Հովհաննես ԽՈՒԴՈՅԱՆ․ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԵՂԵԼ Է, ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ

Երբ դեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կոռուպցիոն դրվագով մեղադրանք առաջադրված չէր, քննչական մարմինն ինտենսիվորեն զբաղված էր գույք բացահայտելու ուղղությամբ, որն ընդհանարապես կապ չուներ սահմանադրական կարգի տապալման հետ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը։

Նշենք, որ «Փաստինֆոն» հրապարակել էր փոխօգնության միջնորդությանն ի պատասխան՝ Շվեյցարիայի իշխանությունների պատասխանը, որում ասվում է. «Ըստ շվեյցարական իրավունքի՝ շվեյցարական իշխանությունները չեն կարող բավարարել փոխօգնության հայցը, եթե այն վերաբերում է այնպիսի իրավախախտմանը, որը պահանջող կողմի համար հանդիսանում է քաղաքական կամ դրան հարակից իրավախախտում»։

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այդ պատասխանն իրեն հայտնի էր դեռևս 2018 թվականից. «Այն ժամանակ կար նախաքննության արգելք, ամեն ինչ չէ, որ հրապարակում էինք։ Այդ քրեական գործի գործիքներով փորձում էին հնարավորինս ինֆորմացիա հավաքել մեղադրյալների գույքի վերաբերյալ. հարցում կատարել են գրեթե բոլոր ուղղություններով։ Հարցումներ են ուղարկել բոլոր օֆշորային գոտիներ, բոլոր զարգացած պետություններ՝ ինֆորմացիա ստանալու համար։ Մեզ հասանելի է միայն այս պատասխանը, գործի նյութերում չեն առանձնացվել մյուս հարցումների պատասխանները։ Եթե տրվել են այդ հարցումների պատասխանները, ապա դրանք երկու ձևաչափով են. կամ նշվելու է, որ գույք չի հայտնաբերվել, կամ նշվելու է, որ ձեր հարցումը խելամիտ չէ, դուրս է օրինականությունից»։

Ըստ պաշտպանի՝ երկու տարբերակների դեպքում էլ այդ տեղեկությունները պաշտպանական թիմից թաքցնելու միտում կարող էր լինել.

«Այն, ինչ մոտիվացիայով իրենք այդ ուսումնասիրությունը կատարում էին, որ ինչ-որ սկանդալային բացահայտումներ անեին, չի ստացվել։ Գուցե եղել են այդպիսի պատասխաններ, այդ պատճառով էլ չեն ցանկանում հրապարակել»։

Հովհաննես Խուդոյանն, իր խոսքով, տեղեկացել է, որ հարցում է ուղարկվել նաև Նիգերիա.

«Երբ ընդհանուր փաթեթով հարցումներ էին գնում տարբեր երկրներ, դրանից 10 օր հետո տեսել եմ, որ առանձին հարցում էլ գնացել է Նիգերիա։ Առաջին հայացքից աբսուրդային էր, թե ինչո՞ւ Նիգերիա, հետո հասկացա, որ մի հոդված կար Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ, որտեղ նշված են ադամանդի հանքեր՝ Նիգերիայում։ Սովորական որոնմամբ կարելի էր հասկանալ, և նման խայտառակ միջնորդություն քննիչը չուղարկեր, քանի որ այդ երկրում ադամանդագործությամբ չեն զբաղվում։ Այսինքն՝ հասարակության շրջանում ինչքան բամբասանք եղել է, քննչական մարմինը հարցումներ է ուղարկել։ Հարցումներ գնացել են նաև Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Մոնակո, Վիրջինյան կղզիներ»։

Անդրադառնալով այդ հարցումների քաղաքական ենթատեքստին՝ հաշվի առնելով նաև նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ «Ինտերպոլի» պատասխանին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց. «Որևէ միջազգային համագործակցություն այս գործի շրջանակում չի ստացվել։ Թե՛ Գևորգ Կոստանյանի, թե՛ Միքայել Հարությունյանի վերաբերյալ, որոնք ՌԴ քաղաքացիներ են, կա քրեադատավարական գործիք՝ մաս առանձնացնելու, ուղարկելու ՌԴ, որպեսզի այնտեղ քննություն իրականացվի. ինչո՞ւ չեն արել։ Իրավական ընթացակարգն այնպիսին է, որ եթե այդ անձը կատարել է հանցագործություն, պետք է իր երկրում պատժվի. այդ արարքը քրեականացված է նաև ՌԴ-ում։ Չեն ուղարկել, որովհետև այնտեղ բացահայտվելու է, որ նման գործ ընդհանրապես չի կարող լինել։ Մտածել են՝ ավելի լավ է՝ գործը քնեցնեն ու քաղաքական դաշտում ունենան խոսելու տեղ, քան պատշաճ ընթացք ապահովեն։

News.am