Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Արշակ Վարդանյանը

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար -գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Հակոբ Ենոքյանից։

Նրա փոխանցմամբ՝ բողոքի քննությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորներից է։ 2021թ մարտի 3-ի դրությամբ՝ Վարդանյանի վարկանիշը 68 միավոր է։

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանն արգելանքի տակ է փետրվարի 19-ից. ԱԱԾ-ն նախ խուզարկություններ էր կատարել նրա տանն ու աշխատասենյակում, ապա հայտարարել է, թե նրան ձերբակալել են ֆեյսբուքյան ֆեյքի գործով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ նրան կալանավորելու սանկցիա տվել։ Պաշտպանը վերաքննիչ բողոքով վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։

Նշենք, որ քննիչի որոշմամբ Արա Սաղաթելյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք էր դրվել, որը տարածվում էև նաև ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ և երեխայի վրա։ Պաշտպանի միջնորդությունից հետո քննիչի որոշմամբ վերացվել է ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակումը։

Հատկանշական է, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։

2020 թվականի պատերազմի առաջին օրերից ևս գտնվել է Արցախում և աջակցել միջազգային լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպմանը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակման մանրամասները լուսաբանելիս։ և հենց այդ օրերին, երբ իշխանությունները պատրաստվում էին կապիտուլյացիայի ակտն ստորագրել, 2020 թվականի նոյեմբերի 8-ին, իշխանական քարոզիչները նրա դեմ սկսեցին սև քարոզչություն իրականացնել՝ զրպարտող բնույթի տեղեկություններ տարածելով։ Դրանք շատ արագ հերքվեցին, հարուցվեցին դատական գործեր, սակայն Նիկոլ Փաշինյանը խրախուսեց Արա Սաղաթելյանին զրպարտելու գործում առանձնակի ակտիվ դերակատարություն ցուցաբերած «ֆեյքերի ֆաբրիկայի» Տարոն Չախոյանին՝ նրան նշանակելով կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այդպիսով ապացուցելով, որ հենց ինքն է կանգնած Արա Սաղաթելյանի դեմ հետապնդումների հետևում։

Ինքը Արա Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել էր մտասևեռվածություն ու զգուշավորություն կա իր անձի նկատմամբ և միջոցներ են ձեռնարկում իրեն վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ զերծ պահելու համար ։

Փորձագիտական համայնքն արդեն հայտարարել է, որ Արա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ նրան դիտարկելով որպես քաղբանտարկյալ։