ՎԻՇԱՊԸ ԾԱՄՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՑՆՈՒՄ ՄԱՄՈՒԼԻՆ
Կկատարի՞ արդյոք այս անգամ իր անմիջական պարտականությունները նախագահ Արմեն Սարգսյանը, կանսա՞ լրագրողական կազմակերպությունների կոչին՝ չստորագրելու խոսքի ազատությանը սպառնացող օրինագիծը և ուղարկելու դա Սահմանադրական դատարան: Այդ առնչությամբ թերահավատությունը գերակշռում է հասարակության և փորձագետների շրջանում:
Հայաստանի մի շարք լրագրողական կազմակերպություններ դիմել են միջազգային կազմակերպություններին՝ առաջարկելով հրապարակայնորեն արտահայտել իրենց դիրքորոշումն ու կոչ անել Հայաստանի իշխանություններին վերանայել խոսքի ազատությանը սպառնացող նախաձեռնությունները: Իսկ Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանին՝ քննարկելու համար երեկ իշխանության խմբակցության ընդունած համապատասխան օրենսդրական փոփոխությունները վիճարկելու հնարավորությունը։
Խոսքը վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման եռապատիկ ավելացման մասին է՝ 1 մլն և 2 մլն դրամից հասցնելով համապատասխանաբար 3 մլն և 6 մլն դրամի։ Փոխհատուցման չափերն անհամաչափ բարձր են Եվրոպայում ընդունված չափանիշներից (և դա ընդունում է նույնիսկ կառավարությունը), ինչը կարող է վնաս հասցնել խոսքի ազատությանը։ Լրագրողական կազմակերպությունները համարում են, որ խորհրդարանը հավանություն է տվել մեդիաոլորտին վերաբերող, ըստ էության՝ բռնաճնշիչ նախաձեռնությանը, որը հիմնված չէ խորը մասնագիտական ուսումնասիրության ու վերլուծության վրա և հետապնդում է քաղաքական նեղ շահեր: Փոփոխությունը ծայրաստիճան վտանգավոր է, մանավանդ եթե հաշվի առնենք նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն իբրև վիրավորանք ու զրպարտություն ընկալելու և դատարան դիմելու պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հակվածությունը։ Իսկ եթե նկատի առնենք իշխանության կողմից հետևողականորեն իրականացվող օրենսդրական փոփոխությունները՝ դատական համակարգն ամբողջությամբ իրեն ենթարկելու նպատակով, նման հայցերի արդյունքում կարելի է ակնկալել ամենակոշտ դատավճիռներ։
Օրինագծի նախաձեռնող Ալեն Սիմոնյանը, բնականաբար, կտրականապես համամիտ չէ դրան։ Նրա խոսքերով՝ փոփոխությունները թույլ կտան պաշտպանել անձի պատիվն ու արժանապատվությունը զրպարտանքից ու վիրավորանքից, իսկ քաղաքացիներին՝ ավելի հավաստի տեղեկություններ ստանալ: Այդ առնչությամբ տեղեկացնենք, որ Սիմոնյանը մեկ այլ օրինագծի քննարկման ժամանակ, հակադարձելով ընդդիմադիր թևի իր գործընկերոջը՝ վերջերս բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, հայտարարեց. «Հայաստանում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում, բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է: Մոռացեք էդ ու մի շահարկեք»: Այժմ՝ հարց. հավաստի՞ է արդյոք Սիմոնյանի հայտարարությունը, եթե հաշվի առնենք, որ օրերս նախարար Արշակյանը հարձակվել է լրագրող Ֆահրադյանի վրա՝ հարվածելով նրան և վնասելով ձեռքը, ինչպես նաև կոտրելով համակարգիչը: Իսկ ինչպե՞ս անվանել Սիմոնյանի այդ հայտարարությունը, եթե նկատի առնենք, որ «զրպարտանք» բնորոշմանը այն չի համապատասխանում։ Բացահայտ, լկտի սո՞ւտ։ Շահարկո՞ւմ։ Այդ դեպքում գուցե Սիմոնյանը պետք է նախաձեռներ փոփոխություններ, որոնք ստի համար պատասխանատվություն են նախատեսում պատգամավորների և պետական ծառայողների՞ նկատմամբ։ Նաև այն ստերի համար, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով միտումնավոր ներկայացվում են իբրև վերջին ատյանի ճշմարտություն։ Ինչպես նաև այն ստի, որը կոծկելու համար պատգամավորներն ու չինովնիկները հորինում են մեկ այլ, է՛լ ավելի վիթխարի սուտ։ Եվ բոլոր նրանց, ովքեր ընկնում են այդ «հոդվածների» տակ, անվանել չարանենգ ստախոսնե՞ր։
