Հայտնի է, թե ինչու հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է հետևյալը.

Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում ։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել առ այն, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը չի ներկայացրել ռազմատեխնիկայի ցուցանմուշները, տաղավարը եղել է դատարկ, ներկայացված են եղել միայն բուկլետներ, տեղեկացնում է AuroraNews.am: