ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՇՆՈՐՀ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
Փաշինյանի կառավարությունը փոշիացրեց իր նախորդների աշխատանքի արդյունքները
Ս.թ. մարտի 18-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը կարևորեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ջանքերը, մանավանդ որ, ինչպես նշեց նա, դա գործնականում միակ ոլորտն է, որը նախորդ տարվա արդյունքներով աճ է գրանցել: Հիշեցնենք, որ այդ աճն արտահայտվել է համեստ 1,4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բայց կառավարության նույնիսկ այդ «մեծ նվաճումը» ջնջեց իր ռեպլիկով անպատեհ մեջ ընկած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կցկտուր հաղորդելով, որ Վիճկոմիտեն արդեն հասցրել է վերանայել այդ ցուցանիշը, այսինքն հասկացնել տվեց, որ գյուղատնտեսությունը նույնպես չարժե դասել աճ արձանագրող ոլորտների շարքը…
Երեք տարի առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը Նիկոլ Փաշինյանին թողեց բավական լավ ժառանգություն՝ դինամիկ զարգացող տնտեսության տեսքով։ Մինչնիկոլյան վերջին կառավարությունը մեկուկես տարվա ընթացքում կարողացել էր դրական բեկում մտցնել տնտեսական իրավիճակում, լավ հիմք ստեղծել հետագա կայուն զարգացման համար։ Այդպես, շարունակելով 2017-ի դրական դինամիկան, 2018-ի առաջին եռամսյակում արձանագրվել էին աճի երկնիշ տեմպեր՝ ինչպես տնտեսական ակտիվության ցուցանիշով (+10,6%), այնպես էլ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում (+37,4%), ընդ որում արտահանումը ցուցաբերել էր 34,4%-ի մակարդակի աճ։ Եվ այդչափ բարձր տնտեսական ցուցանիշները մեզ շարունակական ու բավական բարձր տնտեսական աճի հույս էին ներշնչում, որը 2-3 տարվա հեռանկարում, այսինքն՝ ներկա պահին, ամենաբարենպաստ ձևով կանդրադառնար մարդկանց նյութական «ինքնազգացողության» վրա։
Բայց ահա ճայթեց «թավշե հեղափոխությունը», և ի՞նչ ունենք այսօր։ Հենց նույն գյուղատնտեսության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում վերջին 3 տարիներին կրճատվել է 110 մլրդ դրամով. 2017-ին արձանագրված 834,3 մլրդ դրամից նվազելով 724,5 միլիարդի՝ 2020-ին: Գյուղատնտեսական հինական մշակաբույսերի ցանքատարածությունները 2017-ին կազմում էին 294,5 հազար հեկտար, մինչդեռ 2020-ին նվազել են մինչև 222,8 հազար հեկտարի: Օրինակ, ցորենի ցանքատարածությունները 2017-ին զբաղեցնում էին 82,4 հազար հեկտար, իսկ 2020-ին կրճատվել են մինչև 59,4 հեկտարի։ Համապատասխանաբար, եթե 2017-ին ցորենի համախառն բերքը կազմել է 176,4 հազար տոննա, ապա 2020-ին՝ ընդամենը 131,9 հազար տոննա։ Ռազմավարական մթերքի սեփական արտադրության անկման պատճառով աճել է ցորենի ներկրումը. 2017-ին ներկրվել է 312,6 հազար տոննա, իսկ 2020-ին՝ արդեն մոտ 350 հազար տոննա։ Տարեցտարի երկիր է ներկրվում նաև ավելի մեծ քանակությամբ ալյուր։ Համապատասխանաբար, ինքնաբավության աստիճանը, այսինքն Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը 33,2%-ից նվազել է 25,9%-ի (2019 թվականի ցուցանիշը)։ Եվ դժվար թե ագրարային ոլորտում արժեր առաջընթաց ակնկալել, եթե Փաշինյանի կառավարության առաջին արարքներից մեկը գյուղատնտեսության նախարարության անխոհեմ լուծարումն էր։
ԲՆԱՎ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՉԷ ԱՅՍՕՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆԱԵՎ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ։ Վերջին տարիներին, նախքան պոպուլիստների կառավարության իշխանության գալը, Հայաստանի տնտեսական աճն ապահովվում էր առավելապես արտահանման ոլորտների հաշվին (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայություններ), ինչն առավել կայուն է և հետևաբար՝ տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի հեռանկարային։ Կարեն Կարապետյանի կառավարությունն իրականացրեց մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնք ուղղված էին շինարարության ոլորտում պահանջարկի խրախուսմանը։ Մասնավորապես, կարելի է առանձնացնել պետծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագիրը, «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը։ Բացի այդ, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությամբ նախատեսված էր վճարված եկամտահարկից գումարների վերադարձ՝ բնակարան ձեռք բերելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի վերցրած հիփոթեքային վարկի սպասարկման համար:
Փաշինյանի կառավարության գործունեության ընթացքում ոչ միայն չի իրականացվել ոչ մի արդյունաբերական նախագիծ, իսկ վարչապետի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացված մի քանի գործարաններ կարճ ժամանակ անց դադարեցրել են իրենց գործունեությունը, այլև կանգ են առել գործող արդյունաբերական ձեռնարկությունները։ Օրինակ, երբ կանգ առավ Ալավերդու պղնձաձուլարանը, Հայաստանում դադարեց սև (չռաֆինացված) պղնձի արտադրությունը։ Դրանով հետընթաց քայլ արվեց հանքաքարի ավելի խորը վերաբաշխման գործում, և երկիրն այդ առումով կրկին հետադիմեց, անցնելով պղնձի խտանյութի արտադրության։ Արցախում տանուլ տված պատերազմի հետևանքով զգալիորեն նվազել է նաև Սոթքի ոսկու արդյունահանման ծավալը. հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» (GPM Gold) ընկերությունը դրա հետևանքով մտադիր է կրճատել 300 աշխատատեղ:
Օրերս ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան հաղորդեց, որ այսօր Հայաստանի արտադրական հզորությունների օգտագործման մակարդակը կազմում է մոտ 46%, և դա ամենացածր ցուցանիշներից մեկն է ԵԱՏՄ երկրների շարքում: Այսպիսով, նույնիսկ երկրում առկա արդյունաբերական ձեռնարկություններն այսօր աշխատում են միջին հաշվարկով կեսից էլ պակաս հզորությամբ։
Ի լրումն նշենք, որ Կարեն Կարապետյանի կառավարության կողմից հավաքվել ու մշակվել էր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ներդրումային ծրագրերի փաթեթ։ 2017 թվականին տարբեր ոլորտներում իրականացվել էին մի շարք նշանակալի ծրագրեր. օրինակ, զբոսաշրջության ոլորտում դա, մասնավորապես, Ibis հյուրանոցի բացումն էր Երևանի հենց կենտրոնում, ինչպես նաև 5-աստղանի Radisson Blu Hotel Yerevan հյուրանոցային համալիրի բացումը, որտեղ ստեղծվել էր 135 աշխատատեղ: Արդյունաբերության ոլորտում նշենք «Ջերմուկ գրուպի» նոր գործարանը, որը բացվեց Վայոց Ձորի մարզում և որում ներդրվել էր 5 մլրդ դրամ։ Իտալացիները սկսել էին Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի շինարարությունը։ Բացի այդ, մեկնարկ էր տրվել կանաչ էներգետիկայի ոլորտի նախագծերին, օրինակ՝ «Մասրիկ» և «Դաշտադեմ» արևային էլեկտրակայանների շինարարությանը, համապատասխանաբար 55 և 12,5 ՄՎտ հզորությամբ, 34 մեգավատտ հզորությամբ «Սեմյոնովկա» հողմաէլեկտրակայանի կառուցմանը: Զբոսաշրջության ոլորտում նշենք «Կումայրի» ճարտարապետական արգելոցի վերականգնման ծրագիրը Գյումրի քաղաքում։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի կառավարությանը, ապա դա ոչ միայն չի կարող պարծենալ բերած ներդրումների փոքրիշատե պարկեշտ մակարդակով, այլև ի վիճակի չէ նույնիսկ արագ տեմպերով ավարտին հասցնել նախորդ կառավարության օրոք մեկնարկած ներդրումային ծրագրերը։
Նախորդ կառավարությունը ներկայիս աշխատակազմին թողեց Մեղրիում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնման հեռանկարային նախագիծը, և այն պահին արդեն ռուսական ու իրանական մոտ երկու տասնյակ ընկերություններ հետաքրքրություն էին ցուցաբերել՝ արտադրություններ տեղադրելու ծրագրվող ԱՏԳ-ում։ Այդ նոր «հնարավորությունների պատուհանը» բարենպաստ պայմաններ էր ստեղծում, մասնավորապես, հայրենական արտադրության ապրանքներն իրանական շուկա արտահանելու համար, մանավանդ որ ավելի ուշ կնքվեց ժամանակավոր համաձայնագիր, որն ուղղված էր ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը։ Սակայն Փաշինյանի կառավարությունը բառացիորեն «տանջամահ արեց» այդ նախագիծը, այն ժամանակից ի վեր մի քայլ անգամ չառաջանալով դրա յուրացման գործում։
Եվ վերջապես, նշենք թերուսների կառավարության, այսպես կոչված, բարեփոխումները՝ Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ։ Ինչպես հայտնի է, այդ առումով երկրի ձեռքբերումների ցուցանիշ է ծառայում Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշը։ Նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը մեր երկիրը 190 երկրների ցանկում բիզնեսի վարման դյուրինությամբ զբաղեցնում էր պատվավոր 38-րդ հորիզոնականը և նախատեսված տարեկան միջոցառումների արդյունքում նպատակ ուներ հաջորդ վարկանիշում բարձրանալ 12 աստիճանով (զբաղեցնելով 26-րդ տեղը), իսկ առաջիկա 5 տարվա կտրվածքով շարունակական բարեփոխումների արդյունքում հաստատուն կերպով ընդգրկվել ՀԲ վարկանիշի առաջին 25 երկրների շարքում: Փաշինյանի կառավարության «նվաճումն» այդ առումով դարձավ այն, որ Doing Business 2020 վարկանիշում Հայաստանը հետ գլորվեց 47-րդ հորիզոնական…