Մելիքյան. Նախագահին կամ շանտաժի են ենթարկում, կամ նա սպասարկում է արտասահմանյան շահերը

Նախագահին կամ շանտաժի են ենթարկում, կամ նա սպասարկում է արտասահմանյան շահերը: Այս մասին «Հայելի»-ի հարցազրույցում նման կարծիք հայտեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ երկրում ընթացող գործընթացներում նախագահի դերը, մեղմ ասած, բացասական է: «Կես քայլ արեց: Հայտարարեց, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու վարչապետի առաջարկը սահմանադրականության խնդիր ունի, բայց ավելի հեռուն չգնաց, չդիմեց ՍԴ»,-նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ մի շարք այլ դեպքերում նախագահը նույնպես բարձրունքում չհայտնվեց: Ըստ Մելիքյանի՝ հաշվի առնելով Փաստաբանների պալատի ղեկավարի երեկվա հայտարարությունը՝ նախագահին կամ շանտաժի են ենթարկում, գուցե նրան սպառնացել են ինչ-որ բան հրապարակել, կամ էլ նա սպասարկում է արտասահմանյան շահերը:

Իսկ ինչ վերաբերում է նրա նախաձեռնած հանդիպման նպատակին, ապա կա մի քանի տարբերակ: Դրանցից մեկը կարող է փորձել լեգիտիմություն տալ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին: Մելիքյանի գնահատմամբ՝ դա աղետալի կլինի, քանի որ Փաշինյանը կորցրել է ընտրություններ անցկացնելու բարոյական իրավունքը: Վարչական ռեսուրսի օգտագործման ակնհայտ օրինակ էր մարտի 1-ի հանրահավաքը, տեղեկացնում է News.am: