ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՈՐ ՔԱՐՏԵԶ
Այսօր ընդդիմությունը հիշեցնում է գնացք, որը դուրս է եկել Ա կետից անցած տարվա նոյեմբերին և ոչ մի կերպ չի կարողանում ժամանել Բ կետ, այսինքն՝ հասնել Փաշինյանի հրաժարականին։
Թեեվ Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է գործել նախկին ձևաչափով, տպավորություն է ստեղծվում, որ առաջնորդները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզի հարցում և, ինչպես Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսի հերոսը, շրջում են բեմում՝ ակնհայտ դժվարությամբ քարշ տալով ավազով լի ճամպրուկը: Որպես հետևանք՝ զանգվածային միջոցառումներ ընդդիմությունն արդեն բավական երկար ժամանակ չի անցկացնում, Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը ապաշրջափակված են։
Արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը լուրջ տարաձայնություններ բացահայտեց ընդդիմադիր ուժերի մոտեցումներում։ Մասնավորապես, վարչապետի պաշտոնի Շարժման թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը կտրականապես դեմ է ընտրություններին, եթե դրանք կազմակերպում է Փաշինյանը. «Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացված ընտրությունները կատաստրոֆա են Հայաստանի համար: Եթե հանկարծ անկացնի ընտրություններ, ես ոչ մի դեպքում չեմ մասնակցի: Բայց պետք է ամեն ինչ անել, որ այդպիսի ընտրություններ տեղի չունենան: Մինչև Նիկոլ Փաշինյանն այդտեղից դուրս չգա, ընտրությունների չի կարելի գնալ»։
Վազգեն Մանուկյանի դիրքորոշումը հասկանալ, իհարկե, կարելի է։ Այն, որ Փաշինյանն անմնացորդ կօգտագործի ահռելի վարչական ռեսուրսը, ֆինանսական հնարավորությունները, իսկ վերջում էլ կկեղծի արդյունքները, կասկածից վեր է։ Նման պայմաններում պետք է հարվածել մի կետի, այսինքն՝ պահանջել դավաճանի անհապաղ հրաժարականը, և միմիայն դա, այլ ոչ թե ապտակել չռած մատներով, քանզի այդ դեպքում հաշվի չի առնվում հոգեբանության օրենքը։ Հենց այն, որ առավել ուժեղ ու արդյունավետ քայլի խորապատկերին՝ մնացած բոլոր գործողությունները դառնում են կողմնակի և կորսվում ընկալման համար։
«Լուսավոր Հայաստանն» առաջինն էր, որ համաձայնեց մասնակցել ընտրություններին՝ չգիտես ինչու անվանելով դա փոխզիջում, որին պատրաստ է մշտապես։ Բայց մի՞թե լինում է նման բան, որ կուսակցությունն իր նպատակը համարի քաղաքական այլ ուժերին փոխզիջումներ առաջարկելը։ Դա քաղաքական գոյության դեգրադացիա է և մայրամուտ։ Յուրաքանչյուր կուսակցություն հետապնդում է իր սեփական շահերը և փոխզիջման մասին որոշումներ կայացնում է ավելի շուտ մարտավարական, քան ռազմավարական նկատառումներով։ Փոխզիջումը՝ որպես ինքնանպատակ, ցանկացած կուսակցության վերածում է ուրվականի։
Այնուհետ արտահերթ ընտրություններին մասնակցելու իրենց որոշման մասին հայտարարեցին Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Իրենց որոշումը նրանք հիմնավորեցին ուժերի օբյեկտիվ գնահատականով, որի հիման վրա կարելի է տարբերել համարձակ, բայց անհեռանկար արարքները հակառակորդի նկատմամբ իրական առավելություն ձեռք բերելուն ուղղված աշխատանքից, ինչը քաղաքականության մեջ շատ կարևոր է։ Քիչ ավելի ուշ նրանց միացավ նաև «Բարգավաճ Հայաստանը»։
Այսօրվա դրությամբ դեռևս հստակ ու վերջնական դիրքորոշում չեն արտահայտել ընդդիմադիր մյուս երկու խոշոր դերակատարները՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ում խոստանում են բացել խաղաքարտերը միայն այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն պաշտոնապես կհայտարարի արտահերթ ընտրությունների անցկացման օրը։ ՀՅԴ-ում նույնպես վստահ չեն, թե ընտրությունները տեղի կունենան։ Ինչպես հայտարարեց Իշխան Սաղաթելյանը. «Հունիսի 20-ին ընտրություններ անկացնելու մասին ֆեյսբուքյան ստատուսը հավատ չի ներշնչում։ Այս ժամանակահատվածում իրենք մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին, իսկ հետո շատ արագ հրաժարվել են։ Մենք ունենք բավարար բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ»։
Իր դիրքորոշումն առայժմ գերադասում է չարտահայտել նաև «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, համարելով, որ քաղաքական խաղի կանոններն այսօր անորոշ են առավել քան երբևէ: Բայց ինչո՞ւ «այսօր». այդպես եղել է միշտ: Սա քաղաքականություն է, թանկագիններս։ Ո՞ւմ է դավաճանել Թալեյրանը։ Բոլոր նրանց, ում ծառայել է։ Ժամանակը չէ՞ արդյոք բացել շամպայնի շիշն ու վերընթերցել Նիկոլո Մաքիավելիին: Քաղաքականության մեջ կան շահեր և իշխանության տենչ, հավատարմությունն այնտեղ հեշտությամբ փոխարկվում է դավաճանության, սերը՝ ատելության, հնազանդությունը՝ ֆանատկոսության, հավատարմահպատակությունը՝ բռնապետության, գործընկերությունը՝ չարանենգ խարդավանքի։ Գուցե, գնահատելով քաղաքական իրականությունը, արժե՞ միանգամից հարց տալ. «Ո՞ւմ դեմ եք դուք ընկերացել, քաղաքական գործիչներ»։
Իսկական իրարանցում է ներկայումս տիրում «արևմտամետների» ճամբարում, որոնք պատրաստվում են ընտրություններին մասնակցել դաշինքով։ Ըստ որոշ տեղեկությունների, դրա կազմում կընդգրկվեն Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը, Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունը և նույնիսկ «Սասնա ծռերը»։ Բայց սա վերջնական ուրվագիծը չէ ։
Առհասարակ պետք է նկատել, որ մասնակիցների թիվն ու կազմը այդ ճամբարում մշտապես փոխվում են, և «արևմտամետների» համերաշխ ընտանիքի ներսում շարունակ նոր կապեր են առաջանում։ Մերթ եռյակ են, մերթ հնգյակ, մերթ մի ամբողջ դյուժին։ Իսկը մի ինչ-որ կամասուտրա, մեղա Տեր։ Ե՛վ այսպես են փորձում, և՛ այնպես, իսկ հաճույք չկա ու չկա: Հոգեբանները նման դեպքերում խորհուրդ են տալիս չտարվել նոր կառուցվածքներով, այլ փորձել գլուխ հանել սեփական անձից. հասկանալ, թե հատկապես ինչ ես փնտրում զուգընկերոջ մեջ, ինչու հատկապես նրա մեջ։ Կողմնորոշումը պարզել, ի վերջո։
Նկատենք, որ կուսշինարարությունը Հայաստանում վերջին ժամանակներս, ի տարբերություն, ասենք, բնակարանաշինության, աննախադեպ վերելք է ապրում։ Երկրում գործում է պաշտոնապես գրանցված արդեն 91 կուսակցություն, իսկ առաջիկայում կգումարվեն ևս 7-ը. «Ձայն», «Ինտելեկտուալ Հայաստան»,«Ազգի ձայն», «Հայրենասերների», «Կայունություն», «Ազգ-բանակ-Հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բևեռ»։
Ընդ որում այդ կուսակցություններից շատերը դեռ չեն կողմնորոշվել, թե քաղաքական դաշտի որ հատվածում են գործելու. ընդդիմադիր, թե իշխանամետ։ Հնչեց նույնիսկ «մենք կլինենք մի քիչ ընդդիմադիր» բնորոշումը։ Մենք բոլորս սովոր ենք մտածել, որ չի կարելի լինել մի քիչ հղի։ Կա՛մ միանգամայն հղի ես, կա՛մ ամենևին հղի չես։ Նույնը տեսականորեն վերաբերում է նաև քաղաքականությանը։ Կա՛մ ընդդիմադիր կուսակցություն ես, կա՛մ՝ ոչ։ Հանդիսավոր կերպով հայտարարում եմ. մենք բոլորս սխալվո՛ւմ էինք։ Պարզվում է, որ քաղաքականության մեջ «մի քիչ հղի»-ն գոյության լիակատար իրավունք ունի։
Բայց վերադառնանք Հայրենիքի փրկության շարժմանը։ Այն մասին, որ այստեղ անորոշություն է տիրում, վկայում են ոչ միայն տարբեր մոտեցումներն արտահերթ ընտրություններին մասնակցության նկատմամբ։ Այն, որ պայքարը պետք է շարունակվի, ընդ որում՝ նոր ուժով, միանշանակ է։ Բայց անհրաժեշտ է հասնել նրան, որ Շարժման մեջ ընդգրկված քաղաքական բոլոր ուժերը քայլեն նույն ուղղությամբ ու միանման արագությամբ։ Հապա գիտափորձ անցկացրեք։ Թող ձեր ձախ ոտքը քայլի ժամում երեք կիլոմետր արագությամբ, իսկ աջը՝ ժամում վեց կիլոմետր արագությամբ։ Եվ ի՞նչ։ Ձեզ մոտ չստացվե՞ց։ Դեռ ուրախ եղեք, որ չեք կոտրել ու արյունլվիկ արել ձեր գլուխը։ Ընդդիմության հետ այսօր նման մի բան է կատարվում։