Ավինյանի գրասենյակ․ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա

Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այս մասին News.am-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», և պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»։

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ էության, նպաստում է Կարմիր խաչի ու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընթացող գերիների փոխանակման գործընթացի խաթարմանը: Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այդօրինակ գործողություններն ու հայտարարությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն ու տրամաբանությանը, մասնավորապես՝ դրա 8-րդ կետին, որտեղ նշվում է, որ «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ռազմագերիները, որոնք եղել են իրենց մոտ, բոլորին վերադարձրել են։

«Այդ մարդիկ (Ադրբեջանի կողմից պահվողները) այդ կատեգորիայի մեջ չեն մտնում, դրանք ահաբեկիչներ և դիվերսանտներ են, և Հայաստանի կողմից ցանկացած սպեկուլյացիա անտեղի է»,-ասել է Ալիևը։