ԿՈՎԻԴԻ ԵՐՐՈՐԴ ԱԼԻՔԻ ՏԱԿ
Ազգային դեղորայքային քաղաքականությունը՝ որպես ճանապարհ դեպի դժոխք
Ս.թ. մարտի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը «հանգստացրեց» մտահոգ հասարակությանը այն հաղորդագրությամբ, որ համավարակի ցուցանիշների ամենօրյա աճի պայմաններում կառավարությունը դեռևս չի քննարկում խիստ սահմանափակումներով լոքդաուն սահմանելու հարցը…
COVID-19-ի փաստացի արդեն բարձրացած երրորդ ալիքին հակազդելու Առողջապահության նախարարության դեղատոմսը ոչ մի փոփոխության չի ենթարկվել. դիմակներ կրել, լվանալ ձեռքերն ու սոցիալական հեռավորություն պահպանել, այսինքն կառավարությունը բնակչության փրկության գործն առաջվա պես բարդում է հենց բնակչության վրա, բթամտորեն չհասկանալով, որ այդուհանդերձ հենց ինքն ունի որոշակի պարտավորություններ ու գործիքներ, և վարակի դեմ պայքարի նկատմամբ լոկ համակողմանի մոտեցումը կարող է հաջողություն բերել: Իսկ մարդիկ շարունակում են մահանալ…
Փաշինյանի կառավարությունն արդեն ուղիղ մեկ տարի շարունակ զբաղվում է կովիդի վարակի դեմ պայքարի անիմաստ իմիտացիայով։ Ընդ որում հետաքրքիր է, որ իշխանությունն ու անձամբ վարչապետ Փաշինյանը ցանկացած ճգնաժամի մեջ մշտապես տեսնում են նոր հնարավորություններ, համենայն դեպս՝ ազդարարում այդպիսիք, բայց... ոչ մի կերպ չեն օգտագործում։ Իսկ չէ՞ որ նոր հնարավորություններ իսկապես բացվում են և դրանք առկա են նախևառաջ պատվաստանյութերի համատեղ արտադրության ոլորտում, ինչը կարող է դառնալ ազգային դեղամիջոցների կլաստերների և ամբողջությամբ վերցրած՝ ԵԱՏՄ ընդհանուր դեղագործական շուկայի աճի նոր շարժիչ ուժ։
Մինչդեռ ԵԱՏՄ պետությունների դեղագործական ոլորտի ինտեգրման հասունացած անհրաժեշտության մասին տարբեր մակարդակներով խոսվում է դեռևս անցած տարվանից։ Ինտեգրացիոն «հնգյակի» երկրները բռնկված համավարակի պայմաններում կանգնել են դեղամիջոցների և բժշկական տեխնիկայի անբավարարության հրատապ խնդրի առջև, որն առաջացել է տարբեր բնույթի պատճառներով. պատժամիջոցներից և ֆինանսական պակասուրդից մինչև հումքի պակաս կամ դրա թանկություն:
Եվ իրական միավորման համար այդ տեսանկյունից լավ հիմք է դարձել պատվաստանյութերի համատեղ արտադրության զարգացումը Եվրասիական տարածքում։ Հենց դա էր Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ղեկավարության հետ ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի դեկտեմբերյան հանդիպման հիմնական թեման: Ընդ որում, ինչը շատ կարևոր է, մասնագետները պնդում են, որ համատեղ արտադրության գործընթացում ներգրավվեն միության բոլոր մասնակից երկրները, քանի որ ինչ-որ տեղ կարող է ավելի էժան ու մատչելի լինել հումքը, իսկ ինչ-որ տեղ պակաս էներգատար են արդյունաբերական հզորությունները:
Եվ նախանշված ծրագրերից արդեն ողջ թափով օգտվում են ԵԱՏՄ երկրները. բոլորը, բացի Հայաստանից։ Այսպես, Բելառուսը տեղում սկսում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը։ Ինչպես հայտարարել է երկրի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը, մարտի սկզբին «Բելմեդպրեպարատի» ձեռնարկության հարթակներում սրվակալցվել է այդ պատվաստանյութի առաջին տեստային բաժնեքանակը: «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաժնեքանակի կայունության ուսումնասիրության արդյունքները ստանալուց հետո կանցկացվի պատրաստուկի արդյունաբերական սերիաների մշակումը»,- ընդգծել Է պաշտոնյան:
Ուշադրության տակ առան ռուսական պատվաստանյութը նաև Ղազախստանում, որտեղ նշեցին դրա պատշաճ որակը՝ համանման պատրաստուկների համեմատ։ Ինչպես հայտարարել է «Կարագանդայի դեղագործական համալիր» (ԿԴՀ) ՍՊԸ-ի տնօրեն Երիկբեկ Ագատանովը, պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պատրաստվում են սկսել մարտի կեսերին: Ղազախստանյան հզորություններով թողարկված «Սպուտնիկ V»-ի փորձնական նմուշները ուղարկվել են Գամալեայի անվան ՀՄԱՀԿ՝ որակի գնահատման համար։ Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա ստուգումից հետո ընկերությունն արդեն մարտին հանրապետության բուժհաստատություններին կփոխանցի 80 հազար դեղաչափ, իսկ ապրիլին կհասնի 600 հազար դեղաչափ ծավալի։ Ղազախստանցի մասնագետները նշել են ռուսաստանյան պատվաստանյութի անվտանգությունն ու բարձր արդյունավետությունը։
Իսկ այ Հայաստանը, ունենալով դեղամիջոցների և բուժտեխնիկայի պակաս, շարունակում է, այսպես ասած, «ինքնավար» գոյությունը, ելնելով իբր ազգային դեղորայքային քաղաքականության սկզբունքներից և ոչ մի կերպ չօգտագործելով ԵԱՏՄ ինտեգրացիոն հնարավորությունները։ Նման կեղծ ազգային քաղաքականությունը, երբ երկիրը գերադասում է ինքնուրույն լուծել դեղագործական խնդիրները, հանգեցրել է նրան, որ Հայաստանում շարունակում են մահանալ մարդիկ, իսկ զանգվածային պատվաստումների մասին այսօր խոսք անգամ չկա, թեև Ռուսաստանի կառավարությունը դիտարկում է իր պատվաստանյութը առաջնային կարգով ԵԱՏՄ երկրներ մատակարարելու հնարավորությունը։
Հայաստանը շարունակում է առավելապես ապավինել միջազգային հանրության աջակցությանը, մասնավորապես՝ COVAX Facility նախաձեռնությանը, որը նախատեսված է ամենաաղքատ երկրների համար, որոնք հույս ունեն գոնե ինչ-որ պատվաստանյութ ստանալ իջեցված գներով: ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով արդեն կանխավճար է փոխանցվել՝ գնելու համար (հայտնի չէ, թե երբ) AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության պատվաստանյութը, որն ամենից անարդյունավետն է եղածներից և ընդ որում՝ ամենից խնդրահարույցը: Պատահական չէ, որ արդեն 13 երկրներ հրաժարվել են այդ պատվաստանյութից։ Երեկ, ինչպես հաղորդեց Սլովակիայի հեռուստատեսությունը, այդ երկրում նշված պատվաստանյութն ընդունելուց հետո մահացել է երիտասարդ ուսուցչուհի…