Ռուսաստանում միգրանտներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրներում

Աշխատանքային միգրանտների, ինչպես նաև նրանց պոտենցիալ գործատուների գրանցումը էլեկտրոնային ռեեստրներում պարտադիր պայման կդառնա Ռուսաստանում աշխատելու համար: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին:

Հաղորդագրության համաձայն՝ ՆԳՆ-ն մշակում է օտարերկրյա աշխատողների և նրանց գործատուների էլեկտրոնային ռեեստրի ներդրման միջոցով աշխատանքային գործունեության մեջ օտարերկրյա քաղաքացիների ներգրավման բարեփոխման մասին օրինագիծը:

«Օտարերկրյա քաղաքացիները կկարողանան աշխատել, իսկ գործատուները, աշխատանքների կամ ծառայությունների պատվիրատուները կկարողանան օտարերկրյա աշխատողներ ներգրավել համապատասխան գրանցամատյաններում գրառում ունենալու պայմանով»,– ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ռուս գործարար Օլեգ Չերնովը կոչ էր արել աշխատանքային միգրանտների տվյալների միասնական բազա ստեղծել նրանց աշխատանքի տեղավորման համար:

Նրա կարծիքով` լավ կլիներ, եթե այդ բազայում ընդգրկվեին այն աշխատողների անկետաները, որոնք աշխատելու համար Ռուսաստան են մեկնում արտասահմանից։ Ըստ նրա` դա կհեշտացներ աշխատանքի փնտրտուքը և գործատուին թույլ կտար ավելի լավ հասկանալ օտարերկրյա քաղաքացու հնարավորությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: