ՀԻՄԱՐ, ԱԳԱՀ ՈՒ ՍՏԱԽՈՍ
Շարունակվեց Նիկոլի քոթակը Սերժ Սարգսյանի կողմից։ Դրան հետևելը տխուր էր, քանզի քոթակն այդ ընթանում էր հազարավոր կյանքեր արժեցած կառավարման արդյունքներով: Չափազանց թանկ գին, որ վճարում է փոքրիկ հանրապետությունը մեկ տխմարի պատճառով։ Կգրեն, տարբեր լեզուներով անպայման գրքեր կգրեն այդ մասին՝ ի խրատ սերունդների. թե ինչպես տրվելով հպարտության ու խոսամոլության մեղքին՝ հայերը դրա համար զոհաբերեցին իրենց հազարավոր երիտասարդ որդիների, իսկ հետո հանգիստ ապրում էին. ուտում, խմում, քնում…
ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցում ամենից ապշեցուցիչը կոնկրետ փաստերն էին։ Օրինակ, որ դեռևս Սերժ Սարգսյանի օրոք մշակված սպառազինության գնման ծրագրով՝ մինչև 2020 թվականը մեր բանակի զինանոցում պետք է լիներ տարբեր դասի մոտ հազար անօդաչու սարք։ Պետք է լիներ, եթե նոր իշխանությունները չփոխեին սպառազինությունների ծրագիրը, քանի որ ոմն անմեղսունակ շատ էր ցանկանում լուսանկարվել թանկարժեք ինքնաթիռների խորապատկերին։ Առանց պատշաճ մարտական լրակազմի, ճիշտ է, բայց դա ամենից քիչ էր հետաքրքրում նրան։
Իսկ բացի այդ, Սերժ Սարգսյանը խոսեց այն մասին, որ մեր ազնիվ իշխանությունը, որն արմատախիլ է արել կոռուպցիան լոկ իր մշտական ինքնագովեստներում, պատերազմի օրերին շրջանցելով Պաշտպանության նախարարությանը՝ զրահաբաճկոններ է գնել աննախադեպ գնով. հատը 600 դոլարով։ Ու նաև այն մասին, որ Հայաստանի զինված ուժերի գերակշիռ մասը չի մասնակցել մարտական գործողություններին, քանի որ երկրի գլխավոր տխմարը նախընտրեց նախապատրաստված ստորաբաժանումների փոխարեն մարտի ուղարկել կամավորների և պահեստազորայինների: Եվ նույն ինքն էլ, երևակայելով իրեն մեծ զորավար, ոգևորում էր անցկացնել «հակառակորդի շրջապատման հակահարձակողական գործողություն»։ Գործողություն, որը ողբալի ավարտ ունեցավ «հակահարձակվողների» համար, ինչն էլ, ըստ էության, դարձավ պատերազմում պարտության գլխավոր պատճառը. Արցախի Պաշտպանության բանակը մնաց առանց իր հիմնական մարտունակ պահուստի։
Թեպետ... Մի՞թե դա հուզում է նրանց։ Ուսապարկերից մեկնումեկը դրանից կազդվի՞, նրանցից որևէ մեկը ինչ-որ բանից կամաչի՞։ Երբե՛ք ու ոչ մի դեպքում։ Արմեն Գրիգորյանը, այն կառույցի քարտուղարը, որի անվանումն այսօր ծաղրի պես է հնչում, այն է՝ «Հայաստանի Անվտանգության խորհուրդ», կրկնում է մաշված ձայնասկավառակն այն մասին, թե իրենք «լուրջ խնդիրների են բախվել» նախկին իշխանությունների ստեղծած փակուղիների պատճառով... Պետք չէ ստել. դուք «լուրջ խնդիրների եք բախվել», որովհետև հիմար եք, ագահ ու ստախոս։ Չենք խոսում արդեն այն մասին, որ միայն հետաքննությունը կարող է ցույց տալ, թե ում անվտանգության օգտին է աշխատում ձեզանից յուրաքանչյուրը…
Վաղուց ապացուցված է, որ նրանք թքած ունեն ամեն ինչի վրա, բացի անձնական շահից։ Եվ իշխանությունից այդչափ կատաղի կառչած են այն պատճառով, որ հասկանում են. իրենց հեռանալուց հետո այնքան կեղտ դուրս կգա ջրի երես, որ երբեք չեն կարողանա տակից դուրս գալ. դատաքննությունների վերջը չի երևա։ Սրանք կշարունակեն ատամներով կառչած մնալ իշխանությունից, ու թքած ունեն այն բանի վրա, որ հարցականի տակ է պետության գոյությունը. Բնավ փաստ չէ, թե կհաջողվի այն պահպանել, եթե հիմարների, ագահների ու ստախոսների այս խրախճանքը երկար ձգվի։
Ապագա սերունդները մեզ երբեք չեն ների 2018 թվականը։ Առավելևս չեն ների, որ պատերազմում պարտվելուց հետո մենք արդեն քանի ամիս շարունակ հանդուրժում ենք սրանց։ Չեն ների և իհարկե իրավացի կլինեն. նման բանն անկարելի է ներել։ Մենք բոլորս պետք է հստակ հասկանանք. Ալիևն ու Էրդողանը՝ միասին վերցրած, բնավ այնքան վտանգավոր չեն Հայաստանի համար, որքան Նիկոլն ու Աննան։ Կա՛մ շուտով Նիկոլը կդադարի վարչապետ լինել, կա՛մ նա կլինի անկախ Հայաստանի վերջին ղեկավարը։ Այլ սցենարներ չկան։