FRV-Ն, ՄՖԿ-Ի, ՎԶԵԲ-Ի ԵՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԵՑ ՀՀ-ՈՒՄ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանը կարտադրի այնքան մաքուր էներգիա, որքան պահանջվում է ավելի քան 20,000 տուն էլէկտրաէներգիայով ապահովելու համար և թույլ կտա խուսափել տարեկան 40,000տ ածխածնի արտանետումից:
Ծրագրի շրջանակներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կնքվել է էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր, որի համաձայն արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի համայնքին` զգալի օգուտ բերելով վերջինիս:
ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը կաջակցեն ծրագրի իրականացմանը` տրամադրելով առաջնակարգ վարկեր և ներդրումային դրամաշնորհ, որը ԵՄ-ից կնեգրավի ՎԶԵԲ-ը:
Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:
«Մասրիկ-1» արևային կայանը ներկայումս արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանն է Հայաստանում:
Fotowatio Renewable Ventures (FRV) ընկերությունը, որը հանդիսանում է Abdul Latif Jameel Energy ընկերության անդամ և աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրեր իրականացնող առաջատար, հաջողությամբ ավարտել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցման ֆինանսավորման գործարքը: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանն իր տեսակով առաջին է Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը`միևնույն ժամանակ նվազեցնելով երկրի կախվածությունը հանածո վառելիքից:
2018 թ-ին FRV-ն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը կնքեցին կառավարության աջակցության ծրագիր` Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամի (ՀՀ կառավարության կողմից լիազորված ԾԻԳ) աջակցությամբ արևային էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տիրապետման և շահագործման նպատակով:
«Մասրիկ-1» կայանը կարտադրի տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 1 ՄՎտ/ժամի դիմաց 41,9 ԱՄՆ դոլար մրցունակ սակագնով: Արտադրված էլեկտրաէներգիան պայմանագրի համաձայն կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որը պատասխանատու է Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Կայանը կարող է արտադրել այնքան էներգիա, որքան պահանջվում է Հայաստանի ավելի քան 20,000 տնային տնտեսություն էլէկտրաէներգիայով ապահովելու համար: Ծրագիրը թույլ կտա նաև տարեկան մոտ 40,000 տոննայի չափով կրճատել ածխածնի արտանետումը:
Ծրագրի իրականացմանն աջակցում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրամիությունը (ԵՄ), որոնք ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչև 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:
«Հայաստանը մեծ ներուժ ունի, երբ խոսքը վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրման ոլորտի զարգացման մասին է»,-ասել է FRV ընկերության գործառնությունների գծով տնօրեն Տրիստան Իգուերոն․ «Տվյալ տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի նախագծի ֆինանսավորման գործարքի կնքումը կարևոր նշանակություն ունի FRV-ի համար, քանի որ դա մեզ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը: Այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք երկրի կայուն տնտեսական աճին` ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր և ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը նպաստելու է ավելի հեռանկարային ապագայի կերտմանը»:
Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը կարևորել է նախագծի իրագործումը` նշելով, որ Բանկը առանձնակի ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին․ «Մենք աջակցում ենք Հայաստանում միջազգային ընկերությունների գործունեությանը և մեզ համար այս նախագիծն առանձնանում և կարևորվում է առաջին հերթին մեր երկրի տնտեսության զարգացման, էկոլոգիական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման, մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։ Կարևորելով անկախ և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելու հեռանկարը` Ամերիաբանկը ուրախ է աջակցելու արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային էլեկտրակայանի կառուցմանը»։ Ա․ Հանեսյանը նշել է, որ Ամերիաբանկը մշտապես ակտիվ աշխատանքներ է իրականացրել էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ ՀԷԿ-երի ֆինանսավորման, ինչպես նաև արևային կայանների կառուցման ուղղություններով. ««Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը հերթական հավակնոտ և մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերից մեկն է, որը, վստահ եմ, մեր գործընկերների հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»։
«Abdul Latif Jameel Energy ընկերությունը FRV ընկերության միջոցով իրականացնում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցումը, ինչը վկայում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ մեր ջանքերի մասին: «Մասրիկ» արևային կայանի կառուցման ֆինանսավորման պայմանագրի կնքումը ևս մեկ քայլ է մեր նպատակների իրականացման ճանապարհին: Հպարտ ենք, որ աջակցում ենք Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի կայացմանը», - նշել է Abdul Latif Jameel ընկերության նախագահի տեղակալ և փոխտնօրեն Ֆադի Ջամիլը: