ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼ Է, ՈՉ ԹԵ ԴԱՍԱԼԻՔ. ՆԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ

Գարնանային սրացում

«Հայոց բանակը փորձում են գլխատել թուրքական ծրագրով և Թուրքիայի հանձնարարությամբ։ Փաշինյանը սկսեց գործընթացը ռուսական զենքը վարկաբեկելու փորձով... Նա սեփական ուղեղ չունի, որ ինքը մտածած լինի այդ ամենը, ամեն առավոտ նա հրահանգներ է ստանում Թուրքիայից»,- հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր ՂԱԶԻՆՅԱՆԸ՝ բնութագրելով վարչապետի խաչակրաց արշավանքը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և բանակի՝ պետականության վերջին բաստիոնի դեմ։ Այդ արշավին նախորդել էր հարձակումը Սահմանադրական դատարանի՝ օրինականության և իրավունքի վերջին բաստիոնի վրա, ինչպես նաև այլ միջոցների ու միջոցառումների մի ողջ համալիր։

Եթե 3 տարի առաջ մարդիկ դուրս էին գալիս փողոց՝ Նիկոլի հետևից կրկնելով «Քայլ արա, մերժի՛ր Սերժին», ապա այսօր տասնյակ ու հարյուր հազարավորներ փողոցներում վանկարկում են. «Քայլ արա, մերժի՛ր գժին»։ Փաշինյանը ծանր է տանում գարնանային սրացումը, ինչը բնորոշ է հոգեկան շեղումներով տառապող մարդկանց և, որպես հետևանք, իրարամերժ հայտարարություններ է անում։ Փետրվարի 25-ին նա Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին հարցրեց, թե ցանկանո՞ւմ են արդյոք նրանք, որ երկրում արտահերթ ընտրություններ տեղի ունենան։ Հրապարակը պատասխանեց «ո՛չ»։ Մարտի 1-ին հրապարակը հաստատեց իր դիրքորոշումը, բայց Նիկոլն ասաց, որ արտահերթ ընտրություններին պատրաստ է։

Մանկամիտ պսիխիկան տղամարդկանց հանգեցնում է տրամադրության հաճախակի փոփոխության, չպատճառաբանված ագրեսիայի և ամեն տեսակի մոլուցքների: Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Փաշինյանի մոտ սրընթաց զարգացավ հետապնդման մոլուցքը, նրա աչքին ամենուր դավադրություններ էին երևում՝ սև հագուստով մարդկանց, Արցախի նախկին ղեկավարների և այլոց մասնակցությամբ։ Բացի դավադրություններից, վարչապետը մշտապես կարիք ուներ անձնական «թշնամիների»՝ ինչ-որ մեկին հետապնդելու և պախարակելու մոլուցքով բռնված։ Ընդ որում ուշադրություն դարձրեք, պարոնայք ընթերցողներ, դասալիքի բարդույթով տառապող անձնավորությունը առավել հաճախ սևեռել է ուշադրությունը ռազմական անցյալ ունեցող մարդկանց վրա:

Սկզբում դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էր, որին հետ կանչեցին պաշտոնից և կալանավորեցին՝ ցուցմունքներ կորզելու համար երկրորդ նախագահի դեմ, որի ղեկավարությամբ Խաչատուրովը մասնակցել է Արցախի ազատագրմանը։ Հետո Նիկոլը տևականորեն սևեռվեց գեներալ Մանվել Գրիգորյանի անձի վրա և նույնիսկ բեմադրեց «բացահայտումով» շոու, որպեսզի ապացուցի հիմարացված քաղաքացիներին, թե իբր գեներալը «տուշոնկա ու սգուշչոնկա» է գողանում զինվորներից։ Փաշինյանն անձամբ էր հետևում, որ օնկոլոգիայով և դիաբետի ծանր տեսակով հիվանդ գեներալին, լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատարին շարունակեն կալանքի տակ պահել առանց որևէ հիմնավորման։

«Գոլոս»-ի ընթերցողները հավանաբար հիշում են հրապարակումներն այն մասին, թե ինչպես միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը ամիսներ շարունակ չէր կարողանում թղթի վրա թվարկել գեներալի ախտորոշումները, որոնք անհամատեղելի էին բանտախցում նրա գտնվելու հետ։ Մանվել Գրիգորյանին դանդաղ սպանում էին բանտում՝ Նիկոլի թելադրանքով։ 44-օրյա պատերազմի օրերին գեներալն արդեն ազատության մեջ էր և նույնիսկ փորձեց մեկնել ռազմաճակատ, սակայն այնտեղից տեղափոխվեց ուղիղ վերակենդանացման բաժանմունք և այլևս դուրս չեկավ

Նիկոլը երկար ժամանակ փորձում էր օգտագործել երկրորդ նախագահի դատավարության շուրջ բարձրացած աղմուկը։ Դասալիքը տարիներ շարունակ ինքնահաստատվում էր նրանով, որ կարողացել է ճաղերի ետևում փակել իրեն՝ Ռոբերտ Քոչարյանին։ Նա պարզապես փքվել էր սեփական կարևորության զգացումից, որ պարտադրել է դատարանին որպես խափանման միջոց Քոչարյանի նկատմամբ կիրառել կալանքը՝ առանց գեթ մեկ հստակ հիմնավորման։ Քաղաքական շրջանակներում առ այսօր կատակում են, որ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի տնտեսության մեջ արված ամենախոշոր ներդրումը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար գրավի տեսքով վճարված միլիոններն էին, և որ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ քաղբանտարկյալի կարգավիճակում կարողացավ օգուտ բերել իր երկրին։

Նիկոլը քաղաքական դրդապատճառներով գիտակցաբար կամ ենթագիտակցաբար հետապնդում էր նրանց, ովքեր անմիջական առնչություն են ունեցել Արցախի ազատագրմանը։ Երբ նա սաստիկ սևեռվեց Սահմանադրական դատարանի նախագահի անձի վրա, Հրայր Թովմասյանն անմիջապես կապեց դա Արցախի վերաբերյալ առաջիկա որոշման հետ, որը (ըստ կարգի) պետք է ենթարկվեր ՍԴ փորձաքննությանը։ Փաշինյանը նույնիսկ չէր փորձում թաքցնել, որ անձնական հակակրանք է տածում Թովմասյանի նկատմամբ։ Բավական է հիշել գրիչի հետ կապված դրվագը, որը Փաշինյանը ներկայացրեց ժողովրդին իբրև իրեղեն ապացույց իր այն ստի, թե Թովմասյանն իբր իր ծառայություններն է առաջարկել իրեն։ Բոլորն են հիշում, թե ինչ հրճվանքով Փաշինյանը ներկայացրեց ժողովրդին այդ առարկան. ժողովուրդը մատը պտտեց քունքի մոտ

Դասալիքն անցել է սահմանագիծը

Գեներալ Մանվելի հետ մեկտեղ՝ մեղադրանքներ էին առաջադրվել նաև նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, երկրորդ նախագահի պարագայում՝ ավագ որդուն, Սեդրակին, Թովմասյանի դեպքում մեղադրանքներ ներկայացրեցին նրա նախկին գործընկերներին, խուզարկեցին նրա հոր տունը, այն բնակարանը, որտեղ ապրում է ՍԴ նախագահի ընտանիքը, ԱԱԾ-ում հարցաքննեցին նրա դուստրերին։

Հասարակության մտածող հատվածը միանգամից մատնանշեց, որ գեներալներ Գրիգորյանի, Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վարկաբեկումը նպատակ է հետապնդում արատավորել Հայոց բանակի հաղթանակները, իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը միանգամայն համապատասխանում էր «կիրթ» ու «կառուցողական տրամադրված» Իլհամ Ալիևի հետ Փաշինյանի սեպարատ հարաբերությունների ոգուն:

Փաշինյանը «հավեսի ընկավ» և սկսեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետապնդումը՝ գյուղացիական տնտեսություններին վառելիքի բաշխման շինծու գործով։ Մեղադրանքն առաջադրվել էր մեկ անձից՝ գյուղատնտեսության նախկին նախարար, վերջերս կյանքից հեռացած Սերգո Կարապետյանից ճնշման տակ կորզած ցուցմունքների հիման վրա։ Երրորդ նախագահին ներկայացված մեղադրանքն առաջացրեց ծիծաղի նույնպիսի պոռթկումներ, ինչպես երկրորդ նախագահին ու մի խումբ անձանց ներկայացված մեղադրանքը մի հոդվածով, որը ենթադրյալ հանցանքի կատարման պահին գոյություն չի ունեցել հայկական օրենսդրության մեջ։ Սերժ Սարգսյանի ազգականների նկատմամբ Նիկոլի որսը լրագրային մի քանի սյունակ կզբաղեցներ…

Հետո Նիկոլը նպատակ դրեց բանտում փտեցնել իրեն ոչ հաճո գործարար Սամվել Մայրապետյանին, որին այնուամենայնիվ հաջողվեց երկրից դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակում, այնուհետ Նիկոլը սկսեց զբաղվել ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդու հանդեպ հաշվեհարդարով. որդին հասցրեց փախուստի դիմել, Խաչատրյանը քայքայեց առողջությունը բանտում։ Փաշինյանը մշտապես սևեռվել է տարբեր անձանց վրա, բայց, ինչպես տեսնում ենք, նրան ամենից շատ գրգռում ու ձգում էին գեներալներն ու նախագահները, որոնց անունները սերտորեն կապված են Արցախի անկախ հանրապետության ազատագրման ու կայացման հետ։ Այսօր Փաշինյանի նշանառության տակ են հայտնվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և 40 գեներալները, որոնք ստորագրել են ինքնահռչակ գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականի պահանջով հայտարարությունը, որի «հրամանները» 44 օրում հանգեցրին 7 հազար մարտիկի մահվան և Հայաստանի երկրորդ հանրապետության տարածքի 75%-ի կորստի։

Դասալիքն անցել է սահմանագիծը, կորցրել իրականության զգացումը, ուստի չի հասկանում, որ հողերի խայտառակ հանձնման մասին փաստաթղթի ստորագրումից հետո պետք չէր պատերազմ սկսել գեներալակազմի դեմ, նույնիսկ այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց «Իսկանդերների» մասին իր խոսքերի վրա։ Գեներալներ Խաչատրյանն ու Գասպարյանը 18 տարեկանից մասնակցել են ռազմական գործողություններին, ինչը չէր կարող բնական ատելություն չարթնացնել Նիկոլի մեջ։ Դե, դրան հավելվեց նաև գարունն ու սրացումը

Կապիտուլյանտը շանտաժի է ենթարկում նախագահին

ԱԱԾ-ն Փաշինյանին է ներկայացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Գասպարյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Նիկոլը ծրագրում է հանրությանը ներկայացնել այդ ձայնագրությունը, ինչի մասին հայտնեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Այդ առնչությամբ հիշեցնեմ, որ խոսքը այն մարդկանց հեռախոսազրույցի մասին է, որոնք Հայաստանում բոլորից լավ գիտեն գաղտնալսումների նկատմամբ Փաշինյանի ծայրահեղ սիրո մասին, ուստի չէին կարող իրենց թույլ տալ ավելորդ բան ասել։ Ի սկզբանե։

Պատերազմի օրերին լուրեր էին շրջում, որ բարձրաստիճան զինվորականները ձայնագրում են գերագույն գլխավոր հրամանատարի բանավոր հրամանները, որպեսզի հետագայում զերծ մնան պատասխանատվությունից։ Նախագահ Արմեն Սարգսյանի Գլխավոր շտաբ կատարած այցից հետո բազմաթիվ քաղաքագետներ կարծիք հայտնեցին, որ Գասպարյանը պետք է հրապարակի այն փաստերը, որոնք ներկայացրել է նախագահին։ Ժողովուրդը պետք է իմանա, թե ինչով է զբաղվել Փաշինյանը պատերազմի ժամանակ։

Կոմպրոմատների պատերազմը սկսել են ոչ թե զինվորականները, այլ ԱԱԾ-ն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, որից հետո այդ պատերազմը շարունակեց Արմեն Աբազյանը։ «Իսկանդերների» և «Բոինգի» հետ կապված պատմությունից հետո Նիկոլն ամեն օր կատաղության նոպաներ է ունենում այն գիտակցումից, որ ծաղրի առարկա է դարձել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև համաշխարհային հանրության աչքում։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անհոդաբաշխ պատասխանը՝ «Իսկանդերների» վերաբերյալ ОРТ-ի «Время покажет» հաղորդման հարցին, բացահայտ ցույց տվեց, որ անհամարժեքությունը ոչ միայն վարչապետի, այլև իշխանության մյուս ներկայացուցիչների այցեքարտն է։

Ըստ մի շարք տեղեկությունների՝ կապիտուլյանտը շանտաժի է ենթարկում Արմեն Սարգսյանին փաստաթղթերով, որոնք հաստատում են, որ նա ՀՀ նախագահ է դարձել՝ լինելով Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Դավաճան վարչապետը փորձում է ստիպել նախագահին, որ կատարի հակաօրինական գործողություն, այսինքն բավարարի Գլխավոր շտաբի պետի հրաժարականի իր առաջարկը։ Նախագահն այդ առաջարկը հետ էր ուղարկել՝ առարկություններով, սակայն Նիկոլը կրկին ուղարկեց դա նրան և հիմա շանտաժի է ենթարկում նախագահին։

Հիշեցնեմ, որ Գասպարյանի ցանկացած հարկադիր պաշտոնանկություն անօրինական է։ Գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով և չի կարող հեռացվել պաշտոնից նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ։ Գասպարյանի հարկադիր պաշտոնանկության ցանկացած փորձ կդառնա Սահմանադրության խախտում, իսկ ինքը՝ գեներալը կամովին հրաժարական չի տա, նման գործողությունը կհավասարեցվի դասալքության։ Օնիկ Գասպարյանը մարտական գեներալ է, ոչ թե դասալիք, նա ինքնակամ հրաժարական չի տա։ Դասալիքին չի հաջողվի գլխատել Գլխավոր շտաբը՝ ի ուրախություն Ալիևի և Էրդողանի…