Արագածի տարածաշրջանում և Ապարան քաղաքում բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

«Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Ապարան քաղաքում բուք է»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Շիրակի մարզի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Զանգեր հատվածում, Տավուշի, Գեղարքունիքի (բացի Վարդենիսից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա: