ԱՅԴ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՎԱԾ ԷՐ

Երևանում կայացավ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նա պատասխանեց մեր երկրում ընթացիկ ներքաղաքական զարգացումները լուսաբանող ռուսաստանցի լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսին մասնակցեցին դաշնային և լայն մասսայականություն վայելող այլ ռուսական հեռուստաալիքներ, մասնավորապես՝ Առաջին ալիքը, «Ռոսիա» հեռուստաալիքը, ՆՏՎ-ն, ՌԵՆ ԹիՎ-ին, ՌԲԿ-ն, «Դոժդը», ինչպես նաև Ռուսաստանի մի շարք խոշորագույն լրատվական գործակալությունները, այնպիսիք, ինչպիսիք են Russia Today-ը, «Սպուտնիկը», ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ՌԻԱ «Նովոստին»։

Ես իսկապես աջակցել եմ Հայրենիքի փրկության շարժմանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի վերանայման հարցի հնարավորությունը չի քննարկում։ Նման կարծիք Քոչարյանը հայտնել է ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Երկրի նախկին ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք նա չի պատրաստվում առաջնորդել այդ շարժումը։

Քոչարյանը նշել է, որ ինքն իսկապես աջակցել է շարժմանը, և այդ շարժմանը հաջողվել է իր շուրջ համախմբել հասարակության զգալի մասին։

Քոչարյանի խոսքով` շարժման ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Մանուկյանն այդ ընտրություններին չի մասնակցելու։

Այդ առումով, ըստ Քոչարյանի, Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեն, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել այսքան լուրջ պատասխանատվություն։

Չեմ պատրաստվում իմ կուսակցությունը ստեղծել, բայց և չեմ էլ բացառում

Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել։ Այդ մասին նա հայտարարեց ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։ Հավանաբար ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա։

Նա որպես օրինակ բերեց իր նախագահության տարիները, հիշեցնելով, որ խորհրդարանում կոալիցիա էր գործում, որի օրոք երկիրը տնտեսական նշանակալի հաջողություններ է ունեցել։

Անդրադառնալով ընդդիմության՝ այս օրերին ընթացող բողոքի ակցիաներին, նա իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել դրանց։

Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր

Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղյան 44–օրյա պատերազմում պարտությունը ծրագրված էր Հայաստանի իշխանությունների կողմից,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել ևս պատերազմից հետո, շատ լուրջ կասկածներ հայտնվեցին իշխանությունների և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներ հայտնվեցին իմ, երկու գեներալ-գնդապետի, երրորդ նախագահի և մարդկանց այլ խմբերի մոտ»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով ՝ առաջ եկած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որևէ բացատրություն չկա։

«Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ որևէ բացատրություն տալ։ Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ պատերազմի 4-րդ օրն իսկ իմանալով, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին գլխավոր շտաբից)»,–ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ սրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։ Այս հարցերի առնչությամբ պատասխանների բացակայությունը կարող է ցանկացած ենթադրության տեղիք տալ։

 «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»,–նշել է Քոչարյանը:

Նա չի հասկանում, թե ինչու են պատերազմից առաջ շատ փորձառու գեներալներ պաշտոնանկ արվել։

Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին

Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա նրանք պետք է ինքնասպանություն գործեին Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Մեզ, իհարկե, հայտարարությունը դուր չի գալիս։ Բայց լավ համաձայնագիր ունենալու համար պետք է հաղթել պատերազմում կամ էլ գոնե չպարտվել։ Բայց մենք ունեցանք 1.5 էջանոց հայտարարություն` այնինչ նման հարցերը չեն լուծվում 1.5 էջով։ Այժմ պետք է մանրամասն մշակել բազմաթիվ փաստաթղթեր»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, սակայն, իշխանությունները չեն կարող դա անել ո՛չ ինտելեկտուալ առումով, ո՛չ էլ պրոֆեսիոնալ կամ բարոյական առումներով։

Հիմա նրանք, ըստ երկրորդ նախագահի, արժանապատվորեն բանակցել չեն կարող։

Քոչարյանը նշում է` եթե իշխանությունը մտածեր երկրի մասին, ապա կգնային ՝ իրենց տեղը զիջելով նրանց, ովքեր կարող են բանակցել

«Իշխանությունը նոյեմբերի 10-ին պետք է ծնկի գար, ներողություն խնդրեր ժողովրդից։ Եվ եթե արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին»,–իր խոսքն ամփոփեց Քոչարյանը։

Նախագահը պետք է կողմնորոշվի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը ահազանգ էր այն մասին, որ իշխանությունը խոչընդոտում է բանակի ամրապնդմանն ու վերականգնմանը։ Ընդ որում, խանգարում է համակարգային մակարդակով,- կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարյանը կարծում է, որ վարչապետը «Իսկանդերի» թեմայով աղմկահարույց պատմությունից հետո պետք է ներողություն խնդրի Գլխավոր շտաբից և անձամբ գեներալ Տիրան Խաչատրյանից։ Սակայն դրա փոխարեն վարչապետը Տիրան Խաչատրյանին ազատեց պաշտոնից։

Հարձակումները բանակի, գեներալների վրա երեք տարվա ընթացքում հաջորդում էին միմյանց, կրկնվում պարբերաբար։ Սա, ըստ Քոչարյանի, պատերազմում պարտության պատճառներից մեկն է. իշխանության քայլերը պետք է կանխատեսելի ու հասկանալի լինեն։

«Նման ռեժիմով անհնար է երկիր կառավարել։ Գլխավոր շտաբի դեպքը փաստում է երկրում տիրող անհույս վիճակի մասին»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` ՀՀ Սահմանադրությունը նախագահ Արմեն Սարգսյանին գործողությունների երեք տարբերակ է առաջարկում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացման հարցով։

Առաջին տարբերակն այն է, որ նախագահը համաձայնվում է Փաշինյանի առաջարկին և ստորագրում այն, իսկ երկրորդը` նախագահը չի ստորագրում հրամանագիրը, բայց այն ուժի մեջ է մտնում, երրորդը`իրավական դաշտում է փորձում լուծում գտնել։

Ըստ Քոչարյանի` ստացվում է, որ առաջին երկու տարբերակի դեպքում էլ նախագահը համաձայնվում է վարչապետի որոշման հետ։

Քոչարյանը կարծում է, որ նախագահը պետք է կողմնորոշվի` ի վերջո կո՞ղմ է, թե դեմ. որևէ խոչընդոտ չկա, որպեսզի նախագահն արտահայտի իր հստակ տեսակետը։

ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր

Փորձագետները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսերը գնահատում են մոտ 3 մլրդ դոլար, ասել է Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ նախկին նախագահի խոսքով՝ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա ուժեղանում է։ Մենք, որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, պարտվեցինք, Ադրբեջանը, որպես Թուրքիայի դաշնակից, հաղթեց։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է Ռուսաստանի հետ ինտեգրման այնպիսի բանաձև գտնենք, որը թույլ կտա արագ վերականգնել մեր ԶՈւ-ն»,-ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը, թաքնվելով ռազմական գաղտնիքի հետևում, չի խոսում ոչ նյութական, ոչ էլ մարդկային կորուստների մասշտաբների մասին։ Սակայն վերականգնման համար, փորձագետների գնահատականներով, մոտ 3 մլրդ դոլար է անհրաժեշտ ։

«Պետք է ԶՈւ-ն վերականգնել որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, իսկ դրա համար արդյունավետ կառավարում է պետք»,-նշել է Քոչարյանը։

Նա շեշտել է, որ հսկայական աշխատանք է սպասվում. պետք է ունենալ համախմբված հասարակություն, ինտելեկտուալ էլիտա, որն ունակ է գիտակցել սպառնալիքներն ու լուծումներ գտնել։

Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման

Սորոսի գլխավորած կազմակերպության և նմանատիպ այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանին տանում են դեպի ինքնաոչնչացում,- կարծում է ՀՀ երկրորդ նախագահը` մեկնաբանելով «սորոսականների» ակտիվ մասնակցության հարցը Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։

Հայաստանի նման երկրի համար, որը հարևան է այն երկրների հետ, որոնք չեն կիսում նեոգլոբալիստական արժեքները, ըստ Քոչարյանի, «սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման:

