«Ժողովուրդ»․ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է

««Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտում իսկական խառնաշփոթ է:

«Բանն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված կուսակցության առաջնորդները կողմ են, որ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը չհանվի, քանի որ, ըստ իրենց, այդկերպ իրենց կհաջողվի ընտրություններում ցանկալի ձայներ հավաքել։ Իսկ քանի որ իշխանությունները նպատակ ունեն ռեյտինգային ընտրակարգը հանել օրենսգրքից, այն դժգոհություն է ստեղծել ընդդիմության համար»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի աղբյուրների՝ անգամ քննարկվում է այն հարցը, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնա այն ճանապարհով, որ ռեյտինգային ընտրակարգը հանվի Ընտրական օրենսգրքից, այդ դեպքում իրենք գուցե չմասնակցեն ընտրությունների, քանի որ ստացվելու է երևանյան խորհրդարան, որում ներկայացված չեն լինի մարզերը:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կողմ է ռեյտինգային ընտրակարգի պահպանմանը, բայց նրա թիմի 40 տոկոսը դեմ է, որ ռեյտինգային ընտրակարգը շարունակի գործել:

Ի դեպ, նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ու նաև անհրաժեշտ է, որ այն ընդունվի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, ուստի այն հանելու համար պետք է խորհրդարանի ընդդիմությունը ևս իր համաձայնությունը տա: Ընդդիմությունը մտահոգված է նաև այն հարցի շուրջ, որ հնարավոր է` Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հայտարարությունը մեծ բլեֆ է, ու վերջինս կարծես թե նպատակ չունի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Իսկ թե ինչ հանգուցալուծում կստանա այս հարցը, դժվար է ասել, քանի որ այժմ էլ բոլորը շունչները պահած սպասում են, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ հրաժարական կներկայացնի, իսկ հրաժարականի ժամկետը ապրիլի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածն է:

Sputnik Armenia