«ՇԻՇ ԲՌՆՈՂՆԵՐԸ» ՈՂՋՈՒՆՈ՛ՒՄ ԵՆ ՔԵԶ
Մարտի 1-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիան հաստատեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ավելի վաղ հնչեցրած պահանջը՝ պաշտպանելով ԶՈՒ գլխավոր շտաբի դիրքորոշումը, զորակցություն հայտնելով բանակին և իշխանություններից պահանջելով «զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից»: Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի օրերին գրեթե ամեն ժամ հրապարակվում են հայտարարություններ պետական, հասարակական, ռազմականացված, գիտական, ստեղծագործական այս կամ այն կառույցների կողմից, որոնք լիակատար աջակցություն են հայտնում Զինված ուժերին և պահանջում Փաշինյանի անհապաղ հրաժարականը վարչապետի պաշտոնից:
Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդդիմության ակտիվացման առաջին փուլում գրեթե բոլոր կարևորագույն ինստիտուտներն ու կազմակերպությունները՝ ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, հստակ ու միանշանակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը. Հայաստան՝ առանց Փաշինյանի: Բոլորին թվարկելն անիմաստ է, նշենք միայն, որ այդ մասին հայտարարել են Կաթողիկոսներ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն, Հայաստանի նախագահը, Գիտությունների ակադեմիան, Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները, Սփյուռքի խոշորագույն կազմակերպություններն ու հայ մտավորականության ներկայացուցիչները։ Ընդ որում, չի եղել փոքրիշատե նշանակալի որևէ կառույց, որ հանդես գար Նիկոլ Փաշինյանի օգտին։
Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ Գլխավոր շտաբի փետրվարի 25-ին հրապարակած բեկումնային հայտարարությունից հետո իրավիճակը փաստացի դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Եվ հասարակական-քաղաքական գլխավոր դիսկուրսը ձևավորվում է հենց այդ հայտարարության նկատմամբ վերաբերմունքի շուրջ, ընդ որում՝ միանգամից մի քանի պատճառներով։ Դրանցից գլխավորն այն է, որ Հայոց բանակն արդարացիորեն դիտվում է որպես հայկական ինքնության, ազգային արժեքների բաստիոններից մեկը և երկրի անվտանգության երաշխավորը, հենց այդ պատճառով էլ դառնալով վարկաբեկելու և արժեզրկելու նպատակով ձեռնարկվող հարձակումների թիրախ։ Այդ համատեքստում ամենևին էլ պատահական չեն նաև Ալիևի հիստերիկ վայրահաչոցները Հայոց բանակի դեմ։ Ինչպես որ պատահական չէ այն փաստը, որ Իսկանդերների մասին Փաշինյանի սկանդալային հայտարարության ուշացած «պարզաբանման» մեջ նրա մամուլի խոսնակն ակնհայտորեն փորձեց մեղքի սլաքները կրկին ուղղել բանակային հրամանատարության վրա։
Այս տեսանկյունից բավական ուշագրավ է մատնանշել նրանց, ովքեր պաշտպանեցին իրեն վարչապետ համարող անձին՝ Զինված ուժերի դեմ իր հակապետական արշավում։
Նախ, անմիջապես ձայն հնչեցրին միջազգային կառույցներն ու երկրները, որոնք ներկայանում են իբրև ժողովրդավարության ու մարդու իրավունքների ջատագովներ։ Այսպես, Հայաստանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները հանդգնեցին քննադատել Գլխավոր Շտաբին, ինչն ակնհայտորեն վեր է նրանց լիազորությունների շրջանակներից։ Պատահական չէ, որ խիստ քննադատությունից հետո Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունն արդեն ծայրաստիճան զուսպ էր և կոչ էր անում հանգուցալուծել ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով: Պետդեպարտամենտը նույնպես ծուլորեն մեղադրեց Գլխավոր շտաբին քաղաքական գործընթացներում ներգրավվածության մեջ, սակայն տեղի ունեցող ամենը «ռազմական հեղաշրջում» չանվանեց: Մնացած բոլոր արձագանքները «իրավիճակի խաղաղ կարգավորման» շրջանակներում էին։
ԳՇ-ի հայտարարությունը իբրեվ «ռազմական հեղաշրջում» գնահատելու հարցում Փաշինյանին աջակցեց միայն ու միայն Թուրքիան, ընդ որում՝ միանգամից մի քանի պետմակարդակով. ԱԳՆ-ի, նախագահի մամլո քարտուղարի և անձամբ Էրդողանի։ Ավելի պերճախոս վկայություն, թե արտաքին ուժերից որն է առաջին հերթին փորձում ամեն գնով պահել իրեն ձեռնտու իշխանությունը Հայաստանում, պարզապես դժվար է գտնել։ Պաշտոնական Երևանը տերերին իր «երախտապարտությունն» արտահայտեց նրանով, որ բացարձակապես չարձագանքեց Հայաստանի ներքին գործերին կոպիտ միջամտությանը այն պետության կողմից, որն ընդամենը 4 ամիս առաջ իր մահաբեր ԱՕԹՍ-ներն ուղղում էր հայկական Արցախի ոչնչացմանը։ Հայ ժողովրդի դեմ Թուրքիայի մյուս ծանրագույն հանցագործությունների մասին տվյալ դեպքում պարզապես կլռենք։
