Արտակ Դավթյանի ուղերձը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակված, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»:

Նշենք, որ ՀՀ նախագահը չէր ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ իրավունքի ուժով Արտակ Դավթյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետ, տեղեկացնում է News.am: