Բաբայան․ Ադրբեջանն Արցախի դեմ կրոնական-եկեղեցական հազավաթ է հայտարարել

Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին սկսել է վարել չափազանց վտանգավոր եկեղեցական աշխարհաքաղաքականություն: Այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի խնդրանքով մեկնաբանելով Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի ղեկավարության հռչակած հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը:

«Ընդ որում՝ դա արվում է մի քանի ճակատով: Ե՛վ 44-օրյա պատերազմի ժամանակ, ե՛ւ հատկապես պատերազմից հետո Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը սաստիկ տուժել է: Հիմա Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է պատմա-մշակութային ցեղասպանություն: Անողոք կերպով ոչնչացվում են ճարտարապետության և մշակույթի հուշարձանները, եկեղեցիներն ու վանքերը, գերեզմանները՝ ինչպես հին, այնպես էլ նոր: Նպատակն է հայկական ժառանգության ոչնչացումը, հայկական բոլոր հետքերը վերացնելը, ընդ որում՝ հրամանը տալիս է անձամբ Ալիևը իր կնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի հետ, որն, ի դեպ, բարի կամքի դեսպան է:

Բայց այստեղ երկու միտում կա: Այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհն իմացավ Շուշիի Հովհաննես Մկրտիչի հայկական եկեղեցու (Կանաչ ժամի) ոչնչացման մասին, սկսվեցին շահարկումները: Ադրբեջանական կողմը դա ներկայացնում է որպես ռուսական եկեղեցի և պնդում, որ այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: Առաջին՝ ռուսական եկեղեցին ավերվել է 20-ական թվականներին: Այն գտնվում էր Շուշիի կենտրոնում՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ մեր օրերում տեղադրվել էր Վազգեն Սարգսյանի հուշարձանը, որը ներկայումս նույնպես ոչնչացվել է ադրբեջանցի օկուպանտների կողմից: Կանաչ ժամն այսօր Շուշիի ամենահին պաշտամունքային կառույցն է: Այն առաջին հայկական եկեղեցին է, կոչվում է նաև «Ղարաբաղցոց», այսինքն՝ Ղարաբայան:

Շուշիի հայկական հատվածը կազմված էր թաղամասերից, և այնտեղ կառուցվող եկեղեցիները համապատասխանում էին դրանք բնակեցնող մարդկանց ծագման աշխարհագրությանը: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին այսպես է կոչվել Նախիջևանում Ղազանչի գյուղի անունով: «Մեղրոցոց» եկեղեցին հիմնել են Մեղրիից եկածները: «Ագուլեցոց» եկեղեցին՝ Նախիջևանի Ագուլիսից եկածները: Իսկ Ղարաբաղցոցը հիմնել են ղարաբաղի տարբեր շրջանների բնակիչները: Հիմա Շուշիում չկա ռուսական եկեղեցի, այն բացարձակապես այլ վայրում էր և կործանվել է 100 տարի առաջ: Իսկ ինչո՞ւ են նրանք այդպես անում: Առաջին հերթին, որպեսզի, իրենց կարծիքով, վատթարացնեն Ռուս ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների հարաբերությունները: Միանգամայն հնարավոր է, որ այս խորամանկ «նախագծով» նրանք փորձում են օգտագործել Ադրբեջանի ռուսական համայնքին՝ հեռուն գնացող նպատակներով:

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ինչպես հայտնի է, ադրբեջանա-թուրքական դաշինքը բանակցություններ է վարում Վատիկանի հետ: Հեյդար Ալիևի հիմնադրամը ֆինանսավորում է նախագծեր, Կոմոդիլի անձավների վերականգնողական աշխատանքները: Ադրբեջանական կողմը միաժամանակ խորհուրդներով և գործնականում Վատիկանի մասնագետներին կոչ է արել ավանդ ունենալ Արցախի օկուպացված տարածքներում պատմամշակութային ժառանգության վերականգնման գործում: Այսպիսով, նրանք փորձում են խափանել Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները: Ավելին՝ այդ օկուպացված տարածքներում կան նաև ռուսական ուղղափառ եկեղեցիներ: Արդեն ոչնչացվածների թվում է Մարտունիի շրջանում ռուսական ուղղափառ եկեղեցին (ոչնչացվել է առաջին ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ): Ինչպես տեսնում ենք, Ռուս ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների վատթարացման շատ հեռու գնացող նպատակներ են:

Ադրբեջանը մտադիր է նաև վերստեղծել, այսպես կոչված, Ալբանական եկեղեցին: Թուրքիայի կողմից վերահսկվող Կոստանդնուպոլսի պատրիարքության միջոցով հասնել այս եկեղեցու ավտոկեֆալիային: Նախատեսվում է մշակութային կենտրոն հռչակել Դադիվանքը: Այս եկեղեցուն կտան Արցախի մի շարք հայտնի հայկական եկեղեցիներ: Նրանք դրանք չեն կարող ոչնչացնել իրենց հայտնի լինելու պատճառով, ուստի կփորձեն ոչնչացնել ոչ թե ֆիզիկապես, այլ պատմա-մշակութային առումով, ինչ նպատակով էլ ներկայացված են «վերականգնողական աշխատանքները»:

Ընդհանուր առմամբ, հստակ դիտվում է քրիստոնեական աշխարհը պառակտելու հետագիծը: Սա սպառնալիք է ներկայացնում ամբողջ քաղաքակիրթ հանրույթին»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը: