Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան, տեղեկացնում է Sputnik Armenia:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:

Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:

Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:

«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»: