Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին

Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է գրոսմայստեր Լևոն Արոնյանին` խնդրելով չհեռանալ Հայաստանից։

Փետրվարի 26–ին Արոնյանը հայտնել է, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից և այլևս հանդես չի գալու հայկական դրոշի ներքո։

Մանուկյանը նշել է, որ ցավով է կարդացել Արոնյանի վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված:

«Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ: Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը», – հայտարարել է Մանուկյանը։

Նա հավաստիացրել է, որ ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն։

«Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում», – ընդգծել է Մանուկյանը։

Նա դիմել է գրոսմայստերին` խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու իր որոշումը:

«Պատրաստ եմ նաև հանդիպել Ձեզ և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը», – ասել է Մանուկյանը, տեղեկացնում է Newsarmenia.am։