«Մենք պետք է հակազդենք սրան»,–ասել է նա։

Լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանում Սորոսի հիմնադրամը բացվել է դեռ իր նախագահության շրջանում, Քոչարյանը նշել է, որ նույնիսկ տեղյակ չի եղել այդ մասին։

«Հայաստանում Սորոսի գրասենյակը նախկինում ուղղակի ոչ կառավարական կազմակերպություն էր, որը որևէ լուրջ ազդեցություն չի ունեցել երկրի ներքին գործընթացների վրա։ Բայց հետո նրանք իրենց տեղը պնդացրին` ստանալով հսկայական ֆինանսավորում»,–ասաց Քոչարյանը։

Նա համոզված է` Սորոսի արժեքները հակասում են այն դերին, որ ստանձնել է Հայաստանը տարածաշրջանում։

Կարծում եմ իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնեմ

Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել է, որ կասկածում է, որ պատերազմի օրերին դեպի Մոսկվա նախատեսած իր այցը, որի ժամանակ պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպեր, հայաստանյան գործող իշխանությունները հատուկ են վիժեցրել։

Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Քոչարյանին քննչական մարմինը վերադարձրել է անձնագիրը, քանի որ նա պիտի գնար Ռուսաստան` պատերազմի օրերին օգնության տրամադրման հարցերը քննարկելու համար։ Սակայն դրան հաջորդեց հայտարարությունը, որ Քոչարյանի` Մոսկվա այցը չեղարկվել է, քանի որ նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եկել։

«Ըստ էության, շատ մութ պատմություն էր իմ թեստի պատասխանին առնչվող դեպքը։ Ես մի օր կպատմեմ այդ մասին, բայց միայն իշխանափոխությունից հետո։ Ես չեմ ուզում վատ դրության մեջ դնել մարդկանց, որոնք ինձ մանրամասներ են հայտնել այդ մասին։ Սակայն հարցն այն է, որ կորոնավիրուսի թեստից հետո ես հակամարմինների թեստ հանձնեցի, որի պատասխանը բացասական էր»,–պատմեց Քոչարյանը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը` Քոչարյանը հիմնավոր կասկածներ ունի, որ իրականում իրեն ուղղակի թույլ չեն տվել մեկնել Ռուսաստան։

Ռոբերտ Քոչարյանը հավելեց, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ շփումներ չի ունեցել, սակայն նա հնարավորություն ունեցել է իրավիճակի վերաբերյալ իր նկատառումներն ու դիրքորոշումը փոխանցել Ռուսաստանի ղեկավարությանը:

Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հայ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ նախկին նախագահը ենթադրում է` գեներալները չեն ուզում, որ անգամ իրենց ամենափոքր գործողությունն ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ։

«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը։ Օրինակ, նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայի դեպքը կամ էլ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը»,–ասել է Քոչարյանը։

Նախկին նախագահն ընդգծել է`չէր ցանկանա, որ իր խոսքերն ընկալվեն որպես ինչ-որ մեկին որևէ տեղ ներքաշելու փորձ: Իր կարծիքը, ինչպես նշել է նա, զուտ վերլուծական հիմնավորում է։

Ինչո՞ւ եղավ «թավշյա հեղափոխությունը»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին առանձին բանակցություններ չեն եղել,- ասաց Քոչարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է բողոքի ակցիաներին, ընդդիմադիր շարժման մի մասն է, որին ինքն էլ աջակցում է: Այլ ձևաչափով համագործակցության քննարկումներ չեն եղել։

«Առայժմ մենք նման քննարկումներ չենք ունեցել։ Բոլոր կուսակցությունների հետ այդպիսի քննարկումներից զերծ եմ մնում, որպեսզի չընկալվի որպես զուգահեռ գործընթաց»,-նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին, թե նա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեղավորներից մեկն է՝ Քոչարյանը ձեռնպահ մնաց գնահատականներից։

«Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել։ Ինձ համար 2018-ի իրադարձություններն անհասկանալի են։ Չէի կարծում, որ մեր ժողովրդին հնարավոր է այդպես մանիպուլացնել։ Որ տեխնոլոգիաների կիրառումը կարող է այդքան արդյունավետ ազդել հայ հասարակության վրա»,-ասաց Քոչարյանը։

