Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ԲՌՆԵԼ Է ՆԻԿՈԼԻ ԿՈԿՈՐԴԻՑ

«Իհարկե, իմքայլականների ինտելեկտը չի հերիքում հասկանալու, որ Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրելով իրենք չեն վնասում Ռուբեն Վարդազարյանին»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ գնահատական կարելի է տալ իմքայլականների՝ ԲԴԽ նախագահի նկատմամբ ունեցած վերաբերմունքին։

Նրա խոսքով, իմքայլականներն իրենց այդ քայլով վնաս են պատճառում այն 1000-ավոր քաղաքացիներին, որոնց գործերի քննությունն էլ ավելի է հետաձգվում՝ դատավոր չլինելու պատճառով։

Ինչ վերաբերում է իշխանականների՝ ԲԴԽ նախագահի նկատմամբ ունեցած վերաբերմունքին և պահվածքին, ապա Արփինե Հովհաննիսյանն ուրախությամբ նշեց, որ ԲԴԽ նախագահը «մարդկային» ձևով է արձագանքել «բնազդային» մղումների ուժով այն «լկտի» արշավին, որ կազմակերպված էր իր դեմ՝ Փաշինյանի ու նրա «երիտթուրք» արդարադատության նախարարի կողմից։

«Դա խայտառակություն էր։ Եվ խայտառակությունը բնավ այն չէր, որ իմքայլականներն իբր քննադատություններ էին հնչեցնում, այլ այն, որ մեր երկիրը 4 ամիս է պարտության տրամադրությունից դուրս չի գալիս, մենք ունենք շատ խնդիրներ՝ կապված անտուն մնացած և անհետ կորած մարկանց հետ։ Սա մեր բոլորի ողբերգությունն է, իսկ իշխանությունը դա չի ընկալում։ ԲԴԽ նախագահին ես ինքս էլ հարցեր ունեմ, բազմաթիվ հարցեր՝ բովանդակային տիրույթում։ Բայց իրավիճակն ավելի ադեկվատ պետք է գնահատել։ Դավաճանների խունտան համարում է, որ իրենք 7000-ի գլուխ կերել են, թուրքի սրնգի տակ պարում են..., Սյունիքը հանձնում են, քննադատողներին էլ կարող են կալանքի տակ պահել։ Ու իրենց թվում է, թե դա կմարսեն»,- նկատեց նա։

Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ փաստը ցույց է տալիս, որ իշխանությունները խորը և անբարեխիղճ մոլորության մեջ են։

Նա վստահեցրեց՝ իշխանությունները չեն մարսելու և պատժվելու են՝ «դավաճանի» պիտակով, ու անզորությունից «ատամների կռճտոցը», որ լսվում էր խորհրդարանի ամբիոնից, լինելու է ուղղակի հերթական «անզորության», «չարության» դրսևորումը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Զանգեզուրն իրենց պատմական հողն է, ու դրան եղած արձագանքին, որը ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով եղավ, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ արդեն 3 տարի է, ինչ Ադրբեջանի հոխորտանքներին ՀՀ բարձրագույն իշխանության մակարդակով որևէ պատասխան չի տրվում։

«Եվ ցանկացած ողջամիտ մարդու մոտ հարց է առաջանում՝ լավ, էդ մարդը ինչո՞ւ չի պատասխանում Ալիևին։ Դրա պատասխանն այն է, որ Ալիևը բռնել է Նիկոլի կոկորդից, ունի նրա դեմ փաստեր, և լավ չափել է նրա վախը։ Եվ մեր պետությունը 4 ամիս շարունակ ամորձատված վիճակում շարունակում է քարշ տալ իր գոյությունը»,- ասաց նա։

Panorama.am