CANCEL-Ի ՀԱՄԱՐ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ Է ՊԵՏՔ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճ 90%-ով, և այդ առնչությամբ ընթացիկ շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:
«Այս պահին Հայաստանում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է: Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ։ Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է»,- ասել է Սահակյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ամենևին կասկածի տակ չառնելով կորոնավիրուսային իրավիճակի խնդրի կարևորությունը երկրում, այդուհանդերձ անհնար է չնկատել, որ Առողջապահության նախարարությունը չափազանցում է պատկերը: Ի՞նչ է նշանակում՝ 90 տոկոսով աճ։ Ի՞նչ ցուցանիշի հիման վրա է արվում հաշվարկը, ինչի՞ հետ ենք համեմատում։ Կորոնավիրուսային իրավիճակի օբյեկտիվ գնահատման հնարավորություն ընձեռող բնութագրիչներից մեկը տեստավորման դրական և բացասական արդյունքների տոկոսային հարաբերակցությունն է: Ահա ուրեմն, այն օրը, երբ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը խոսում էր համաճարակաբանական իրավիճակի լրջության մասին, վիճակագրությունը պնդում էր, որ անցկացվել է 3978 տեստ, որոնցից 424-ը՝ դրական արդյունքով։ Այսինքն կորոնավիրուս հայտնաբերվել է տեստավորվածների 11%-ից պակաս թվաքանակի մոտ։ Միանգամից նշենք, որ նախորդ «կովիդային» տարվա ընթացքում այդ ցուցանիշը բազմիցս հասել է 25%-ի և ավելի, բայց բնավ ոչ միշտ է տագնապ հարուցել մասնավորապես Առողջապահության նախարարության և ընդհանրապես կառավարության ներկայացուցիչների շրջանում: Թերևս միայն՝ այն դեպքերում, երբ «թավե իշխանությունը» համաճարակաբանական իրավիճակով է հիմնավորել այլ խնդիրներ լուծելու փորձերը։ Օրինակ՝ բողոքի ակցիաների անցկացումը սահմանափակելու, քաղաքացիների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու ձգտումը և այլն։ Այդ ամենը, ինչպես ասում են, մենք արդեն անցել ենք։ Այժմ կառավարությունը նոր շարժառիթներ ունի կորոնավիրուսային զարհուրիկ ստեղծելու համար:
Նախևառաջ պետք է «նաղդել» գնված հակակովիդային պատվաստանյութերի խոշոր խմբաքանակը։ Ինչպես հայտնի է, բառացիորեն օրերս Հայաստանը ստացել է AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ։ Սա այն պատվաստանյութն է, որից շատ երկրներ պարզապես հրաժարվել են՝ դրա կողմնակի հետևանքների պատճառով։ Պատվաստանյութից հրաժարվել են Ավստրիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ռումինիան և Ֆրանսիան: Այդ կասկածելի պատվաստանյութն օգտագործելուց զերծ են մնացել Թայլանդն ու Կոնգոյի Հանրապետությունը։ Մի խոսքով, այդ պատվաստանյութն աշխարհում պարզապես սարսափելի համբավ ունի։ Այն աստիճան սարսափելի, որ հիմա էլ որոշել են անվանափոխել, հուսալով, թե բացահայտ ոչ պիտանի արտադրանքը այլ անվան տակ կարող են «սաղացնել» ինչ-որ մեկի վրա։
Եվ ահա այս խորապատկերին Հայաստանը ստանում է նույնիսկ ոչ թե անվանափոխված պատվաստանյութի, այլ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից մերժված հենց նույն AstraZeneca-ի խոշոր խմբաքանակ։ Իհարկե, այս պատվաստանյութի գնման և օգտագործման գոնե ինչ-որ արդարացում գտնելու համար երկրի իշխանություններին փաստարկներ են անհրաժեշտ՝ երկրում հիվանդացության իբր կտրուկ ու չափազանց վտանգավոր աճի և համաճարակաբանական իրավիճակի վատթարացման տեսքով:
Կորոնավիրուսային պատկերի շուրջ այսօր կառավարության բարձրացրած աղմուկն ունի ևս մեկ դրդապատճառ։ Զուտ քաղաքական։ Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը նիկոլական հերթական կեղծ օրակարգն է, և որոշակի պահի ընտրությունները կարող են չեղարկվել։ Այդպիսի cancel-ը ինչ-որ կերպ պատճառաբանելու համար հարկավոր է ֆորս-մաժոր։ Ահա և իշխանություններն այսօր մոտեցնում են կորոնավիրուսային իրավիճակը ֆորսմաժորայինի։ Եթե ոմանք մոռացել են, հիշեցնեմ, որ այդ գործում նրանք փորձ ունեն։ Հիշենք անցած տարվա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված պատմությունը, հիշենք, թե ինչպես էր քարոզարշավի ընթացքում կորոնավիրուսը բացահայտ անտեսվում, իսկ քարոզարշավի վերջում դարձավ քվեարկության չեղարկման պատճառ։
Իրեն իշխանություն համարող այս թիմն իր նսեմ մտադրությունների և նպատակների մեջ այնքան կանխատեսելի է, որ վաղուց արդեն դարձել է պարզապես տաղտկալի...