Ի՞ՆՉ ԵՆՔ ՆԵՐԱՐԿՎԵԼՈՒ
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել ապրիլի 7-8-ից, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե ՍԱՀԱԿՅԱՆԸ: Նա նշել է, որ մարզերում պատվաստումը կարող է սկսվել քիչ ավելի ուշ։
«Տվյալ փուլում պատվաստանյութերը նախատեսված են ռիսկային խմբերի համար,- ասաց Գ.Սահակյանը:- Հայաստանին նախ առաջարկել են Pfizer ընկերության պատվաստանյութը, սակայն այդ պատվաստանյութը պահանջում է պահպանման շատ բարդ պայմաններ, որոնք չկան մեր պոլիկլինիկաներում։ Իրականում Pfizer-ը համեմատաբար ավելի թանկ արժե, բայց եթե մենք ունենայինք այդ պայմանները, միանշանակ ձեռք կբերեինք նաև Pfizer-ի պատվաստանյութեր»։
Մեկնաբանելով AstraZeneca պատվաստանյութի անվտանգության հարցը՝ Սահակյանն ընդգծեց, թե այսօր բոլոր գիտական տվյալները խոսում են այդ դեղամիջոցի օգտին: «Ներկայացնեմ երկու կազմակերպությունների՝ Դեղերի եվրոպական գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը, համաձայն որի՝ թրոմբոէմբոլիաների տեսքով առողջական խնդիրների բոլոր դեպքերի առաջացրած բարդությունները բնական շեմը չեն գերազանցում, այսինքն՝ ռիսկերը չեն ավելանում։ Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ, ստորագրվել է համապատասխան պայմանագիր, և ներկայումս քննարկվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակի ներմուծման հարցերը»։
Մինչդեռ այս պահի դրությամբ Մեծ Բրիտանիայում թրոմբներ են հայտնաբերվել AstraZeneca պատվաստանյութ ընդունած 30 մարդու մոտ, նրանցից 10-ը մահացել են: Այդ մասին հաղորդել է Դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների հսկողության բրիտանական վարչությունը։ Կարգավորող մարմինը հայտնել է, որ ավելի քան 18 մլն դեղաչափ օգտագործելուց հետո տվյալներ է ստացել գլխուղեղի երակների թրոմբոզի 22 դեպքերի և թրոմբոզի 8 այլ դեպքերի մասին։
Ֆրանսիայի դեղամիջոցների անվտանգության ազգային գործակալությունը նշել է, որ երկրում AstraZeneca դեղամիջոցով պատվաստվելուց հետո արձանագրվել է թրոմբոզի 12 դեպք: Հինգ մարդ մահացել է։ Իսկ այ Նիդեռլանդները 25-65 տարեկան կանանց մոտ թրոմբների և այլ կողմնակի հետևանքների մասին հինգ նոր հաղորդագրություններից հետո որոշեց իսպառ դադարեցնել այդ պատվաստանյութի կիրառումը։ AstraZeneca-ից հրաժարվել են նաև Իտալիան, Գերմանիան, Հունգարիան, Սլովենիան:
Ինչպես տեսնում ենք, Եվրոպայի բազմաթիվ երկրներ հրաժարվում են այդ պատվաստանյութից հօգուտ մյուսների, այդ թվում՝ ռուսական «Սպուտնիկ V»-ի։ Բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են հետևել ԱՀԿ-ի հանձնարարականին, որը կոչ է անում շարունակել բրիտանա-շվեդական կոնցեռնի պատվաստանյութի օգտագործումը։ Դեղամիջոցի առավելությունները գերակշռում են դրա օգտագործման ռիսկերից, համարում են ԱՀԿ-ի փորձագետները:
Ավելին, արդեն սկսվել է Հայաստանի պոլիկլինիկաներին AstraZeneca պատվաստանյութի 24000 չափաբաժնի բաշխման գործընթացը։ Այդ մասին հայտարարեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ գործընթացը մեկնարկել է, բայց բաշխման գրաֆիկը դեռ որոշված չէ։ «Խոցելի խմբերին պատվաստելու ենք պետական միջոցների հաշվին, ինչը կնվազեցնի լուրջ դեպքերի և մահերի քանակը։ Գործընթացը շատ ժամանակ է պահանջում, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն արագ կազմակերպենք»,- ասաց գերատեսչության ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ հայկական մասնագիտացված հանձնաժողովը հավանություն է տվել պատվաստանյութի գնմանը։
«ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-վարակաբան Նելլի Ամիրբեկյանն արձանագրում է, որ պատվաստանյութի շուրջ իսկական պատերազմ է սկսվել աշխարհում։ «ՀՀ առողջապահության նախարարությունը ռիսկի է ենթարկում բնակչության խոցելի խմբերին՝ պատվաստելով նրանց բրիտանա-շվեդական դեղամիջոցով,- ասաց Ն.Ամիրբեկյանը:- Մեր իշխանությունները հնազանդորեն կատարում են ԱՀԿ-ի հանձնարարականները և թքած ունեն, որ գրեթե բոլոր զարգացած երկրները հրաժարվել են AstraZeneca-ից։ Ո՞ր մասնագիտացված հանձնաժողովն է հաստատել այդ պատրաստուկը: Ինչո՞ւ մեզ չեն հայտնում, թե հեղինակավոր հայ վիրուսաբաններից ով է ընդգրկվել դրա կազմում։ Ես արդեն չեմ հավատում կառավարության ոչ մի խոսքին։ Ինչո՞ւ չէր կարելի միանգամից ձեռք բերել համեմատաբար անվտանգ «Սպուտնիկ V»-ն։ Մեր ժողովրդին վտանգի ենթարկելը հանցագործություն է»։