ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԻՍՏԵՐԸ
Հայաստանում կա մի կիսահասարակական, կիսաքաղաքական գործիչ, որն այդ ուղի ոտք է դրել անցած դարի ութսունական թվականներին, ինչպեսև, ըստ էության, շատ-շատերը։ Անունը, ներող կլինեք, չեմ բացահայտի, խնդրում եմ հավատալ խոսքիս։
Այն տարիներին, ութսունական թվականների վերջին, մեզանից շատերը վառվռուն աչքերով պատանիներ էին և շունչը պահած ականջ էին դնում Թատերական հրապարակում հնչող ելույթներին։ Եվ երբ Վանո Սիրադեղյանը նետեց «Զինվե՛ք» կոչը, յուրաքանչյուրը որոշեց զինվել ինչպես կարող էր։ Մեր պատանին մի թանգարանից թռցրեց մարշալ Բաղրամյանի հուշանվերային ատրճանակները, որոնք, իհարկե, երբեք չէին կրակել, քանզի կրակել չէին կարող՝ պատրաստված լինելով թանկարժեք փայտատեսակից, արդեն չեմ հիշում, թե ինչպիսի:
Դա դժբախտության լոկ կեսն էր։ Հետո մեր պատանին իր համար բացահայտեց մի փիլիսոփայի։ Մեծ արժանիք էր, իհարկե։ Բայց նա որոշեց, որ դա իր բացառիկ հայտնագործությունն է, և մեջբերում էր մեծ հային պատեհ ու անպատեհ, ինչն արդեն սկսել էր նյարդայնացնել բոլորին։ Ցինիկների մի շրջանակում այն ժամանակ հեգնում էին, թե՝ դեռ լավ է, որ տղան իր համար բացահայտել է այդ պանծալի հայ փիլիսոփային, այլ ոչ թե Ֆրեյդին կամ, է՛լ ավելի վատթար՝ Կամասուտրան։
Իսկ բացի այդ, ուզում եմ գովազդել ավելի քան 20 տարի առաջ վախճանված մի թուրք գրողի։ Դրանք մի այդպիսի հումորիստ ունեին, Ազիզ Նեսինը, մրցանակներ էր շահում հումորային տարբեր փառատոներում: Նա շատ լավ երգիծական պատմվածքներ ունի մոտավորապես նույն տարիների՝ ութսունական թվականների Թուրքիայի մասին: Այդ պատմվածքներից մեկն այն մասին է, թե ինչպես են Թուրքիայում փորձում ներդնել համամասնական ներկայացուցչության սկզբունքը խորհրդարանական ընտրություններում։ Ինչպես են այդ գաղափարը քննարկում թուրքական խուլ գավառի չայխանայում։ Եվ թե ինչպես են չայխանայի այցելուները կուրծք ծեծում՝ պնդելով, թե միայն իրենց վարկածն է միակ ճիշտը, թե ինչ է նշանակում «համամասնական ներկայացուցչության սկզբունք»... Եվ չնայած մեկնաբանությունները հաճախ տրամագծորեն տարբերվում են իրարից, այդուհանդերձ բանավիճողները համակարծիք են մեկ բանում. հենց որ «համամասնական ներկայացուցչության սկզբունքը» ներդրվի, կյանքը Թուրքիայում կվերածվի հեքիաթի։
Ինչո՞ւ մենք հիշեցինք սրամիտ Ազիզ Նեսինին և վառվռուն աչքերով մեր երբեմնի պատանուն, որն անսպասելիորեն բացահայտել էր իր համար մեծ հային... Բանն այն է, որ այսօր կառավարության նիստ էր։ Որի ընթացքում պարզվեց, որ մեր վարչապետն իր համար բացահայտել է այնպիսի հասկացություն, ինչպիսին է «աշխատանքի արտադրողականությունը»։ Նա հասկացել է, թե որքան կարևոր է դա, և որոշել է կիսել կառավարության անդամների հետ իր հայտնագործությունը։ Եվ ահա նա պատմեց, թե ինչպես ամեն ինչ պիտի որ կարգավորվի Հայաստանի տնտեսության մեջ, եթե «աշխատանքի արտադրողականություն» հասկացությանն այսուհետ վերաբերվեն պատշաճ հարգանքով։ Չե՞ք հավատում։ Դիտեք ռեպորտաժը կառավարության նիստից։
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՈՒՄ ԷՐ ԲՆԱՎ ՈՉ ՄԵՐԿԱԽՈՍ ԿԵՐՊՈՎ։ Նա կառավարությանը բացատրում էր առավելությունները կոնկրետ օրինակներով։ Պատմեց այն մասին, որ անցած դարասկզբին ինչ-որ մեկը մրցանակ է ստացել այդ հասկացության քարոզչության համար։ Պատմեց, թե ինչպես չէին կարգավորվում իր ծանոթներից մեկի գործերը բիզնեսում։ Իսկ երբ արտասահմանից մասնագետներ հրավիրեցին, պարզվեց, որ ողջ խնդիրն այն է, որ բիզնեսը վարելիս հաշվի չի առնվել «աշխատանքի արտադրողականություն» հասկացությունը։ Սկսել են հաշվի առնել, և գործերը կարգավորվել են։ Օրինակ, սուպերմարկետի աշխատանքի նկատմամբ կիրարկելիս «աշխատանքի արտադրողականություն» հասկացությունը նշանակում է, թե մեկ ժամում քանի հաճախորդի է սպասարկում մեկ վաճառողը. վեց, թե տասը, մատների վրա պարզաբանում էր վարչապետը։
Երբ վարչապետը փոքր-ինչ հոգնեց, նրան սատարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն իր սեփական ճառն ասաց ի աջակցություն «աշխատանքի արտադրողականություն» հասկացության։ Բայց այդժամ Ատոմ Ջանջուղազյանը որոշեց հիշեցնել, որ տնտեսությունը ծաղկում է բնավ ոչ միայն «աշխատանքի արտադրողականություն» հասկացության շնորհիվ։ Նա խոսք վերցրեց ու հայտարարեց, որ կա ևս մեկ կարևոր ցուցանիշ. աճի տեմպերի ցուցանիշը։ Եվ ֆինանսների նախարարը բացատրեց բոլորին, թե որն է դրա կարևորությունը և ինչու է պետք անպայման հաշվի առնել դա։
Դե, այդժամ Տիգրան Ավինյանի մեջ էլ մարմաջ ընկավ։ «Ես ինչ է, մեջների կյա՞ժն եմ, խելքս բան չի՞ կտրում տնտեսությունից»,- մտածեց կառավարության ղեկավարի առաջին տեղակալն ու նույնպես խոսք վերցրեց։ Եվ ասաց, որ կա ևս մեկ կարևոր կետ, որը բիզնեսում պետք է անպայման հաշվի առնել. կորպորատիվ կառավարման սկզբունքը…
Թուրքական չայխանայում այն բանավիճողներն այնուամենայնիվ կառավարության անդամներ չէին։
Հ.Գ.- Ոչ թե կառավարության անդամների, այլ բազմաթիվ այլ մարդկանց, լիբանանյան Կարմիր խաչի և առաջին հերթին ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ջանքերի շնորհիվ ադրբեջանական 4-ամսյա գերությունից հայրենի Բեյրութ է վերադարձել հայուհի Մարալ Նաջարյանը: