HALO TRUST-Ի ԳՈՐԾԸ. ՎՍՏԱՀԵԼ, ԹԵ՞ ՉՎՍՏԱՀԵԼ
Բրիտանական շեշտադրությամբ լրտեսական սկանդալները շարունակում են ցնցել հայոց աշխարհը։ Չէին հասցրել հանդարտվել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի շուրջ փոթորկվող կրքերը, երբ անմիջապես ճայթեց հաջորդ սենսացիան, որի հեղինակ դարձավ լայն հանրությանը առ այսօր անհայտ Բորիս Ավագյանը՝ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը: Մարտի 11-ին նա հայտարարեց, թե HALO Trust կազմակերպությունը, որը երկար տարիներ Արցախում իրականացրել է ականազերծման աշխատանքներ, Թուրքիային և Ադրբեջանին է փոխանցել ականադաշտերի քարտեզները, ինչը թշնամու զորքերի համար հեշտացրել է ականապատ տարածքների հաղթահարումը և առաջխաղացումը հանրապետության խորք:
Ոչ մի փաստ, ապացույց կամ աղբյուրի վկայակոչում Ավագյանը չի ներկայացրել։ Բուն կազմակերպության արձագանքը հաջորդեց իսկույն ևեթ. բնականաբար, մեղադրանքներն անվանեցին «բացարձակ սուտ»։ Հայտարարության մեջ նշվում էր, որ «HALO Trust-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է»:
Այո, հանրապետության տարածքների ականազերծման աշխատանքների իրականացման մոտ երկու տասնյակ տարիների ընթացքում կազմակերպությունը հարգանք է վայելել և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում։ Նշենք, որ ԱՄՆ-ի հայ համայնքը մեկ անգամ չէ, որ կարողացել է հասնել երկրի կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնություն տրամադրելուն հենց հետբախումնային տարածքների համար այդ կարևորագույն աշխատանքը շարունակելու նպատակով։ Դժվար է հիշել HALO Trust-ի գործունեությունից դժգոհության թեկուզ չնչին իսկ ակնարկ, իսկ առավել ևս՝ կասկած լրտեսության մեջ, համենայն դեպս՝ հրապարակավ։
Եվ հանկարծ՝ ահա այսպիսի լուրջ մեղադրանք, ընդ որում՝ ամենից արդիական և հաճախ տրվող հարցերից մեկի առնչությամբ, որը հանգիստ չի տալիս հայությանը ահա արդեն ավելի քան 4 ամիս շարունակ. ինչպե՞ս հաջողվեց թուրքերին հաղթահարել ականապատ դաշտերն ու հասնել Արցախի սրտին՝ Շուշի։ Ուրեմն ինչի՞ համար էր իրականացվել ականապատումը։ Եվ հենց հարցի հրատապ ու ցավագին բնույթը առանձնակի հնչեղություն հաղորդեց այդ «բացահայտմանը»։
Բնականաբար, կողքից դիտողի համար չափազանց դժվար է հասկանալ, թե որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը։ Մանավանդ որ բրիտանական կազմակերպության կողմից ականադաշտերի քարտեզների փոխանցման վարկածն ինքնաբերաբար չեղարկում է Հայաստանի և Արցախի իշխանություններին հասցեագրված դավաճանության մեղադրանքների մի ամբողջ շերտ։ Պաշտոնական հայտարարությունների և անձամբ Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համատարած անվստահությունը ծնեց բազմապիսի մեկնաբանություններ ու գնահատականներ՝ բավական անմիանշանակ։ Օրինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կասկածի տակ առավ այն, թե «Հայաստանի իշխանությունները այդ մասին չեն իմացել։ Կամ՝ Արցախից մնացած փոքր կտորի նախագահը»։ «Թույլ տալով, որ թուրքին հանձնվի ականապատված տարածքների քարտեզները, դուք թույլ եք տվել, որ թշնամին անարգել անցնի անանցանելի տեղանքներով»,- հայտարարեց նա:
Մինչդեռ Հարությունյանի աշխատակազմը բավական տարօրինակ դիրք է գրավել։ Նրա մամլո քարտուղար Լուսինե Ավանեսյանը չհաստատեց, բայցև չհերքեց Ավագյանի խոսքերը։ Նա լոկ ասաց, որ այդ հայտարարությունը չի արտացոլում նախագահի տեսակետը՝ դրանով իսկ համենայն դեպս անջրպետվելով հայտարարությունից։ Ընդ որում Ավանեսյանը հաստատեց, որ HALO Trust-ն առաջվա պես աշխատում է Ղարաբաղում։
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով խորհրդական, ներկայումս հեղինակավոր փորձագետ և «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը հաղորդեց, որ բրիտանական կազմակերպությունը հասանելիություն ունեցել է Արցախի տարածքի ոչ բոլոր հատվածներին և հատկապես առաջնագծում որևէ աշխատանք չի իրականացրել։ Նրա խոսքերով, աշխատանքներ են իրականացվել հիմնականում թիկունքում, որտեղ տարածքները մաքրվելուց հետո օգտագործվել են գյուղատնտեսական նպատակներով։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մասին հայտնել է Արցախի նախագահի ներկայացուցիչը, համարում եմ, որ համապատասխան կառույցները պետք է արագ արձագանքեն դրան։ Որովհետև թեման ամենասովորականներից չէ և իր մեջ անվտանգային առումով լուրջ սպառնալիքներ է պարունակում», - նշեց Աբրահամյանը։ Եվ հավելեց, որ դժվար թե ընկերությունը տվյալներ ունեցած լինի ողջ Արցախի տարածքում ականապատ տարածքների վերաբերյալ, և նույնիսկ եթե ինչ-որ տեղեկատվություն տրամադրվել է նրան, ապա դա կարող է վերաբերել սահմանափակ տարածքի։
