ԼԵՎՈՆԸ ՆԻԿՈԼԻՆ ՎԱՆՈՅԻ ՄՈՏ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ

Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ լավ կլինի, եթե Նիկոլը փասա-փուսան հավաքի ու ծպտյալ կարգավիճակով գոնե երկու-երեք տարի ծվարի Հայաստանից հեռու ինչ-որ տեղ, մեծ վրդովմունք առաջացրեց ուսապարկերի խմբակցությունում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը. դե, հենց այն, որը կատակերգական սկետչների հերոս է դարձել, ընդհանրապես կատաղության մեջ էր. այդ ո՛նց համարձակվեց Լևոնը նման բան առաջարկել։

Շատ պարզ, սիրելի Հովիկ, նախկին նախագահի առաջարկի մեջ իռացիոնալ ոչինչ չկա։ Անհետացման հնարքը մի անգամ արդեն կիրառվել է։ Կերպարներն այլ են, հանգամանքները՝ այլ, իսկ այ աճպարարության դրդապատճառները՝ շատ նման։

Ինչո՞վ է հիմնավորում Տեր-Պետրոսյանը։ Ասում է՝ Նիկոլին պետք է հեռացնել, բայց ո՞նց։ Ռազմական հեղաշրջումը վատ բան է. կասեն՝ դուք ի՞նչ գրողի տարած ժողովրդավարներ եք։ Հանրահավաքների ճնշման տակ, դե, չի հեռանում, չի ուզում։ Ընտրություններ անցկացնելը՝ կառավարության ղեկավարի պաշտոնում Փաշինյանի առկայությամբ, բացարձակապես ոչ պիտանի գաղափար է, կարող ենք պետության մնացորդներն էլ փլուզել… Լևոնը դեռ լուռ է մնում այն մասին, որ Նիկոլին դատելն էլ մեկ այլ պատուհաս է. այնքան կեղտ դուրս կգա մակերես, որ «վա՜խ, մամա ջան»։

Իսկ հիմա անդրադառնանք մեր պատմական փորձին, որի մասին վերնագրում, ըստ էության, արդեն ասված է։ Դա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։ Ավելի վաղ հարուցված քրեական գործը՝ ՆԳՆ տանիքի տակ գործող հատուկ խմբի մասին, որն ավելի շատ համապատասխանում էր «հանցախումբ» հասկացությանը, ավարտվեց արդեն առաջին նախագահի հեռանալուց հետո: Այդ հանցախումբը զբաղվում էր տարբեր հատուկ հանձնարարություններով. պարտապաններից փող կորզելուց մինչև սպանություններ։ Եվ հետաքննության ընթացքը դուրս բերեց ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վրա. ցուցմունքներով ստացվում էր, որ նա տեղյակ է եղել և ոչ միայն տեղյակ։

Ահա այդպիսի կերպարանափոխություն էր տեղի ունեցել երբեմնի բավական լավ գրողի և «Ղարաբաղ» կոմիտեի անդամի հետ այն բանից հետո, երբ նա ակնհայտորեն չափից ավելի երկար էր նստած մնացել նախարարի աթոռին, բայց դա այլ խոսակցություն է։

Վանո Սիրադեղյանն այն ժամանակ հայտարարեց, որ քավության նոխազ լինելու մտադրություն չունի։ Այսինքն թափանցիկ ակնարկեց, որ եթե ուզենան ամբողջ գործը կախել իր վրա, ապա կարող է այլ անուններ էլ տալ. նրանց, ովքեր տեղյակ են եղել անօրինությունների մասին։ Եվ մեկ էլ տեսար՝ կպարզվեր, որ հանցախմբի «սխրանքները» հայտնի են եղել նաև պետական այլ նշանավոր այրերի։ Փակուղային իրավիճակ։ Կդատեին Վանոյին, նրան մահապատիժ կսպառնար. տգեղ բան կստացվեր ու նախկին նախարարի անկեղծացումների վտանգ կառաջանար։ Սուսուփուս վերացնե՞լ։ Բոլորը կհասկանային, թե ում ձեռքի գործն է դա. էլ ի՞նչ ժողովրդավարներ այդ դեպքում։ Բացի այդ, ոնց էլ շրջես, իրենց շան որդի էր Վանոն, օտար չէր, սրիկայություն կնայվեր այդ ամենը։

Բայց Սիրադեղյանին ազատ արձակել էլ չէին կարող, ամեն ինչ չափազանց հեռուն է գնացել։ Ահա և դիմեցին անհետացման հնարքին։ Ազատվեցին նախկին զինակցից, բայց այնպես, որ և՛ հանցախմբի գործը հասցնեն մինչև վերջ, և՛ ընկերակցին հնարավորություն տան տեսնել արևը ոչ բանտախցից։ Դե, և միաժամանակ ապահովեն նրա լռությունը՝ նշյալ աճպարարության դիմաց։ Եվ Վանոն անհետացավ։ Իզով-թոզով. Կիոն կնախանձեր։ Տարբեր լուրեր էին շրջում, ընդհուպ մինչև բարեկամ Ֆրանսիայի դեսպանատանն ուղղված սլաքներ։ Բայց այդ ամենը լոկ ասեկոսեներ էին։

Մի ժամանակ, ճիշտ է, Վանոն սկսեց կեղծանունով հոդվածներ տպել նիկոլական թերթում, բայց հետո այդ զբաղմունքից էլ ձեռ քաշեց: Իսկ ընկերները պարբերաբար բարձրացնում էին նրան վերադառնալ թույլ տալու հարցը։ Վերջին անգամ արդեն նոր իշխանության օրոք այդ ուղղությամբ ակտիվ քարոզչություն էր տանում Արարատ Զուրաբյանը։ Իսկապես, թվում էր՝ ուրիշ էլ ե՞րբ անել դա, եթե ոչ «թավշից ու սիրուց» հետո։ Բայց չարեցին։ Ինչո՞ւ։ Կարելի է միայն կռահել։ Այնուամենայնիվ ավելի քան 20 տարի է անցել։

Ինչևէ, մեր նորագույն պատմության մեջ էլ մենք արդեն ունենք մարդու անհետացման փաստ, ընդ որում՝ բնավ ոչ շարքային։ Խաչատուր Աբովյանը միակը չէր։ Այնպես որ Տեր-Պետրոսյանի առաջարկը նոր չէ, ինչպեսև ամեն ինչ այս արևի տակ։ Խնդիրների լուծման այդ եղանակը լավ ծանոթ է նրան։ Ըստ էության, դեռևս ընկեր Ստալինն է ասել. չկա մարդը՝ չկա խնդիրը։ Բայց հիմա մարդասիրության դար է, ստալինյան մեթոդները պիտանի չեն, անհետացումով աճպարարություններն ավելի են համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Բացի այդ, եթե Վանոյի մոտ ամեն ինչ կարգին է, ապա Նիկոլի հետ նրա կյանքն ավելի ուրախ կլինի։