«ԲԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑ ԱԶԳԻ ԿՈՂՔԻՆ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ»
«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն անպայման կմիանան»,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Ազգային ճակատի» ղեկավար, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։
-ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և կառավարության անհապաղ հրաժարականը: Որից հետո Փաշինյանն իր և կողմնակիցների հետ շրջեց փողոցներով, իսկ ընդդիմությունը հանրահավաք հրավիրեց։ Ի՞նչ է սպասվում։
-Ասեմ այսպես. Հայաստանի Հանրապետությունն այսօր, 33 տարի անց, կրկին ազգային վերելք է ապրում։ Երեք տարի առաջ, խաբելով ժողովրդին, երկրում իշխանության եկավ ապազգային ղեկավարություն, որը ոչ մի որոշում չընդունեց ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ի նպաստ ազգի և ժողովրդի։ Ողջ այս ընթացքում հակազգային իշխանությունը լոկ սպասարկել է թուրք-ադրբեջանական շահերը՝ ձգտելով իրականացնել մեր գոյաբանական թշնամիների պանթուրքիստական ծրագրերը, իսպառ ոչնչացնելով հայոց պետականությունը։ Այս ողջ ընթացքում մենք ունեցել ենք միայն կորուստներ։ Երկու օր առաջ Փաշինյանը հերթական անգամ հարված հասցրեց ռազմավարական դաշնակցի ՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, փաստացի ստելով ռուսական «չգործող» զենքի, մասնավորապես՝ «Իսկանդերների» մասին։ Երեք տարի շարունակ այդ մարդը փորձել է ոչնչացնել դիվանագիտական, ռազմավարական հարաբերությունները մեր դաշնակցի հետ և հիմա էլ շարունակում է նույնը անել։ Եվ հասկանալով, որ խոսքն արդեն վերաբերում է հայոց պետականությանը, միջազգային հարաբերություններին, մեր բանակին ուղղված վերջնական հարվածներին՝ Գլխավոր շտաբն արեց իր հայտարարությունը։ Բանակը կանգնեց ազգի կողքին՝ ի պաշտպանություն պետականության, բանակն ասաց իր խոսքը՝ պահանջելով Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, արձանագրելով, որ այս կառավարության բոլոր գործողություններն անհամարժեք են ու ի վնաս Հայաստանի և Հայաստանի ժողովրդի։
-Փաշինյանը հրավիրում է իր կողմնակիցներին, կարո՞ղ են արդյոք բախումներ լինել:
-Փաշինյանի ոճը միշտ էլ եղել են սադրանքներն ու բախումները։ Նա միշտ էլ ծարավի է եղել արյան. 2008-ի մարտի հայտնի իրադարձությունները դրա ապացույցն են։ Նույնը նա փորձում է անել հիմա, կարծելով, թե միայն ներքաղաքական բախումներով կարող է երկարաձգել իր իշխանությունը։ Նա փորձում է հավաքել ժողովրդին՝ թունավորելով նրան, հրահրելով բախումների։ Նա նույնիսկ քաջություն չունի խոսելու կատարվող ամենի իրական պատճառների մասին, ամեն ինչ հանգեցնում է ինչ-որ անձնական հավակնությունների ու վիրավորանքների, դրանով իսկ իջնելով ամենաստորին մակարդակի: Մենք չենք գնա սադրանքների և բախումների, որովհետև անկախ նրանից, թե որքանով են խաբված բնակչության ինչ-որ շերտեր, դրանք այնուամենայնիվ մեր համաքաղաքացիներն են, մեր ժողովուրդը, մենք պատասխանատու ենք նաև նրանց համար։ Միակ քայլը, որ պետք է անի Նիկոլը, հրաժարականն է, այլ ոչ թե արտահերթ ընտրությունները։ Մենք չենք կարող նույն հարթության վրա լինել դավաճանի հետ։ Նա պետք է հրաժարական տա և պատասխանատվության ենթարկվի իր ողջ թիմով հանդերձ։ Որից հետո պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, իսկ այնուհետ՝ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։
-Ակնկալո՞ւմ եք ոստիկանության միացումը զինվորականներին:
-Անշուշտ: Երբ բանակը ժողովրդի հետ է, երբ բանակը կանգնել է պաշտպանելու պետականությունը, իսկ մենք կանգնած ենք մեր բանակի կողքին, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն որոշ ժամանակ անց անպայման կմիանան։ Քանզի Հայաստանում չկա մի մարդ, մի որևէ ուժ, որը պատրաստ է դուրս գալ սեփական զինվորի դեմ։ Մենք միշտ բանակի կողքին ենք, բանակը միշտ եղել է մեր անվտանգության միակ երաշխավորը։ Յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր քաղաքացի կկանգնի կողք-կողքի. դա օրերի, գուցե նույնիսկ ժամերի հարց է։ Փոփոխություններ լինելու են, և մենք վերջապես, մեր պատմության ծանրագույն շրջանից, պատերազմից, պարտությունից, հողերի հանձնումից հետո, կարողանալու ենք սկսել երկրի արարման նոր փուլը։