Մի քանի օր անց նույն Բորիս Ավագյանը հայտնեց, որ Արցախի ԱԱԾ-ն սկսել է HALO Trust-ի գործունեության հետաքննությունը։ Այսպիսով ստացվում է, որ չունենալով պաշտոնական քննության տվյալների տեսքով ապացույցներ, Ավագյանը հրապարակավ շատ լուրջ հայտարարություններ է անում, և միայն դրանից հետո է ԱԱԾ-ն սկսում ստուգումը։ Թեև այդչափ նրբաբնույթ հարցում տրամաբանական կլիներ հակառակ ընթացքը. անցկացնել պրոֆեսիոնալ հետաքննություն և միայն դրանից հետո, ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում հայտարարել լրտեսության մասին։
Կա ևս մեկ կարևոր պահ. Իլհամ Ալիևը, ինչպեսև ընդհանրապես ադրբեջանական կողմը, բազմիցս հանդես է եկել ականադաշտերի քարտեզն իրենց տրամադրելու պահանջով։ Ավելին, Բաքուն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների տեսքով որևէ հիմք չունենալով հանդերձ՝ տարբեր միջազգային ատյաններում բողոքում է, որ Արցախի իշխանությունները հրաժարվում են դա անել։ Հասկանալի է, որ այդ քարտեզը խիստ անհրաժեշտ է Ալիևին՝ Արցախի գրավյալ տարածքներում լայնածավալ շինարարական և այլ աշխատանքներ կատարելու համար։ Բացի այդ, Ադրբեջանի քաղաքացիները պարբերաբար պայթում են ակաների վրա, ընդ որում՝ ոչ միայն դիակապտությամբ զբաղվողները, այլև զինվորականներն ու պետական տարբեր հաստատությունների աշխատակիցները, որոնք Արցախ են ուղարկվել իշխանական կառույցների կողմից։ Հասկանալի է, որ եթե Բաքուն կամ Անկարան քարտեզ ունենային, ապա կօգտվեին դրանից՝ սեփական քաղաքացիների և իրականացվող աշխատանքների անվտանգության համար։
Ամեն դեպքում իրավացի է Տիգրան Աբրահամյանը՝ համարելով, որ համապատասխան կառույցները պարտավոր են արագ արձագանքել, քանի որ իրավիճակը լուրջ վտանգներ է պարունակում։ Մանավանդ որ HALO Trust-ը շարունակում է աշխատել Արցախում։ Եթե տեղեկատվությունը ճիշտ է, ի՞նչ երաշխիք կա, որ բրիտանացիները չեն շարունակում լրտեսական գործունեությամբ զբաղվել՝ ներկայումս էլ իրական վտանգներ ստեղծելով արցախցիների համար։ Իսկ եթե դա չհաստատվի, ինչպե՞ս է մտադիր Ստեփանակերտը դուրս գալ այդ սկանդալից, որն այս պահին բացարձակապես պետք չէ Արցախին և լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում արտաքին աշխարհի հետ շփումներում։ Որոնք առանց այդ էլ չափազանց բարդացել են նոյեմբերի 9-ից հետո։
Իսկ գլխավոր խնդիրն այն է, որ կարելի է գրեթե չկասկածել. այս սկանդալը, ինչպեսև բազմաթիվ այլք, կոծկվելու և մոռացվելու է։ ԱԱԾ-ի քննության արդյունքները, եթե անգամ դա իրականացվի, դժվար թե ներկայացվեն հանրությանը։ Եթե Հայաստանի և Արցախի ղեկավարությանը թվում է, թե օտարերկրյա կազմակերպության հասցեին մերկախոս մեղադրանքով իրենց վրայից թոթափել են պատասխանատվությունը ականապատ տարածքներով ադրբեջանա-թուրքական զորքերի հեշտ առաջխաղացման հարցում, ապա դա պատրանք է։ Փոխարենը՝ արտաքին խաղացողների հետ շփումներում նոր դժվարությունները ամենաիսկական իրողություն են։ Հուսով ենք՝ ստեղծված ոչ թե միտումնավոր, այլ, ասենք այսպես, անիրազեկության բերումով։ Թեև պարզ է, որ Փաշինյանի իշխանությունից կարելի է սպասել ինչ ասես. բառի բուն իմաստով…
Ի դեպ, կազմակերպության անվան երկրորդ բառը՝ Trust, նշանակում է վստահություն: HALO Trust-ը, կարծում ենք, առանձնապես շատ բան չի կորցնի՝ հեռանալով Արցախից, քանզի եզակի և աշխարհում բարձր հեղինակություն վայելող կազմակերպություն է։ Շատ ավելի ուժգին դա կարող է հարվածել հենց իշխանություններին. թե՛ ներքին, թե՛ արտաքին վստահության առումով։ Եթե, իհարկե, արտաքին ու ներքին լսարանին օպերատիվ կերպով չներկայացվեն մեղադրանքի հավաստիության արժանահավատ ու համոզիչ ապացույցներ։