«Ժողովուրդ»․ ԿԸՀ-Ն ԴԵՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմային և տեղեկացրել, որ համաձայն իր լավատեղյակ աղբյուրների` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն առարկություններ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։

«Մեր տեղեկություններով՝ այդ առարկությունների մեջ հիմնականում Ընտրական օրենսգրքում առաջարկվող ռեյտինգային ընտրակարգի փոխարինումն է 100% համամասնական ընտրակարգով։

Եվ, պարզվում է, միայն այս մեկ դրույթի փոփոխությունը շղթայաբար բազմաթիվ փոփոխություններ է պարտադրում»,–գրում է թերթը` հավելելով, որ ընտրական կարգի փոփոխությանը դեմ է արտահայտվում հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նշվում է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նաև իշխող խմբակցության որոշ պատգամավորների հետ քննարկումների ժամանակ այն տեսակետն է հայտնել, որ օրենսգրքի փոփոխությունները կդժվարացնեն ընտրությունների անցկացումը, քանի որ արդեն հայտարարված են ժամկետներ, և որ այդ փոփոխություններից հետո ընտրությունների նախապատրաստումը, հաշվարկը, փոքրամասնությունների ներկայացվածությունը և այլ հարցեր պետք է վերանայվեն։ «Մուկուչյանն այդ փաթեթի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել՝ հիմնավորապես բացատրելով, որ ընդունվելու պարագայում շատ դժվարություններ կառաջանան»,–գրում է թերթը։

Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովն ունի հստակ սկզբունքներ. ընտրություններ չեն կարող տեղի ունենալ ընտրական օրենսգրքի փոփոխություններից 6 ամիս շուտ ժամկետում։ Եվ ԸՕ-ն պետք է ընդունվի լայն քաղաքական կոնսենսուսով։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից նրա ուղարկած առարկությունների վերաբերյալ, սակայն նա տևական ժամանակ է՝ չի պատասխանում զանգերին, իսկ ԿԸՀ լրատվական բաժնից թերթին հայտնել են, որ այս փուլում որոշել են ձեռնպահ մնալ ընտրությունների և Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեկնաբանություններից։

 «Իրականում Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ընտրությունների գնալ առանց ռեյտինգային ընտրակարգի։

Պարզապես խմբակցության՝ հասարակական կազմակերպություններ ներկայացնող թևը պնդում է, որ պետք է ԸՕ-ն փոխվի, և լինի 100% համամասնական։ Դա է պատճառը, որ արտահերթով հարցը մտել է ԱԺ օրակարգ»,-գրում է թերթը:

Sputnik Armenia