Արա Աբրահամյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ շատ ակտիվ մասնակցելու է Հայաստանում նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ես հիմա գնում եմ Հայաստան: Ես խորհրդակցել եմ, ամեն դեպքում ես շատ ակտիվ մասնակցելու եմ այս ընտրություններին: Իմ անձնական մասնակցությունը ես շատ շուտով կասեմ՝ որոնք են իմ քաղաքական ուժը, որոնք են ֆինանսական, ինչ ծրագրեր ունեմ, ում հետ ինչ պայմանավորվածություն ունեմ և ինչ թիմ ունեմ»,- Youtube-ում հրապարակված տեսանյութում ասել է Աբրահամյանը:

Հայերի միության նախագահը նաև հայտնել է, որ Հայաստանում մի շարք հանդիպումներ է ունենալու, որից հետո մեկնելու է Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ֆրանսիա, որտեղ ևս խորհրդակցություններ է ունենալու:

«Որից հետո ես կգամ Հայաստան ու իմ որոշումը կհայտնեմ: Կհավաքեմ մեր ժողովրդի մի մասին և կասեմ, որ ես, այո՛, մասնակցում եմ, այս–այս խնդիրները տեսնում եմ շատ պարզ և հստակ»,- ասել է Աբրահամյանը:

Նա նաև կոչ է արել աշխարհասփյուռ հայությանն ակտիվորեն մասնակցել ընտրություններին, հրաժարվել բոլոր տեսակի ընտրակաշառքներից, տեղեկացնում է Sputnik Armenia։