Սիրանուշ Սահակյան․ Ռազմագերիների հարցով մտնում ենք տևական պայքարի փուլ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ ռազմագերիների վերադարձման առնչությամբ կտրուկ մերժողական մոտեցում է որդեգրել, որը, ըստ էության, իր մեջ ունի նաև քաղաքական պատճառներ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Ալիևը հայտարարել էր, որ բոլոր հայ գերիներին վերադարձրել է, իսկ ովքեր մնացել են, դիվերսանտներ են:

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Ադրբեջանի նախագահը դա անում է բացահայտ կերպով՝ չվախենալով պատասխանատվությունից.

«Փոխկապակցվածություն եմ տեսնում Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների միջև։ Փաշինյանն ընթացող բանակցություններից դուրս՝ Ալիևին հրապարակային մեղադրեց սակարկությունների մեջ։ Դրան ի պատասխան՝ Ալիևի կողմից եղավ կոշտ արձագանք, որով ցույց տվեց, որ ըստ անհրաժեշտության նաև չի համագործակցի, չի վերադարձնի հայ ռազմագերիներին։ Հայաստանի իշխանություններն ունակ չեն որևէ բան փոխելու։ Կարծում եմ՝ դրդապատճառները քաղաքական են»։

Փաստաբանի կարծիքով՝ այդպիսով Հայաստանը մտնում է տևական պայքարի փուլ, և խնդիրը կարողանալու ենք լուծել բացառապես իրավական ճանապարհով.

«Որպես իրավական ճանապարհին այլընտրանք կարող է լինել միջազգային կառույցների լուրջ ճնշումները, որոնք պետք է զուգակցվեն պատժամիջոցների կիրառմամբ։ Այսինքն՝ մի տարբերակը որ Եվրոպական դատարանը հարցը քննարկի, որոշ ժամանակ անց և վճիռներով արձանագրի ռազմագերու կարգավիճակը, ապօրինի ազատությունից զրկվելը և անհապաղ պահանջի ազատ արձակել, երկրորդը, որ այս ընթացքում լրջագույն կառույցներ՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն դատապարտող հայտարարություններ կատարեն, որին էլ հաջորդի պատժամիջոցների քննարկումը։ Եթե այս երկրորդ զարգացումը տեղի չունենա, մենք կարողանալու ենք միայն իրավական վճիռներից հետո վերահսկողությամբ ապահովել վերադարձը հայրենիք»։

Դիտարկմանը, որ եթե Ադրբեջանը պահում է հայ ռազմագերիներին որպես դիվերսանտների, ուստի պետք է քրեական հետապնդման ենթարկի, մարդու իրավունքների շատ լուրջ երաշխիքներ տրամադրի, Սահակյանն արձագանքեց, որ դրանք կլինեն ձևական գործընթացներ.

«Ձևական գործընթացներ կապահովեն՝ թարգմանիչներ, հանրային պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչներ, փաստաթղթերի տակ ստորագրելու են, և մենք ունենալու ենք փաստաբանի ձևական ներգրավվածությամբ դատական պրոցեսներին, որոնք տևելու են վայրկյաններ, բայց փաստաթղթավորվելու են որպես տարիներ տևած գործընթաց։ Այդ ամենի հետևում լինելու են կեղծված ցուցմունքներ, անգամ հայ ռազմագերիներիների մասնակցությամբ կյանքի սպառնալիքի ներքո վերցված ցուցմունքներ և վկայություններ են տալու այս կամ այն անձին ներգրավվածությամբ հանցագործությունների մասին։ Այլ հարց է, որ այդ խնդիրները գտնվում են Եվրոպական դատարանի քննության մեջ։ Դատարանն ինքն էլ է գնահատելու՝ արդյոք այս անձինք դիվերսանտներ են և արդյոք այդ քրեական գործերը արհեստական չեն։ Եթե դատարանն ուսումնասիրի և վերջնական հետևության գա, որ ռազմագերիներ են, այստեղ որևէ կառույց չի համակերպվելու կամ չի ընդունելու ադրբեջանական իշխանությունների շնորհած կարգավիճակը»։

Հարցին, ըստ իրեն, Ադրբեջանը կգնա հայ ռազմագերիներին սպանելու ճանապարհով, փաստաբանը բացառեց, որ հաստատված ռազմագերիների դեպքում Ալիևը գնա այդ ճանապարհով.

«Դա արդեն այլ կարգի մարտահրավեր կլինի ողջ միջազգային հանրությանը, ավելորդ գլխացավանքներ, որոնց կարիքն ադրբեջանական իշխանությունները չունեն։ Այլ հարց է, որ անհայտության մեջ մնացած բազում զինծառայողներ կարող են կամայական վարվեցողության ենթարկվել, որի արդյունքում անդառնալի վնասներ լինեն և կյանքի իրավունքից զրկման դեպքեր ևս արձանագրվեն»։

Հարցին, թե քանի ռազմագերու մասին է խոսքը, Սահակյանը ներկայացրեց. «Այս պահին կարող ենք հստակ նշել, որ անհերքելի ապացույցներով շուրջ 130 անձ դեռևս պահվում է Ադրբեջանում։ Մենք դրան գումարած ունենք 100-ից ավելի դեպքեր, երբ գերեվարման հանգամանքները որոշակի ապացույցների հիման վրա ենք հաստատել։ Եթե գումարենք բոլորը, մոտ 300 հոգու մասին է խոսքը»։

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձմանը և հարցին՝ սպասենք առաջիկայում գերիների վերադարձի՝ Սահակյանն ասաց, որ առաջիկա օրերին դրական տեղաշարժ չի սպասում՝ հաշվի առնելով հայտարարությունները, որոնք հետընթաց են արձանագրում գործընթացում։