Ա․ Վարդևանյան․ Եթե ուզում ենք Սուդանի իրավական մշակույթը կիրառող երկիր դառնալ, ապա որևէ խնդիր չկա

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանելու նախագիծը կարող է լինել քաղաքական ռեպրեսիայի դասական գործիք։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

ԱՎարդևանյանն ասաց, որ 2000-ականներին Քրեական օրենսգրքում այդպիսի հոդված եղել է, որն ապաքրեականացվել է. «Եվրոպայի խորհրդին անդամությամբ պայմանավորված նաև նման տեսակ հանցակազմերն ապաքրեականացվում էին։ Դրան նաև հաջորդեց առհասարակ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումը։ Դա իր մեջ ուներ տրամաբանություն, այնպես չէր, որ Եվրոպայի խորհուրդը պարզապես նման պահանջ էր ներկայացրել։ Վիրավորանքը և զրպարտությունը նեղ, սուբյեկտիվ գնահատողական հարցեր են, որոնք յուրաքանչյուրը կարող է յուրովի դիտարկել։ Պատկերացրեք, երբ նման հարցը դրվում է քրեաիրավական ներգործության տիրույթում։ Ի դեպ, միջազգային փորձը հենց դա էլ հուշել է, դրա համար էլ եվրոպական երկրները գնացել են ապաքրեականացման ճանապարհով»։

Իրավագետի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր քայլերն անում է ժողովրդավարությունից հեռու գնալու համար. «Հետաքրքիր է այս նախագծի վերաբերյալ եվրոպական երկրների դեսպանատների դիրքորոշումը, որովհետև ժամանակին հենց իրենց ջանքերն է եղել, որ դա ապաքրեականացվի»։

Փաստաբանը շեշտեց, որ այսօրվա դրությամբ պետական ծառայողին վիրավորելու դեպքում վարչակաիրավական ներգործության գործիք կա. «Եթե մենք ուզում ենք օրինակ՝ Սուդանի իրավական մշակույթը կիրառող երկիր լինել, ապա որևէ խնդիր չկա։ Այդ դեպքում պարզապես Սահմանադրության մեջ փոփոխություն անենք, որովհետև գրված է՝ ժողովրդական երկիր ենք»։

Հարցին, ըստ իրեն, եթե պետական ծառայողին սոցցանցերում զրպարտել է ֆեյք օգտատերը՝ ինչպե՞ս պետք է քննությունն ընթանա, Վարդևանյանն ասաց. «Մենք գիտենք բազմաթիվ իշխանական ֆեյքերի, սակայն դրանց բացահայտման որևէ դեպք չեմ հիշում։ Եղել է ինձ հետ այդպիսի մի դեպք, ու ԱԱԾ-ի կողմից միջոցներ էին ձեռնարկում ֆեյքի իրական օգտատեր հանդիսացող անձին հայտնաբերելու ուղղությամբ։ ԱԱԾ-ից եկավ պաշտոնական պատասխան այն մասին, որ մուտք են գործել այդ իքս էջը, նայել են նկարները և պարզել, որ այնտեղ իրական անձի նկարներ չեն, հետևաբար հնարավոր չէր պարզել ֆեյքի ինքնությունը»։

Նա նշեց, որ ցանկացած արտահայտություն, ըստ ցանկության, կարող է դիտարկվել հենց այդ հոդվածի տիրույթում և անձանց նկատմամբ սկսվեն քրեական հետապնդումներ։

«Կան շատ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողին ասում են՝ դուք դավաճանի եք պաշտպանում, ոստիկաններ կան, որ դրան ագրեսիվ են արձագանքում, ոստիկաններ էլ կան, որ բնավ չեն արձագանքում։ Սա իրականացվելու է դատավարության փուլում։ Պատկերացնում եք, որ քննիչը և դատախազը կարող են նման մանրամասնորեն ուսումնասիրե՞լ դա»։

Փաստաբանն ընդգծեց, որ այս փոփոխությունը խոսքի ազատության տոտալ սահմանափակում է. «Եվրոպական դատարանը տասնյակ նախադեպեր ունի, որտեղ ասվում է՝ պետական ծառայողները պետք է խիստ քննադատությանը հանդուրժող լինեն։ Խիստ քննադատությունը երբեմն նաև վիրավորանք էլ է պարունակում»։

Նշենք, որ ըստ նախագծի՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը՝ պայմանավորված իր ծառայողական պարտականությունների կատարմամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Իսկ նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։