... Խլել լրագրողի խոսափողը, հրել նրան, գոռալ վրան, վիրավորել, անվանել ծախված, ոչ պրոֆեսիոնալ, վախեցնել, թե՝ հիշի՛ր այս օրը, մենք քո հետ այլ կերպ կխոսենք. այս ամենը սովորական երևույթ է դարձել իշխանական խմբակցության որոշ պատգամավորների պահվածքում։ Հիմա էլ ահավասիկ նախարարն աչքի ընկավ։ Իսկ Սիմոնյանն ասում է, թե իբր՝ մի համեմատեք մեզ նախկին իշխանությունների հետ։ Նա, ինչպեսև իր բազմաթիվ գործընկերներ, համարում է, որ եթե այսօրվա իշխանության ներկայացուցիչները հանդիմանեցին նախարարին իր պահվածքի համար, վերջինս ներողություն խնդրեց, ապա վերջ, այդքանը բավական է։ Նախ՝ բավական չէ՛։ Նախևառաջ և հատկապես այն պատճառով, որ իր նախարարներին ցաքուցրիվ անել իշխանությունը մտադիր չէ։ Երկրորդ, քիչ չեղան նաև այնպիսիք, ովքեր առանձնապես դատապարտելի ոչինչ չտեսան նախարարի պահվածքի մեջ։ Ավելին, նույնիսկ աջակցություն արտահայտեցին։ Քիչ էր մնում շներ բաց թողնեին լրագրողի վրա։ Թեև ինչի՞ մասին է առհասարակ խոսքը, եթե, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հրում է լրագրողին, խլում նրա խոսափողը, վերադարձնում միայն երկար բանակցություններից հետո, իսկ ի պատասխան՝ իշխանության խմբակցությունը չի արձագանքում իր պատգամավորի գռեհիկ պահվածքին, էթիկայի հանձնաժողով չի ստեղծում, փոխարենը՝ ԱԺ աշխատակազմը լրագրողին զրկում է հավատարմագրումից…
Համոզված ենք, որ եթե նախընտրական ժամանակաշրջան չլիներ, ապա փաստ չէ, թե Ֆահրադյանից ներողություն կխնդրեին, ինչն Արշակյանը հնչեցրեց միայն 6 օր անց։ Մինչ այդ նա ներողություն խնդրեց միջադեպին ներկա քաղաքացիներից։ Հետո ներողություն խնդրեց հանրությունից։ Եվ միայն դրանից հետո, դատելով ամենից՝ նկատի առնելով սկանդալի հանդեպ չմարող հետաքրքրությունը, ներողություն խնդրեց լրագրողից։
ԱՅՍ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱԿՈՆՅԱՆ օրենսդրական նախաձեռնությունների խորապատկերին, որոնք կոչված են փակել ԶԼՄ-ների բերանն ու զսպաշապիկ հագցնել նրանց, իշխանությունը խորամանկ քայլ ձեռնարկեց, որպեսզի ցույց տա, թե իբր փորձում է պաշտպանել լրագրողներին: Ինչպես նշեց արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի զուտ տեխնիկական փոփոխությունը կոչված է հստակեցնելու լրագրողի գործունեության խոչընդոտմանն առնչվող դրույթները: Համաձայն հոդվածի՝ լրագրողին տեղեկություններ տարածել կամ տարածելուց հրաժարվել հարկադրելը պատժվում է 200-400 հազար դրամ տուգանքով։ Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից, պատժվում է 400-700 հազար դրամ տուգանքով կամ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկմամբ: Եթե այդ արարքները կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի առողջության կամ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ապա պատիժն ավելի խիստ է. 3-6 տարվա ազատազրկում: ՀՀ Քր.օր.-ի 164-րդ հոդվածը գործող է, և «զուտ տեխնիկական» փոփոխությունը կոչված է լոկ ցուցադրել իշխանության երևութական մտահոգությունը լրագրողների պաշտպանվածության հարցով։
Բայց գրոշ անգամ չարժե այդ շինծու մտահոգությունը, եթե ԱԺ փոխնախագահը հերքում է ակնհայտը՝ կոչ անելով մոռանալ ու չշահարկել։ Գրոշ անգամ չարժե այդ կեղծ հոգատարությունը, եթե արդարադատության մի ամբողջ փոխնախարար հրաժարվում է գնահատական տալ լրագրողի վրա հարձակված բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի վարքագծին։ Ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի համապատասխան խնդրանքի՝ արդարադատության փոխնախարար Հովհաննիսյանը հայտարարեց, թե «տվյալ հարցն ավելի շատ իրավապահներին է վերաբերում, բացի այդ՝ հարցին պատասխանելու համար փաստական հանգամանքներին ծանոթ լինելու անհրաժեշտություն կա»։ Ուստի ինքը չի կարող այս պահին հստակ պատասխան տալ։ Իսկ ճշտող հարցին, թե ինչպե՞ս կարելի է որակել, համաձայն գործող Քր.օր.-ի, մեկից ավելի հարված հասցնելը՝ գույքային վնաս պատճառելով, արդարադատության փոխնախարարը այլ պատասխան չգտավ, քան ասել՝ թե «ճիշտ չեմ համարում պատասխանել որակման վերաբերյալ հարցին, դա իմ լիազորությունների շրջանակներում չէ»: Եվ սա ամենն է, ինչ պետք է իմանալ ներկայիս իշխանության մասին։