Մարուքյան․ Համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, որովհետև Ադրբեջանը նախապայմաններ է դնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը գործում է, կա, բայց բազմաթիվ խնդիրներ կան. օրինակ, դուք տեղյա՞կ եք, որ համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, որովհետև կողմերը տարբեր պայմաններ ունեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, տեղեկացնում է News.am:

«Մինչև այս Լաչինով են այցելել, հիմա Լաչինով չեն կարողանում այցելել, որովհետև Ադրբեջանը նախապայմաններ է դնում, ասում է՝ եկեք Աղդամով այցելեք, ուրիշ ճանապարհներ է ասում: Հիմա խումբը կա, բայց կկարողանա գործել, թե ոչ նաև կախված է մեր պրոակտիվ արտաքին քաղաքականությունից: Այսօր ՀՀ-ն այդպիսի քաղաքականություն չունի: Այսօր Հայաստանի քաղաքականությունը կուչ եկածի քաղաքականություն է: Մեր արտաքին քաղաքականության տապալման արդյունք է, որ պատերազմն սկսել է»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա աբսուրս համարեց, որ պետք է հույսը դնել նրա վրա, որ Մինսկի խումբը մեր բոլոր հարցերը լուծելու է. «Ասենք, Սյունիքում բրիգադները կրճատում էին, ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ն էին սպասում: ԶՈՒ քանակը նվազեցնում էին, հույս ունեին, որ Ֆրանսիան, Ամերիկան ու Ռուսաստանը գալու են իրենց տեղը կռվե՞ն»:

Հարցին, թե հիմա կարո՞ղ ենք ասել, թե մենք ինչ տարածքներով Արցախ ենք ուզում այսօր, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց. «Արցախն օկուպացված է, բայց մինչև այդ հարցը մենք ունենք ուրիշ շատ հարցեր: Օրինակ, ռազմագերիներին ինչու չեն վերադարձնում, որովհետև նախապայմաններ են դնում, իսկ մեր ԱԳՆ-ն կարողանո՞ւմ է սպասարկել մեր ազգային շահը: Ես պնդում եմ՝ ոչ: Այս իշխանությունը նման ունակություններ չունի»: