ԳՆԵՐԻ ԱՃԸ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՆՇԱ՞Ն Է

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետև ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ», - հայտարարել Է վարչապետը։

Նրա խոսքերով, փետրվարի առաջին 15 օրերին զգալիորեն աճել են արտահանման և ներմուծման ծավալները։ «Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է», - ասել է նա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. տարօրինակ է, որ Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձն այդ նորություններն անվանում է ընդամենը «կարևոր»։ Չափազանց համեստ ձևակերպում է տվյալ անձի համար։ Որտե՞ղ է «աննախադեպ»-ը, որտե՞ղ է սենսացիան։ Իրականում հայկական տնտեսության վերականգնման նշանների հայտնաբերումը միանգամայն կարող է համարվել համաշխարհային մասշտաբի սենսացիոն հայտնագործության։ Նկատեք, կորուստների մասշտաբներով աղետալի պատերազմից ընդամենը երեք ամիս անց, օրըստօրե խորացող սոցիալ-տնտեսական վիթխարի խնդիրների, դրանց լուծման համար ֆինանսական միջոցների անբավարարության, արտագաղթի ալիքի և համաճարակաբանական լարված իրավիճակի պայմաններում հաջողվել է ոչ միայն շոշափել հայկական տնտեսության զարկերակը, այլև տեսնել վերականգնման գործընթացի տարրեր։ Աբսո՞ւրդ։ Հերթական սո՞ւտ։ Մանիպուլյա՞ցիա։ Դե ո՜չ, պարզապես սենսացիա, պարզապես հերթական «աննախադեպ»…

Արդեն երրորդ տարին է, ինչ հայկական տնտեսության վիճակը գնահատվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով։ Այս բնութագրիչն է, ըստ էության, ընկած նաև ներկայիս իրավիճակի կենսահաստատ, լավատեսական գնահատականի հիմքում։ Պարզվում է, կտրոնների հետ կապված իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, թե աճել է ապրանքաշրջանառությունը, իսկ դա նշանակում է, թե տնտեսության վիճակն էլ զգալիորեն բարելավվել է։ Ուղիղն ասենք. ախտորոշումը սխալ է։ Ըստ էության, տրված կտրոնների գումարի աճը 31 մլրդ դրամով եթե անգամ վկայում է ինչ-որ բանի մասին, ապա բնավ ոչ ապրանքաշրջանառության ծավալի ավելացման, այլ ավելի շուտ՝ գների աճի։

Նշենք, որ անցած տարվա փետրվարից մինչև այս փետրվար Հայաստանում թանկացել է գրեթե ամեն ինչ։ Այստեղ, նախ, պետք է ուշադրություն դարձնել արժութային շուկայում առկա իրավիճակին։ Անցած տարվա փետրվարին դրամի փոխարժեքը դոլարի համեմատ կազմում էր 479 դրամ։ Մեկ տարվա ընթացքում այն ընկել է մինչև 524-ի, այսինքն՝ նվազել գրեթե 10% -ով: Իհարկե, դա չէր կարող համապատասխանաբար չանդրադառնալ գների վրա մյուս բոլոր շուկաներում։ Երկրորդ, անցած տարվա ընթացքում Հայաստանում պարենամթերքի գներն աճել են 6,4%-ով, իսկ ալկոհոլային և ծխախոտային արտադրանքը թանկացել է 10,8%-ով։ Թանկացել են կոշիկներն ու հագուստը, կոմունալ ծառայություններն ու առողջապահական համակարգի ծառայությունները. մի խոսքով՝ թանկացել է ամեն ինչ։ Եվ առավել քան օրինաչափ է, որ գների այդ աճն անդրադարձել է նաև ՀԴՄ կտրոնների գումարի վրա։ Սա նույնիսկ տարրական փաստ չէ, սա պարզապես փաստ է։

Ըստ էության, այս կառավարության տրամաբանությունը հանգում է նրան, թե գործնականում բոլոր շուկաներում գների համատարած աճը երկրի տնտեսության առողջացման լավատեսական նշան է…

Թեպետ, զարմանալի ոչինչ դրանում առանձնապես չկա։ Եթե պատերազմի խայտառակ արդյունքը կարելի է անվանել հաղթանակ, եթե Սյունիքում մեր սահմաններին թշնամու ընդհուպ մոտենալը կարելի է անվանել սյունեցիների անվտանգության աստիճանի բարձրացում,ապա ինչո՞ւ չի կարելի մահացող տնտեսությունն անվանել առողջացող։

Основная тема:
Теги: