ԱՐՄԱՆ, ՕՄԵԳԱ և «ԱՆԴՈՆ». ԱԺ-Ն՝ ԼՐՏԵՍՆԵՐԻ Ո՞ՐՋ
Օրերս Հայաստանում սկանդալ բռնկվեց։ Մեզ, իհարկե, սկանդալներով վաղուց արդեն չես զարմացնի, բայց սա փոքր-ինչ առանձնահատուկ էր. միջազգային։ Բացառիկ բան է. հայկական հատուկ ծառայությունները գտան անգլիացի լրտեսի, բացահայտեցին նրան և նույնիսկ, ասելն անգամ սարսափելի է, բաց տեքստով հրամայեցին ՄԱԿ-ին հետ վերցնել իր «ոչ կառուցողական» աշխատակցին։ Խոսքը, ինչպես արդեն հասկացավ ընթերցողը, ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգի մասին է, որը, ըստ մի շարք տելեգրամ-ալիքների տեղեկությունների, լրտեսական գործունեություն է ծավալել հօգուտ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի։ Բնականաբար, մեր ԱԳՆ-ը այդ մասին բացահայտ չհայտարարեց, բայց իշխանությունների կողմից տեղեկատվության հերքում չհաջորդեց։
Այս տարօրինակ պատմությունը շատերին դրդեց հիմնավորված հարց տալ. իսկ ի՞նչ պետական գաղտնիքներ էին, ըստ էության, հայտնի Քլարք-Հաթինգին: Որտեղի՞ց, ի՞նչ աղբյուրներից կարող էր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակի ղեկավարը հայթայթել և մեր թշնամիներին փոխանցել արժեքավոր հետախուզական տվյալներ։ Եվ քանի որ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները՝ կապված Հայաստանում թշնամական երկրների հետախուզությունների աշխատանքի հետ, մենք երբեք չենք ստանա, ակամայից այլ մտքեր են առաջանում գլխումդ, առաջին հայացքից՝ անհեթեթ։
Օրինակ՝ այսպիսի. հնարավո՞ր է արդյոք, որ Փաշինյանի կառավարությունը միտումնավոր է վատթարացնում մեր երկրի հարաբերությունները ազդեցիկ կազմակերպության՝ ՄԱԿ-ի հետ, որը, բնականաբար, պաշտպանեց իր աշխատակցուհուն, բացահայտ դժգոհություն հայտնելով հայաստանյան իշխանությունների գործողությունների առնչությամբ։ Գուցե վերջիններիս ուզածն էլ հենց դա՞ էր, որ այն երկրների ցանկին, որոնց հետ հարաբերությունները կտրուկ վատթարացել են, ավելացնեն նաև միջպետական կազմակերպությունները։ Ինչո՞վ հերթական ցեխը չէ մեր երկրի միջազգային իմիջին։ Տեղի ունեցող ամենի խորապատկերին, համաձայնեք, միանգամայն հավանական վարկած է…
Թեպետ, շեղվենք անգլիական կեղծ լրտեսուհուց և վերադառնանք մեր ոչխարներին՝ խորհրդարանական։ Եվ անկեղծորեն ընդունենք. UNICEF-ի գրասենյակն ու դրա արդեն նախկին ղեկավարը դեռ շատ հացուպանիր պիտի ուտեն՝ այստեղ խրամատավորված իրական գործակալներին հասնելու համար։ Որոնց լրտեսական գործունեությունն ընդդեմ Հայաստանի վաղուց ապացուցված և վերաապացուցված է, բայց ահավասիկ Ազգային անվտանգության ծառայությունը առ այսօր ոչ մի կերպ նրանցով չի զբաղվում։ Իրոք որ, հո չե՞ն թողնելու «Գագիկ Սողոմոնյան» տխրահռչակ ֆեյքի օգտին բուռն գովազդային արշավը, որպեսզի զբաղվեն Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեցող երկու ամենահայտնի լրտեսներով։ Դրանցից մեկը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է՝ Օմեգա մականունով։ Երկրորդը՝ վերջին շրջանում լրիվ կապը կտրած Արման Բաբաջանյանը՝ «Ստրատֆորից», իրեն պատկանող լրատվամիջոցի հետ մեկտեղ։
Բաբաջանյանի մասին, որի նողկալի էությունը վերջապես բացահայտվեց հենց փաշինյանական Հայաստանում, հայտնի է ամեն ինչ և բոլորին։ Հայտնի է, որ նա բանտ է նստել բանակում ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար, որ ցուցմունք է տվել սեփական մոր դեմ, միայն թե փրկի սեփական կաշին։ Որ մի քանի մեդիա-հարթակների սեփականատեր է, որոնք Փաշինյանի բուլվարային թերթոնի և «Ազատություն» ռադիոկայանի հետ միասին հակահայկական քարոզչական աշխատանք են ծավալել երկրում՝ արևմտյան դրամաշնորհներով։
Այս փաստերն իսկապես լայնորեն հայտնի են դեռ վաղուց, ինչը, սակայն, ոչ մի կերպ չխանգարեց Էդմոն Մարուքյանին ընդգրկել ծայրաստիճան խորշելի գործչին իր կուսակցության նախընտրական ցուցակում և խցկել խորհրդարան։ Թե հատկապես ում հրահանգով՝ նույնպես հասկանալի է։ ԱԺ-ում Բաբաջանյանը շատ արագ հրաժեշտ տվեց «լուսավորներին» ու դարձավ «անկախ»։ Մենք, բնականաբար, չենք պատմի մի դասալիքի բոլոր կեղտոտ «սխրանքների» մասին՝ ի փառս մեկ այլ դասալիք Փաշինյանի։ Հիշեցնենք միայն Արման Բաբաջանյանի վերաբերյալ ամենից աղմկահարույց բացահայտման մասին, որի խորապատկերին նրա դասալքությունն ու փաստաթղթերի կեղծումը մանկական չարաճճիություն են թվում։
2019 թվականի հոկտեմբերին ԶԼՄ-ները հրապարակեցին փաստաթղթեր, որտեղ նրա անունը նշված է ամերիկյան «Ստրատֆոր» հետախուզական կենտրոնի գործակալների թվում: Գործակալական ցանցի ցուցակը WikiLeaks կայքում հրապարակվել է 2012 թվականին, նշելով գործակալների ոչ միայն անունները, այլև էլեկտրոնային փոստի հասցեները և այլ տվյալներ: Բաբաջանյանի անունը թիվ 478-րդն է, և ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք այսօր էլ կարող է մտնել կայք և ստուգել այդ տեղեկությունը։ 2019-ի հոկտեմբերին այս սենսացիոն բացահայտման մասին գրել են հայկական գրեթե բոլոր ԶԼՄ-ները. Ազգային ժողովի պատգամավորը երկար տարիներ աշխատել է (գուցե մինչև հիմա էլ աշխատում է) արտասահմանյան հետախուզական ցանցի օգտին։
ԱԱԾ-ի արձագանքը՝ զրո։ Փաշինյանի գրպանային Ազգային անվտանգության ծառալությանը չհետաքրքրեց խորհրդարանում բուն դրած օտարերկրյա գործակալը. Բաբաջանյանին նույնիսկ ձևականորեն չկանչեցին ԱԱԾ։ Քանզի այդ գործակալն իր ուրույն, առանձնահատուկ առաքելությունն ունի Փաշինյանի թիմում։ Նողկալի, զազրելի, որը կատարելու համաձայնություն նույնիսկ այդ թիմում գուցե բոլորը չէ, որ կտային։ Նա պատրաստ է ամեն ինչի, և օտարերկրյա գործակալի վերջին ագրեսիվ հարձակումը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի վրա՝ ամեն տեսակի պիտակներ փակցնելով, դրա համոզիչ ապացույցներից մեկն է։
Սակայն Արման Բաբաջանյանը բնավ միակ լրտեսը չէ Փաշինյանի ժամանակների Հայաստանի օրենսդիր մարմնում։ Գործակալական աշխատանքում նրա գործընկերը հպարտ բազմած է ԱԺ նախագահի պատվավոր աթոռին: Ի տարբերություն ստրատֆորականի՝ այդ լրտեսին մերկացրել են միայն այս տարվա հունվարին, երբ Միքայել Մինասյանը պատմեց այն մասին, որ 2005 թվականին թուրքական հատուկ ծառայությունները հավաքագրել են Արարատ Միրզոյանին, իսկ բացահայտումից հետո նրան հավաքագրել են կրկնակի, այս անգամ արդեն հայկական հատուկ ծառայությունները։ Որպես ապացույց ներկայացվեց փաստաթուղթ, ստորագրված, Մինասյանի հավաստմամբ, հենց Միրզոյանի ձեռքով։
Թվում էր, թե Արարատը, արդար զայրույթով բռնված, նույն պահին, անհապաղ կպահանջի ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել, որպեսզի իր ճակատից մաքրի լրտեսի խարանը, այն էլ՝ թուրքական, այն էլ՝ կրկնակի։ Խոսնակն իսկապես հերքեց տեղեկությունը՝ անվանելով դա ցնդաբանություն և վերամբարձ հայտարարելով, թե իբր՝ Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի սուտ մատնության համար։ Սակայն ձեռագրաբանական փորձաքննություն, շառից-փորձանքից հեռու, չպահանջեց։ ԱԱԾ-ն այս անգամ լռել չկարողացավ և հայտարարեց, թե այդ տեղեկությունն ակնհայտ սուտ է և «Մինասյանի հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր»:
Այդ օրից ի վեր, իսկ անցել է գրեթե երկու ամիս, այս մասին՝ ոչ մի բառ: Ոչ մի բառ այն մասին, որ պետության երկրորդ դեմքը մեղադրվում է թշնամական պետության օգտին լրտեսության մեջ: Փորձաքննության մասին նույնպես բոլորը բարեհաջող կերպով մոռացան. մի՞թե ոչ այն պատճառով, որ և՛ Արարատը, և՛ ԱԱԾ-ն լավ գիտեն դրա արդյունքները։ Այլապես կարելի է պատկերացնել՝ ի՜նչ ամպագոռգոռ կհրամցվեր հասարակությանն այն տեղեկությունը, թե ներկայացված փաստաթղթի տակ դրված ստորագրությունը չի պատկանում Միրզոյանին։ Լռում են։ Հետևաբար՝ այդ ամենը ճիշտ է։ Նույնքան ճիշտ, որքան օտարերկրյա հետախուզության գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունները ԱԺ մեկ այլ պատգամավորի և Փաշինյանին չափազանց մտերիմ անձի՝ Բաբաջանյանի մասին։
Մինչդեռ վերջին շրջանում փորձագետներն ու ԶԼՄ-ները գրում են Ապրիլյան պատերազմի հարցերով «Անդոն» Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի գործունեության հետ կապված կասկածների մասին։ Կասկածները վերաբերում են նրան, որ հանձնաժողովի ստեղծումը կարող էր լինել թուրքական հատուկ ծառայությունների պատվեր՝ երրորդ Արցախյան պատերազմի հենց նախօրեին գաղտնի տվյալներ հավաքելու նպատակով, այդ թվում՝ ՀՀ Զինված ուժերի մասին։ Սակայն փաստերով հիմնավորված այս հրապարակումներն էլ չեն արժանանում գերատեսչության ուշադրությանը, որը պարտավոր է ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը։
Փոխարենը՝ թե՛ Միրզոյանի, թե՛ Բաբաջանյանի, թե՛ «Անդոնի» անվտանգությունը, չենք խոսում արդեն նրանց շեֆի մասին, ԱԱԾ-ն ապահովում է մեծագույն եռանդով։ Փոխարենը՝ ԱԱԾ-ն բացահայտեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ղեկավարին և նրան «պերսոնա նոն գրատա» հայտարարեց բավական կասկածելի հանգամանքներում։ Չէ, իհարկե, մենք չենք կասկածում, որ աբսուրդի երկրի վերածված մերօրյա Հայաստանում հնարավոր է ամեն ինչ, այդ թվում անգլիացի հետախույզ՝ ՄԱԿ-ի ներկայացուցչությունում։ Բայց ախր Օմեգան, Արմանը և «Անդոնը» արժանի են շատ ավելի սևեռուն ուշադրության։
Հենց թեկուզ այն ակնբախ պատճառով, որ գրեթե անսահմանափակ հնարավորություն ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության կենսական շահերի տեսանկյունից պետական գաղտնիք հանդիսացող տվյալներից։