական ևս մեկ փաստաթուղթ:
Այսպես կոչված՝ հուշագիր, որն իշխանությունները դեռ ջանում են չհրապարակել, բայց, ինչպես պարզվեց, հենց դրա համաձայն հայկական ստորաբաժանումները մինչև դեկտեմբերի 18-ը պետք է հետ քաշվեին նախկինում զբաղեցրած դիրքերից և թույլ տային Ադրբեջանին փաստացի վերահսկել Սյունիքի մի շարք ճանապարհներ, մասնավորապես՝ Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհահատվածները։ «Այժմ ադրբեջանցիների վերահսկողության տակ է գտնվում մեր հիմնական մայրուղին, օդանավակայանը և շատ բնակավայրեր։ Եթե ուզեն գյուղացիների համար խնդիրներ ստեղծել, կստեղծեն»,- ասում է հանրապետության հարավի գլխավոր քաղաքի քաղաքապետը։
... Շատերը կհիշեն, որ երբ սկսվում էր Սերժ Սարգսյանի դեմ դատավարությունը, դատարանի բակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա հայտարարեց, որ կարող է ասել միայն մեկ բան. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Դա առաջացրեց իշխանությունների հեգնական քմծիծաղը։ Իբր՝ իրեն կոնկրետ մեղադրանքներ են ներկայացվում պետգնումների համակարգում չարաշահումների կոնկրետ գործով, նախկին իշխանությունների կոռումպացվածության մասին վկայող մեղադրանքներ, իսկ երրորդ նախագահը խոսում է Ղարաբաղի մասին, ավանդական թոզը փչում մարդկանց աչքին՝ Արցախին սպառնացող վտանգի մասին, փորձելով թաքնվել այդ թեմայի հետևում։ Իբր՝ ինչպիսի՜ էժանագին մանիպուլյացիա, ծաղրում էին մանիպուլյացիոն տեխնոլոգիաների արքաները, իսկ «հայ առաջադեմ մտավորականությունը» հաճոյանալով ձայնակցում էր նրանց…
Այսօր, երբ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ամենն իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, արդեն դժվար թե որևէ մեկը ծիծաղելու ցանկություն ունի... Սերժ Սարգսյանի հարցազրույցի ծանուցման մեջ, որը կցուցադրվի փետրվարի 15-ի երեկոյան, երրորդ նախագահն ասում է. «Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»։ Գուցե Սերժ Սարգսյանը պետք է ավելի հաճախ և ավելի շո՞ւտ խոսեր այդ մասին... Բայց լսո՞ւմ էր արդյոք նրան իշխանությունը։