ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ
ՌԴ վարչապետ Միխայիլ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ հրամանագիր Է ստորագրել, համաձայն որի՝ գերատեսչություններին և նախարարություններին հանձնարարվում է իրականացնել կոնկրետ ապրանքների գների մշտադիտարկում։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը։
«Ռուսաստանում մտցվում է սպառողական ապրանքների և ծառայությունների գների մշտական մոնիտորինգ։ Այդ որոշումը հաստատվել է կառավարության կողմից։ Նոր գործիքը թույլ կտա կանոնավորապես իրականացնել շուկայի իրավիճակի համակարգային վերլուծություն, կանխատեսել նշանակալի արտադրանքի թանկացման ռիսկերը և յուրաժամանակ միջոցներ ձեռնարկել գների աճը զսպելու համար»,- ասված է հրամանագրում:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե հատկապես ինչն է դրդել ռուսաստանյան կառավարությանը դիմել նման քայլի, հաղորդագրության մեջ չի հստակեցվում, թեև պարզ է, որ այդպիսի որոշում կայացնելու հիմնական շարժառիթները երկուսն են. առաջինը գների ընթացիկ աճն է և անմխիթար կանխատեսումներն այդ առնչությամբ, երկրորդը՝ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի համար պատասխանատվության գիտակցումը կառավարության կողմից։ Առաջին կետով Հայաստանն ակնհայտորեն հետ չի մնում Ռուսաստանից։ Գուցե նույնիսկ զգալիորեն գերազանցում է։ Բայց նույնը չես ասի երկրորդ կետի մասին։ Այստեղ ամեն ինչ առավել քան կասկածելի է։ Կասկածելի է պատասխանատվության գիտակցումը, կասկածելի է կառավարության ինքնին առկայությունն ու սոցիալ-տնտեսական քաղաքականության գոյությունը որպես այդպիսին։ Մեզանում ամեն ինչ ու վաղուց ինքնահոսի է մատնված, բոլոր գործընթացները զարգանում են բացառապես ավտոպիլոտով, գներն աճում են թթխմորի պես, բնակչության եկամուտները՝ նվազում, իսկ նրանք, ովքեր իրենց համարում են գործադիր իշխանության ներկայացուցիչ, նույնիսկ չեն փորձում մշտադիտարկել ու վերահսկել, չենք խոսում արդեն զսպման մեխանիզմների ներդրման մասին։ Արդյունքում երկրի բնակչությունը գլորվում է աղքատության և ծայրահեղ չքավորության անդունդը։
Այն մասին, որ գների և բնակչության եկամուտների առումով Հայաստանի այսօրվա իրավիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է, վկայում է անգամ պաշտոնական վիճակագրությունը։ Հենց միայն փետրվարին՝ ընթացիկ տարվա հունվարի համեմատ, արձանագրվել է սպառողական ապրանքների գների աճ 0,6%-ով: Իսկ տարեկան կտրվածքով՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ, ցուցանիշն ավելի տպավորիչ է. 5,3%։ Թանկացել ու շարունակում է թանկանալ գրեթե ամեն ինչ. սննդամթերքը, ալկոհոլն ու ծխախոտը, հագուստն ու կոշկեղենը, առողջապահությունը, տրանսպորտը, կրթությունը։ Ընդ որում, կրկին իսկ՝ ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարի արձանագրվել է միջին անվանական աշխատավարձի ցուցանիշի զգալի նվազում։ Այսպես, հունվար ամսին միջին աշխատավարձը, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, պետական մասնահատվածում նվազել է գրեթե 30%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 15%-ով։ Այսպիսով, մի կողմից՝ սպառողական շուկաներում գներն աճում են, մյուս կողմից՝ նվազում են աշխատավարձերը։ Բնակչությունը դանդաղ, բայց անկասելիորեն շարժվում է դեպի աղքատացում։ Համենայն դեպս՝ բնակչության այն մասը, որին կառավարությունը երես չի տալիս պարգևավճարներով ու բոնուսներով։
Քիչ թե շատ համարժեք, բանիմաց և պատասխանատու կառավարության առկայության դեպքում՝ երկրում տիրող սոցիալական դրության առումով ստեղծված իրավիճակը և ակնհայտ բացասական միտումները պետք է դրդեին պաշտոնյաներին մշակել ու իրականացնել համապատասխան ծրագրեր, որոնք կոչված են մեղմելու համաքաղաքացիների գրպանին ուղղված հարվածները։ Օրինակ՝ այնպես, ինչպես դա որոշեցին անել Ռուսաստանում։
Բայց երբ երկիրը ղեկավարում են նրանք, ովքեր հանգիստ զոհաբերում են հազարավոր մարդկանց կյանքը 44-օրյա պատերազմում, ովքեր համավարակի մեկ տարվա ընթացքում զոհում են տասնյակ հազարավորների առողջությունը, միամտություն կլինի ակնկալել, թե հարյուր հազարավորների սոցիալական պաշտպանությունը ինչ-որ հետաքրքրություն է ներկայացնում նրանց համար։ Միամտություն կլինի համարել, թե այն դժբախտություններից հետո, որ արդեն բերել է հայ հասարակության գլխին այս կառավարությունը, այն կփորձի կանխել հերթական դաժան փորձությունը՝ սոցիալ-տնտեսական կաթվածահարության տեսքով։