«ՍՊՈՒՏՆԻԿ 5»-Ը ԵՎ ԴԱՐՎԻՆԻԶՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Իրավաբան-նախարարը խորհուրդ է տալիս ավելի հաճախ լինել… մաքուր օդում
Հայաստանը COVID-19 կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի առումով դասվում է ամենահետամնաց ու աղքատ երկրների շարքին, ապավինելով բացառապես այլ երկրների և ընդհանրապես միջազգային հանրության ողորմածությանը: Դա առավելևս տարօրինակ է, քանզի Ռուսաստանն այսօրվա դրությամբ աշխարհում միակ երկիրն է, որ արդեն ունի COVID-19-ի դեմ 3 պատվաստանյութ, իսկ առաջատար և աշխարհում առաջին Sputnik V-ն կիրառման համար հավանության է արժանացել 30 երկրներում։ Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, գործընկերը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։
Բավական է զարմանքով նկատել, որ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում միակն է, որ չօգտագործեց պատվաստանյութի համատեղ արտադրություն հիմնելու Ռուսաստանի առաջարկած հնարավորությունը, ընդ որում այդ չափազանց կարևոր ձեռնարկությունը հետագայում գործելու էր Հայաստանում: Ռուսաստանը Sputnik V պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիաներն արդեն փոխանցել է Բելառուսին ու Ղազախստանին, իսկ Ղրղզստանին օգնում է այդ նպատակով հիմնել նոր գործարան: Իսկ մեզ մնում է բնակչության համաճարակաբանական պաշտպանության և բժշկության ոլորտում ըմբռնելի և ողջամիտ քաղաքականության բացակայության պայմաններում բավարարվել միայն այլ երկրների տված ողորմությամբ և COVAX Facility-ի՝ աղքատ երկրների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման գլոբալ մեխանիզմի կարգի միջազգային նախաձեռնություններով։
Այսպիսով, Հայաստանի իշխանություններն ինչպես որ ապաշնորհ սկսեցին պայքարել համավարակի դեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրոք, երբ մեր երկիրը համաշխարհային հակառեկորդներ էր սահմանում վարակման և մահացության առումով, նույնքան անփառունակ էլ շարունակում են արդեն նոր նախարար Անահիտ Ավանեսյանի օրոք, որը Sputnik V-ն («Սպուտնիկ Վի») չգիտես ինչու անվանում է «Սպուտնիկ 5»։ Մանրուք է, բայց դա բավական պերճախոս բնութագրում է առողջապահության նախարարության և ընդհանրապես կառավարության կողմից համաճարակի վտանգի ընկալման մակարդակը, քանզի ռուսական առաջնային պատվաստանյութի անվանումն արդեն ստույգ գիտեն ողջ աշխարհում. Վենեսուելայից ու Արգենտինայից մինչև Գանա և Սան Մարինո։
Առհասարակ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունն ավելի շատ ապավինում է ոչ թե բնակչության շուտափույթ զանգվածային պատվաստմանը, այլ համավարակի «բնական» ընթացքին և կոլեկտիվ/հոտային իմունիտետի ձևավորմանը՝ դարվինյան բնական ընտրության ճանապարհով, երբ պոպուլյացիայի թույլ առանձնյակները այսպես թե այնպես պետք է մահանան։ Այլապես դժվար է բացատրել իշխանությունների դանդաղկոտությունն ու ինչ-որ տեղ նույնիսկ անհոգությունը պատվաստանյութ ձեռք բերելու և պատվաստման գոծընթացն օպերատիվ կերպով կազմակերպելու հարցում։
Ռուսաստանը Հայաստանին նվիրել է Sputnik V պատվաստանյութի 2 հազար չափաբաժին, այսինքն հաշվի առնելով կրկնակի պատվաստման անհրաժեշտությունը՝ այդ քանակը կբավականացնի ընդամենը հազար մարդու։ Լոկ կաթիլ՝ անհրաժեշտության ծովում, որից օգտվել «քաջաբար» շտապեցին Առողջապահության նախարարության աշխատակիցները՝ նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ։ Իսկ հետո՞։
Դատելով ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքերից՝ այսօր հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Դե, անվերջ հղում անել այն բանին, թե իբր՝ « ընթանում են բանակցություններ», իհարկե, կարելի է, բայց մի՞թե դա ցինիկ չէ հնչում է ինֆեկցիայի հետևանքով ամենօրյա մահերի արձանագրման խորապատկերին։ Մինչդեռ առ այսօր ոչինչ հայտնի չէ ո՛չ Հայաստանի բնակչության փոքրիշատե զանգվածային պատվաստման մեկնարկի, ոչ պատվաստանյութի գների, ո՛չ էլ այն մասին, թե ինչ պատվաստանյութի մասին է խոսքը։ Կարծես թե Հայաստանին Sputnik V պատվաստանյութի խմբաքանակի մատակարարումը (բացի նշված ոչ մեծ անհատույց խմբաքանակից) սպասվում է փետրվարի վերջին-մարտի սկզբին, եթե, իհարկե, նշյալ բանակցությունները չձգձգվեն։ Մնացած պատվաստանյութերի, այդ թվում ՝ COVAX-ի շրջանակներում սպասվողների մասին տեղեկատվությունը զրոյական է։
Առողջապահության նախարարությունը Sputnik V-ի մատակարարմանը սպասելիս մշակել է (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ փոխ է առել այն երկրներից, որտեղ դա արվել է շատ վաղուց), այսպես կոչված՝ ռիսկային խմբերը (բուժաշխատողներ, 65+ տարիքի քաղաքացիներ, որոշ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ և այլն), որոնց ներկայացուցիչներն առաջինը կպատվաստվեն, ընդ որում՝ պետության հաշվին: Մյուսներին մնում է պարզապես սպասել «բնության ողորմածությանը» և համենայն դեպս գումար պատրաստել պատվաստանյութի համար, որը (ո՜վ գիտե, թե ինչեր են լինելու) հնարավոր կլինի ստանալ մասնավոր կարգով։
«Մաքուր օդում լինելն օգտակար է... »,- այսպես է առողջապահության նախարար Ավանեսյանը, մասնագիտությամբ իրավաբանը, արտահայտվել այն առնչությամբ, որ գարնանն օրերը տաքանալուց հետո ժողովուրդը կշտապի մաքուր օդ, կավելանա մարդկանց շարժունակությունը և, համապատասխանաբար, կաճի համավարակի նոր ալիքի առաջացման վտանգը: Մի՞թե այս թեթևամիտ հայտարարությունը չի հիշեցնում վարչապետ Փաշինյանի մեկամյա վաղեմության անմահ ասույթները տնական արաղի, պինցետի ու շների մասին։ Ժողովուրդը շարունակում է ապաշնորհ իշխանությունից տարբեր առիթներով ստանալ կեղծ ազդակներ, կեղծ լուրեր ու վտանգավոր ուղերձներ։ Արցախում անփառունակ պատերազմից հետո իշխանությունը շարունակում է ճիշտ նույնպիսի անհույս պատերազմը «կորոնայի» դեմ…