ՆԻԿՈԼԻ ԽՈՍՔԸ ՀԻՄՔ ՉԷ
ԽՍՀՄ-ի ուշ, փլուզման ժամանակների անեկդոտ։ Էստոնացին ոսկե ձկնիկ է բռնում։ Վերջինս ասում է. «Բաց թող ինձ, երեք ցանկություն կկատարեմ»: Էստոնացին հեռու է շպրտում նրան։ Նորից է բռնում։ Ձկնիկը. «Բաց թող ինձ, երեք ցանկություն կկատարեմ»: Էստոնացին կրկին ծովն է շպրտում նրան։ Բռնում է երրորդ անգամ։ Եվ ձկնիկը նորից ասում է. «Բաց թող ինձ, երեք ցանկություն կկատարեմ»։ Զայրացած էստոնացին պոչից ճանկում է ձկանը, զարկում գետնին ու մռթմռթում. «Ռուսերեն մի՛ խոսիր, ռուսերեն մի՛ խոսիր, ռուսերեն մի՛ խոսիր...»։ Ահա այսպիսի դաժան անեկդոտ։
ԱՍՈՑԻԱՏԻՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՆ Է: Հիշեցի այդ անեկդոտը այն բանից հետո, երբ տեղեկացա Նիկոլի հայտարարության մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ցանկություն առաջացավ այն էստոնացու պես զայրացած բացականչել. «Մի՛ հավատա Նիկոլին, մի՛ հավատա Նիկոլին, մի՛ հավատա Նիկոլին..»։
Ըստ էության, առանց իմ բացականչելու էլ բոլորը հասկանում են դա։ Հիշում եմ, մանկական հաշվեպարզումների ժամանակ, երբ պետք էր ապացուցել սեփական խոսքերի հիմնավորվածությունը, այլապես քիթ-մռութիդ կստանայիր, չէր կարելի վկայակոչել աղջիկներին, քանի որ տղեկական ընկերախմբում համարվում էր, որ «աղջկա խոսքը հիմք չէ»: Ահավոր հակագենդերային է դա, իհարկե, և անասելի վրդովեցուցիչ՝ եվրոպական չափանիշների լույսի ներքո, բայց ստացվում է, որ դեռ այն ժամանակ մենք ողնուղեղով զգում էինք, որ պետք է ինչ-որ տարբերություն լինի տղայի և աղջկա խոսքի միջև։ Ահա ուրեմն, հարկ կա՞ որևէ մեկին համոզել, որ «Նիկոլի խոսքը հիմք չէ»։ Դժվար թե։
Դա չի նշանակում, թե հունիսի 20-ին ընտրություններ չեն լինելու։ Բայց դրանք կլինեն միայն այն ժամանակ, երբ այս ինքնագոհ իշխանության վրա գործադրվող ճնշումն անդադար աճի։ Այլապես մեր ուսապարկային աղջիկը մեկ ամիս անց կրկին կասի, թե Նիկոլի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Ինչպես մեկուկես ամիս առաջ այդ մասին հպարտ բարբառում էր Լիլիթ Մակունցը։ Նիկոլ Փաշինյանի անգլերենի մեր այն լեգենդար ուսուցչուհին, որը նաև նույն ինքը մշակույթն է, վերլուծաբանը, դիվանագետը և խմբակցության ղեկավարը։
Նիկոլի հայտարարությունն այն մասին, թե հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, ով ինչ ուզում է՝ ասի, ընդդիմության հաղթանակն է։ Դրա հետևողական ջանքերի արդյունքը։ Այլապես Նիկոլ Փաշինյանը կշարունակեր հանգիստ նստած մնալ տեղում։ Հաղթանակ, բայց ոչ վերջնական, և մեծ հիմարություն կլինի կարծել, թե խնդիրը լուծված է։ Այդ հաղթանակը դեռ պետք է ապահովել ու հիշել, որ սա միայն մինիմում ծրագիրն է՝ Նիկոլին, իր ուսապարկերին ու այն վարչարարներին իշխանությունից հեռացնելու ճանապարհին, որոնք օդանավեր են կորցնում, չեն կարողանում հաշվետվություն ներկայացնել Սփյուռքի հավաքած միջոցների ծախսման վերաբերյալ, կորոնավիրուսի համաճարակի դեմ մաքառում են միայն բանավոր, պատվաստանյութ ձեռք բերում առաջին հերթին իրենց համար, անհնազանդ դատավորների մոտ ուղարկում են ԱԱԾ աշխատակիցներին, իսկ զենքի ցուցահանդեսներին գեղեցիկ բուկլետներ են տանում։ Հիմա էլ հոգեվարքի մեջ արդեն բռունցքներին են ազատություն տալիս հասարակական վայրերում։
Նիկոլի ինչի՞ն է պետք ևս երեք ամիսը։ Անհրաժեշտ է արագացնել նրա հրաժարականի գործընթացը, պահանջել, որ նա օր առաջ հեռանա։ Այսինքն ընդդիմության նախկին բոլոր պահանջները պետք է ուժի մեջ մնան. Նիկոլի հրաժարականը և Վազգեն Մանուկյանին ժամանակավոր վարչապետ նշանակելը։ Իսկ եթե անգամ ընտրություններ, ապա օր առաջ։ Երեք ամսվա ընթացքում սրանք դեռ ինչե՜ր կարող են բերել մեր գլխին։