ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԱ-ԲԱՆԿ Է ԳՆՈՒՄ
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
Այսինքն իրականում Փաշինյանի հայտարարությունը նշանակում է միայն հրաժարական տալու խոստում։ Եվ, ինչպես արդեն հաշվարկել են փորձագետները, որպեսզի ընտրությունները տեղի ունենան հունիսի 20-ին, իր խոստումը վարչապետը պետք է կատարի մոտավորապես ապրիլի 20-ից 30-նն ընկած ժամանակահատվածում։
Կկատարի, թե ոչ՝ առանձին խոսակցություն է։ Կորոնավիրուսի դեմ պայքարը հիանալի պատրվակ է ընտրությունները չեղարկելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես ավելի վաղ, մեկ տարի առաջ չեղարկվեց Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Հնարավոր է՝ հենց այդ պատրվակը ձեռքի տակ ունենալու համար է, որ Հայաստանում պատվաստումն ամեն կերպ ձգձգվում է։ Եվ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում վստահորեն առաջին տեղում է ինչպես վարակվածների թվով՝ մեկ միլիոն շնչի հաշվարկով, այնպես էլ մահացության ցուցանիշով՝ կրկին իսկ մեկ միլիոնի հաշվարկով։
Դատելով հաղորդագրություններից, առայժմ Հայաստանում բարեհաջող կերպով պատվաստանյութ է ընդունել միայն մեկ մարդ. առողջապահության նախկին նախարար, իսկ այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Ընդ որում՝ ռուսական պատվաստանյութ, թեև ռիսկի խմբին պատկանող հասարակ մահկանացուների համար նախատեսել են AstraZeneca-ն. Դե, բա ո՞նց։ Արդեն ոչ մեկին չես զարմացնի մեր իշխանությունների էժանագին պահվածքի և ցինիզմի աստիճանով։
Վերադառնանք ապրիլի 20-ի կողմերը հրաժարական տալու վարչապետի խոստմանը։ Ինչո՞ւ է ձգձգում: Չէ՞ որ հարցն Ընտրական օրենսգիրքը չէ, որը միանգամայն ձեռնտու է գործող իշխանությանը։ Եվ ոչ էլ այն հաշվարկը, թե այդ ընթացքում իր վարկանիշը կբարձրանա, և հաղթելու հնարավորություններ կունենա։ Հնարավորություններ չկան ու չեն լինի։ Փաշինյանը դատապարտված քաղաքական գործիչ է։ Դատապարտված մերժման, արհամարհանքի և ողորմելի գոյության։ Եվ դա՝ իր համար լավագույն դեպքում։ Ուրեմն ինչո՞ւմն է բանը։
Սկզբունքորեն նա ամեն ինչ ասաց Արագածոտնում՝ դպրոցականներից բաղկացած միտինգում արտասանած իր ճառում։ Նրա համար կարևոր է կոնկրետ քայլեր կատարել ադրբեջանական երազանքի իրականացման ուղղությամբ. Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան միջանցքի բացման։ Ուստի նա խոսում է հաղորդակցությունների ապաշրջափակման շահավետության մասին։ Թեև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող մայրուղիների կառուցման հարցը լուծելուց առաջ կարելի էր սկզբի համար բացել արդեն գոյություն ունեցող, միանգամայն կարգին ճանապարհը, որը կապում է Հայաստանի Վարդենիսի շրջանը Արցախի հետ։
ՍԱԿԱՅՆ ԲԱՔՈՒՆ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ։ Ինչպեսև Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության ապաշրջափակման հարցում, ինչն էապես կթեթևացներ լոգիստիկ խնդիրների լուծումը ռուս խաղաղապահների համար։ Սակայն փոխարենը Ալիևը ծանուցում է Ֆիզուլիում նոր օդանավակայան կառուցելու մասին։ Այսինքն հաղորդակցության ապաշրջափակման տակ Բաքվում հասկանում են բացառապես «միջանցքի» կառուցումը դեպի Նախիջևան։
Փաշինյանը, սակայն, դպրոցականների միտինգում հավաստիացնում էր, թե պետք է ազատվել թշնամու կերպարից, և նշում, թե ինչ օգուտներ կստանա Հայաստանը, եթե Մեղրիի միջանցքի դիմաց որպես փոխհատուցում ստանա Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապի հնարավորություն։ Այսինքն, ըստ Փաշինյանի, հայերը կկարողանան անվտանգ կերպով Ռուսաստան մեկնել Ադրբեջանի ողջ տարածքով անցնող երկաթուղիով։
Հավանաբար, այդ ուղևորությունը դասված կլինի էքստրեմալ զբոսաշրջության կատեգորիային։ Չէ ՞ որ խոսքը նույն այն Ադրբեջանի մասին է, որտեղ օրերս կորել էր արցախյան Կարմիր Շուկայի մի բնակիչ, իսկ հետո նրա մարմինը գտան այրված։ Վարկածներից մեկն այն է, որ Արցախի հետ սահմանին բուն դրած արմատական իսլամիստներն այդ կերպ ցույց են տվել իրենց հավատարմությունը վաղեմի ավանդույթին. Նովրուզի օրը այրել մի «անհավատի»։
Կա ևս մեկ պատճառ, թե ինչու են փորձագետները զգուշավորությամբ են վերաբերվում ապրիլի 20-ին հրաժարական տալու Փաշինյանի խոստմանը։ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Համառ լուրեր են շրջում, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է կատարել իր նախընտրական խոստումը. ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Պատասխանելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնած և երկու կուսակցությունների 36 սենատորների կողմից ստորագրված նամակի առնչությամբ արձագանքի մասին մի հունական պարբերականի հարցին, Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը պարտավորություն է ստանձնել ապահովելու, որ նման վայրագությունները չկրկնվեն, և դրա կարևոր մասն է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված վայրագությունների ճանաչումը:
Սակայն չմոռանանք, որ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է։ Փորձագետները չեն բացառում, որ ապրիլի 24-ին մեզ համար պատրաստել են հերթական անակնկալը. Երևանն ու Անկարան կհայտարարեն հաշտության մասին, և որպես անցյալի փոխադարձ մոռացության հաստատում՝ Թուրքիան կդադարեցնի Հայաստանի շրջափակումը: Դե, եթե այդ ընթացքում իրական ուրվագծեր ստանա նաև Մեղրիի միջանցքը։ Դրա համար էլ Փաշինյանը ժամանակ է ձգում։
Ի դեպ, Անկարայում արդեն հավանություն են տվել հունիսի 20-ի ընտրությունների մասին նրա հայտարարությանը։ Այնպես որ նման սցենար հնարավոր է. դատելով ամենից, այդ հարցերի շուրջ Փաշինյանի գաղտնի քննարկումներն ակտիվորեն շարունակվում են։ Եվ հենց իրադարձությունների նման զարգացման համար հող նախապատրաստելու, Հայաստանում քաղաքական կրքերը փոքր-ինչ թուլացնելու համար էլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին։ Իսկ Արագածոտնում դպրոցականների միտինգում արած հայտարարություններով իր տերերին վստահեցրեց, որ հավատարիմ է ավելի վաղ տված խոստումներին։
Դե, իսկ հետո, երբ կարևոր հարցերը լուծվեն, միանգամայն կարելի է պատճառ բռնել ինչպես արդեն ասացինք, կորոնավիրուսի երրորդ ալիքի մայիսին սպասվող բարձրակետը և չեղարկել ընտրությունները։