Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԴԱՏԱՐԿ ԱԹՈՌՆԵՐԸ ԵՌԱՄՅԱ ԱՅՍ ՈՂՋ ՖԱՐՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐՆ ԷԻՆ

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստին, գրում է.

«Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստը նման էր վոլեյբոլի մրցախաղի, որում թիմերից մեկը ներկայանում է մեկ խաղացողով։

Պաշտպանության կողմն ամբողջ կազմով ներկայացել էր, իսկ մեղադրանքի կողմից ներկա էր միայն դատավորը։ Դատախազների չներկայանալը ոչ այլ ինչ էր, քան անհարգալից վերաբերմունք - միջնորդություն ունեին՝ թող գային, անձամբ հայտնեին։

Ինչ վերաբերում է դատարանի գործողություններին, ապա որևէ կերպ հասկանալի ու ընկալելի չէ չեղած հոդվածով ամբաստանվողների խափանման միջոցները վերացնելուց ձեռնպահ մնալը։

Դատախազների համար նախատեսված դատարկ աթոռները եռամյա այս ողջ ֆարսի խորհրդանիշներն էին - ունայնության սիմվոլները։

Կոտրած տաշտակի առաջ ոչ ոք չի ցանկանում նստել...»։

Նշենք, որ այս դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործով հաջորդ նիստը հրավիրեց ապրիլի 2-ին ժամը 13։00-ին։ Փաստաբանները հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալների նկատմամաբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, քանի որ մեղադրանքի հիմք հանդիսացող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն անվավեր է։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։

Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։

ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։

Panorama.am