Պատգամավոր․ Գերիների հարցով ես սպասում ունեմ, որ մինչև ընտրությունները էլի կստանանք
Գերիների հարցով ես սպասում ունեմ, որ մինչև ընտրությունները էլի կստանանք, կունենանք նորություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կան նման խոսակցությունները, վերջնական ոչ մի բան չկա, բայց ես նման սպասում ունեմ, որ մինչև ընտրությունները կարող են մի խումբ ռազմագերիներ վերադարձվեն: Բայց դա ամբողջական խնդրի լուծում չէ, որովհետև ոչ մեզ թիվ են ասում, որ հաստատում են, թե քանի մարդ են, ոչ հաստատում են՝ որտեղ են պահվում»,-ասաց նա:
Մարուքյանը հավելեց, որ այդ ուղղությամբ հայկական կողմը միջազգային հարթակներում անդադար աշխատանքներ է տանում. «Հիմա ԵԽԽՎ-ի ֆորմատով ես ներգրավված եմ, բոլոր նիստերի թեման դա է՝ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները և պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են: Դրանք ևս մեկ անգամ մնալու են անպատիժ, ինչպես մնացին ապրիլյան պատերազմից հետո: Այն ժամանակվա իշխանությունը ոչ մի բան չարեց, որ պատժվեն, այսօրվա իշխանությունն էլ շարունակում է նույն ձևով՝ անատամ, անդեմ, վախեցած իշխանություն է: Գոնե միջազգային իրավական նախաձեռնություններ պետք է իրականացվեն, ոչ մի բան չեմ տեսնում: Եթե հիմա էլ հետևողական չլինենք, իմացեք, որ պաշտպանված չենք»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը, տեղեկացնում է News.am-ը: