ՄԱՆՏՐԱՆԵՐ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ
Այնուամենայնիվ արժանին մատուցենք Փաշինյանին։ Գլուխ թլսորելու մեծ վարպետ է։ Նկատի ունենք Փաշինյանի պատճառաբանությունները իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների թեմայի առնչությամբ։ Իբր՝ ինքը համաձայն է, բայց իրեն պետք է խորհրդարանական ուժերի հուշագիրը։ Իբր՝ համաձայն է, բայց իրեն պետք է քաղաքական բոլոր ուժերի կոնսենսուս։ Իբր՝ համաձայն է, բայց պետք է լինի ժողովրդի կամքը։ Իբր՝ համաձայն է, բայց հարցերը չպետք է լուծվեն ծածուկ կերպով։ Եվ այլևայլ լյա-լյա-լյա…
ՆՈՒՅՆԻՍԿ ՈՐՈՇ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԿՈՒԼ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՅԴ ԽԱՅԾԸ։ Ավելին, իր թիմակիցներն անգամ հավատում են այդ «լյա-լյա-լյա»-ին։ Ահավասիկ Ավինյանը շեֆի օրինակով համոզված կրկնում է, թե իրենք դեմ չեն ընտրություններին, բայց հարցերը չպետք է լուծվեն գաղտնաբար, ամեն ինչ պետք է վճռի ժողովուրդը։ Եվ ոգևորությամբ կրկնում է այդ մանտրան։ Ասել է թե՝ դա է իրենց միակ տարաձայնությունն ընդդիմության հետ, որը չի ցանկանում, որ ժողովուրդը վճռի…
Ի՞նչ գաղտնիության մասին է առհասարակ խոսքը։ Ի՞նչ է պահանջում ընդդիմությունը։ Ընդդիմությունը պահանջում է ձախողված վարչապետի հրաժարականը։ Ընդ որում բոլորն էլ հասկանում են, որ վարչապետն իսկապես ձախողված է։ Այստեղ վիճելու բան կարծես թե չկա։ Նույնիսկ Փաշինյանն է խուսափում վիճել այդ թեմայի շուրջ. լավագույն բանը, որ մտահղացավ, այն էր, թե ինքը «գլխավոր պատասխանատուն է, բայց ոչ գլխավոր մեղավորը»։
Դե, ահա ուրեմն, եթե Փաշինյանն ընդունում է, որ իրավիճակն այսօր կտրուկ տարբերվում է 2018 թվականի դեկտեմբերից և թույլտվություն խնդրում՝ անկախ նրանից, թե ով է ինքը. գլխավոր պատասխանատուն, գլխավոր մեղավորը, թե գլխավոր տխմարը, ապա ամեն ինչ պարզ է։ Նա ընդունում է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կառույցների և տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիների պահանջն ու հրաժարական տալիս։ Այդ դեպքում, ինչպես հայտնի է, կա երկու տարբերակ կա։ Կա՛մ խորհրդարանն ընտրում է նոր վարչապետ, կա՛մ թեկնածուներից ոչ մեկը երկու անգամ չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ և օրենքի ուժով նշանակվում են նոր ընտրություններ։ Այդ դեպքում գնում ենք արտահերթ ընտրությունների և ընտրում նոր խորհրդարան։
Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը։ Պետք է արժանին մատուցել նրան։ Վերջին շրջանում նրան շատ են քննադատում, բայց այսօր նա պահանջում է վարչապետի անհապաղ հրաժարականը և արտահերթ խորհրդարանական նոր ընտրություններ՝ հասկանալով, որ բնավ փաստ չէ, թե «Լուսավոր Հայաստանը» նման կատաղի մրցակցության պայմաններում կհայտնվի նոր խորհրդարանում։ Իսկ եթե անգամ հայտնվի, ապա սաստիկ կրճատված կազմով։ Այդուհանդերձ Մարուքյանը խոսում է անհետաձգելի ընտրությունների մասին՝ նախապատվությունը տալով պետական շահին. տեսնում է, թե ինչպես է օրեցօր խորանում հայկական պետության ճգնաժամը Փաշինյանի կառավարման օրոք, հապաղել չի կարելի։
ԵՎ ԱՅՍՊԵՍ, ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՌԱՋԱԴՐԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ։ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայրենիքի փրկության շարժման մեջ միավորված 16 կուսակցությունների կազմում է։ Կուսակցություններ, որոնք պնդում են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, և այդ պահանջին աջակցելու համար այսօր փողոց են դուրս գալիս տասնյակ հազարավոր մարդիկ։ Այսինքն ԲՀԿ-ն կարող է ԱԺ-ին առաջարկել Մանուկյանի թեկնածությունը։ Բայց որպեսզի վերջինս հաստատվի վարչապետի պաշտոնում, նրա օգտին պետք է քվեարկի ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխող խմբակցության պատգամավորների մոտավորապես կեսը։ Հենց այն խմբակցության, որի ներկայացուցիչները ամեն խաչմերուկում և հատկապես խորհրդարանի պատերի տակ համերաշխ ճղավում են, թե իրենք աշխարհի ամենալեգիտիմ պատգամավորներն են, քանի որ ժողովուրդն իրենց օգտին է քվեարկել 2018-ի դեկտեմբերին։ Այն խմբակցության, որը մարզերից ներկրված իր համախոհների հետ միասին վերջերս կրկին միաձայն դըմփ-դըմփ-հու էր գոչում մայրաքաղաքի գլխավոր հրապարակում։
Դե ինչ, եթե լեգիտիմորեն ճղավող այդ պատգամավորների մի մասը խորհրդարանական ընդդիմության հետ միասին քվեարկի Մանուկյանի օգտին, ապա ստացվում է, որ ժողովուրդը՝ և՛ այն, որը պահում է Բաղրամյան պողոտան, և՛ Հանրապետության հրապարակում դըմփ-դըմփ-հու գոչողը, իր ներկայացուցիչների միջոցով վարչապետ է ընտրել Մանուկյանին։ Իսկ եթե Մանուկյանն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքի, ապա բոլորս համերաշխ գնում ենք համաժողովրդական նոր քվեարկության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Այսպիսով, Փաշինյանի հրաժարականի դեպքում ժողովուրդն այսպես թե այնպես իր խոսքը կասի։ Եվ Փաշինյանի ու Ավինյանի մանտրաները, որ նրանք կրկնում են միաբերան ու անգիր արած, դե, պարզապես ոչ մի բանի մասին են։ Վարչապետի հերթական ճղճղոցն է, որը ձգտում է հնարավորինս հետաձգել իր հրաժեշտը սիրելի աթոռին և նոր սիրելի տանը։
Հ.Գ.- Փաշինյանն ու Մարուքյանն իրենց քննարկումների ընթացքում առայժմ կոնսենսուսի չեն եկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Բայց դա՝ լոկ առայժմ։ Մարուքյանն ասում է, որ հաշվարկել է. մայիսին կարելի է ընտրություններ անցկացնել։ Մաթեմատիկայի առումով Մարուքյանի մոտ ամեն ինչ կարգին է։