Երկրի ներսում տիրող իրավիճակը նույնպես բավական ցուցանշական է։ Նիկոլին աջակցում են բացառապես յուրայինները. իրենց խմբակցությունը ԱԺ-ում ու Երևանի ավագանիում, աթոռները չկորցնել փորձող իրենց նախարարները, իշխանական սեղանից վերջին փշրանքները պոկելու հուսահատ փորձեր կատարող իրենց գաճաճ կուսակցություններն ու իրենց «սև զուգագուլպաները», որոնք այսօր ընձառյուծի նախշով շորեր են հագել։ Ինչպես նաև գլխովին իրենց պատկանող «շիշ բռնողները»՝ ի դեմս Հայկ Սարգսյանի, որը եղբոր՝ Նաիրիի հետ միասին առկա է գրեթե բոլոր սկանդալային հաղորդագրություններում. լինի դա անհայտ կորածների ծնողների զգացմունքների ցինիկ շահարկումը, թե քրեական խմբավորումների մոբիլիզացումը՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար։
Չկա ոչ մի նշանակալի կառույց կամ հասարակության հարգանքը վայելող ու ճանաչված որևէ անձ, որը կհայտարարի իշխանություններին սատարելու մասին։
ԶՈՒ Գլխավոր շտաբի դեմ միահամուռ հանդես եկող կազմակերպությունների և գործիչների մյուս ենթաշերտը այսպես կոչված սորոսաճտերն են, այսինքն ՀԿ-ները, որոնք երկար տարիներ աշխատել են Հայաստանի ու Արցախի պետականության դեմ և քայքայել հայ ժողովրդի ազգային հիմքերը միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներով։ Դրանց մեջ կան նաև «իրավապաշտպան» կազմակերպություններ, որոնք լռել են և շարունակում են լռել, ոչ մի կերպ չարձագանքելով իշխանությունների կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարության բազմաթիվ խախտումներին, մի բառ անգամ չասելով Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին և բացարձակապես չփորձելով նպաստել հայ գերիների վերադարձին։
Փոխարենը՝ նրանցից շատերը (ի պատիվ ոմանց՝ ոչ բոլորը) համերաշխ վրդովվեցին Գլխավոր շտաբի դիրքորոշումից, գնահատելով վերջինիս հայտարարությունն իբրև «հակասահմանադրական, ներքաղաղաքական հարցերում զինված ուժերի չմիջամտելու սկզբունքի և սահմանադրական նորմի խախտում, ինչը իրական և ծանր սպառնալիքներ է առաջացնում Հայաստանի համար»։ Ցուցանշական է, որ «շտապ հայտարարության» տակ ստորագրել են ոչ թե կազմակերպություններ, այլ առանձին մարդիկ. ընդամենը 8 հոգի, որոնցից միայն կեսն են քիչ թե շատ հայտնի գործիչներ. Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը, Ստեփան Գրիգորյանը, Դանիել Իոննիսյանը։ Նրանք, ում համար սպառնալիքներ է ծնում ոչ թե Հայրենիք հանձնող իշխանությունը, այլ Բանակը, որը հաստատել է երկրի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը։ Եվ արժե՞ արդյոք զարմանալ, եթե հաշվի առնենք, որ Նիկոլի անխուսափելի հեռացումից հետո կավարտվի նաև իրենց «թավշե» ժամանակաշրջանը, հանուն որի նրանք այդքան ջանասիրաբար տքնում էին դրամաշնորհների դիմաց, գերազանց հասկանալով, որ գործում են ընդդեմ սեփական պետության շահերի։
Այսպիսին է նրանց գրեթե ամբողջական ցուցակը, ովքեր մնացել են Փաշինյանի հետ՝ տարբեր ոլորտների կազմակերպությունների, կառույցների ու գործիչների այն ահռելի բազմությունից, որոնք ժամանակին ամուր ու վճռական կանգնած էին նրա կողքին։ Այսօր այդ սուբյեկտը ստիպված է բավարարվել քաղաքականության ոլորտում մի քանի «մարդ-կուսակցությունների», հասարակական դաշտում՝ մի քանի «սորոսականների» աջակցությամբ և ապավինել «շիշ բռնողների» ապօրինի գործողություններին ու առ այսօր չտեսնված մասշտաբի վարչական լծակների կիրառմանը՝ իր հանրահավաքի մասնակիցների սակավաթվությամբ չխայտառակվելու համար։
Եվ սա ամենն է, ինչ մնացել է «ժողովրդական վարչապետից», որն ընդամենը երկու տարի առաջ ազդարարում էր, թե «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Մի տեսակ չափազանց նկատելի են նեղացել «ընտանիքի» շրջանակները, այնպես չէ՞։ Եվ «շիշ բռնողներն» էլ ակնհայտորեն չեն ձգում մահապարտ-գլադիատորների դերին…