2021-02-17 09:18
Լրատվական գործակալություններ
ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի ու Երևանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ այսօր քննարկել են ԼՂ–ում կայունություն հաստատելու հարցերը և միջնորդական գործընթացի պայմանները։
«Փետրվարի 16-ին համանախագահները տեսակոնֆերանսի միջոցով առանձնազրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ», – գրված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Զրույցներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Նախարարների հետ զրույցներում համանախագահները մանրամասն քննարկել են տարածաշրջանում կայունության հաստատման, միջնորդական գործընթացի պայմանների և հատուկ ներկայացուցչի դերի վերաբերյալ իրենց տեսակետները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։