Մյուս կողմից, նրա խոսքով, ինքը քննադատել է ՀՀԿ-ն այն ժամանակ, երբ այն իշխող կուսակցությունն էր։

 «Կային խնդիրներ, որոնք հանգեցրին այդ գործընթացներին։ Բայց այստեղ ակնհայտ էր նաև տեխնոլոգիաների կիրառումը, աշխարհաքաղաքական բաղկացուցչի առկայությունը, արտաքին, ոչ հայկական ուժերի ակտիվ միջամտությունը»,-նշեց Քոչարյանը։

Վրեժի ծարավը թույն է

ՀՀ նախկին նախագահը հայտարարեց, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վրեժխնդրության մասին նույնիսկ չի մտածում:

Նախկին նախագահին հարցրել են, թե ինչ պետք է սպասի Փաշինյանը, եթե ինքը՝ Քոչարյանը, իշխանության գա։ Նա հայտարարել է, որ իր կյանքի ընթացքում երբեք չի առաջնորդվել վրեժի սկզբունքներով։

«Վրեժն իրականում թույլ և թերարժեք մարդկանց ուղին է։ Այդ առումով շատ դիպուկ են Նելսոն Մանդելայի խոսքերը «Վրեժի ծարավը թույն է, որը խմում ես, մտածելով, թե այդ թույնը քո թշնամիներին է սպանում»»,-ասել է Քոչարյանը։

Նա ավելացրել է, որ հավակնում է մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել։ ՀՀ նախկին նախագահն իր մեջ երկիրը ղեկավարելու համար բավականաչափ փորձ է զգում և պաշտպանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ընդդիմության և զինվորականների պահանջները:

Միաժամանակ նա կարծում է, որ Հայաստանին մեկ տարի ժամկետով անցումային շրջան է հարկավոր։

Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել։ Նրան մեղադրել են 2008 թ-ի մարտին սահմանադրական կարգը տապալելու համար։ 2018 թ-ի հուլիսից Քոչարյանը երեք անգամ կալանքի տակ է եղել։ 2020 թ-ի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան կալանքից ազատել էր խոշոր գրավի դիմաց։

Քոչարյանը գործը շինծու է համարում և հայտարարում է քաղաքական հետապնդման մասին։

Մարտի 1-ի դեպքերը ներկայիս իրավիճակի համեմատ «մանկական խաղեր» են

Հայաստանի իշխանությունները ռազմական դրության ռեժիմը չեն վերացնում, որպեսզի թույլ չտան իրենց անվստահության քվե հայտնեն,- կարծում է Ռոբերտ Քոչարյանը։

«Մարտի 1-ի դեպքը «մակական խաղեր» է այն բանի համեմատ, ինչ հիմա է կատարվում։ Արդեն մեկ տարի է, որ արտակարգ դրության պայմաններում ենք ապրում։ Արդեն 4 ամիս է, ինչ պատերազմը դադարեցվել է, իսկ ռազմական դրությունը գործում է։ Ռազմական դրության ռեժիմը պահպանելու ողջ իմաստն այն է, որպեսզի իշխանությանն անվստահություն չհայտնեն»,–ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի հարցով իր դեմ հարուցված քրգործին, երկրորդ նախագահը նշեց, որ իշխանությունը չի ուզում քրգործն ավարտին հասցնել, այլ փորձում են այն 7-8 տարի ձգձգել։

Նրա խոսքով` ո՛չ ինքը, ո՛չ էլ փաստաբանները չեն հասկանում իրեն վերագրվող մեղադրանքի` Սահմանադրական կարգի տապալման և 2008-ին իր կողմից հայտարարված արտակարգ դրության կապը։

«Ես մինչև հիմա ինձ վերագրվող մեղադրանքի էությունն այդպես էլ չեմ հասկացել»,–ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ զանգվածային անկարգություններ են եղել, որոնց ժամանակ նաև մեծ թվով ոստիկաններ են տուժել։

Sputnik Armenia-ի նյութերով