Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ՊԵՏՔ ՉԷ ԲԱՑԱՌԵԼ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՆԵԿՍՈԼ ՀՈԼԴԻՆԳԸ»ՀՀ-ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Ադրբեջանական ընկերության կողմից Հայաստանի արտաքին ինտերնետ-կապուղու մոտ 85 տոկոսի մատակարար Caucasus Online-ի բաժնետոմսերի ձեռքբերումն առաջին հայացքից որևէ ռիսկ չի պարունակում մեզ համար, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական լծակն է ստանում Հայաստանի ռազմավարական՝ հաղորդակցային ոլորտում որոշակի դերակատարում ստանձնելու տեսանկյունից: Բնականաբար, խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ մի պահի ադրբեջանական ընկերությունը կարող է պարալիզացնել Հայաստանի ինտերնետ-կապուղին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ Վահե Դավթյանը՝ խոսելով ադրբեջանցի գործարարի Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը գնելու ռիսկերի մասին:

«Պարզ է, որ այստեղ գործելու է առավելապես բիզնես-տրամաբանությունը, որի շրջանակներում ադրբեջանական «Նեկսոլ Հոլդինգը» կխուսափի տասնյակ միլիոնավոր դոլարի եկամուտից, որը ձևավորվելու է հայկական ուղղությամբ: Խնդիրը պետք է դիտարկել ավելի խորքային մակարդակում: Մասնավորապես՝ անհրաժեշտ է գնահատել «Նեկսոլ Հոլդինգը»-ում ադրբեջանական քաղաքական էսթաբլիշմենտի ազդեցության մակարդակը: Իսկ այն հսկայական է: Ընկերության սեփականատեր Նասիբ Հասանովը Ադրբեջանի առանցքային օլիգարխներից է, ով հայտնի է Ալիևի ընտանիքի հետ իր սերտ կապերով: Հետևաբար, պետք չէ բացառել, որ անհրաժեշտության դեպքում ընկերությունը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով»,-ասաց Դավթյանը:

Դավթյանի խոսքով՝ եթե խոսքը գնա օգտագործման կոնկրետ ձևաչափերի մասին, ապա պետք է նշել, որ օրինակ` մալուխը տնօրինող ընկերությունը կարող է վերահսկել դրանով իրականացվող տեղեկատվական հաղորդակցությունը՝ մատակարարելով Բաքվի համար անհրաժեշտ տվյալներ: Ըստ նրա՝ սա արդեն ազգային անվտանգության տիրույթում գտնվող խնդիր է:

«Եթե Հայաստանում առկա լիներ ազգային շահը հետապնդող իշխանություն, ապա ես կոչ կանեի րոպե առաջ այս հարցը բերել մեր անվտանգային օրակարգ: Խոշոր հաշվով` տեղի ունեցած գործարքը կարելի է գնահատել որպես հայկական դիվանագիտության հերթական տապալում՝ պայմանավորված անվտանգային ու բիզնես լոբբինգի ի սպառ բացակայությամբ, սեփական սուբյեկտայնության նպատակային ոտնահարմամբ ու իրենց իշխանություն համարող խմբակի ապազգային կեցվածքով»,-շեշտեց նա:

Փորձագետը նշեց նաև, որ այդ ինտերնետ-կապուղին անցնում է Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքներով՝ ընդամենը 1 մետր խորության վրա, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ առավել քան հեշտ է փոս փորել ու մոտենալ այդ մալուխին՝ ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն:

«Սակայն խոշոր հաշվով դա անցանկալի սցենար է ադրբեջանական ընկերության համար, որի հետ Վրաստանի կառավարության հարաբերություններն առանց այդ էլ լարված են. ընկերությունը խախտել է վրացական օրենսդրությունը, ինչի արդյունքում գործարքը դեռևս չի հաստատվել Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի հետ: Հետևաբար, ինտերնետ-կապուղու տնօրինումը շատ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում ադրբեջանական ընկերության ու, ի վերջո, Բաքվի համար»,-ամփոփեց Դավթյանը:

Tert.am