ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ՀԱՂԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ
Հայաստանում գնաճը դուրս է պրծել նախանշված միջանցքից
Ազգային տնտեսությունն անցած տարվա ընթացքում կորցրել է 7,5% և 2020 թվականի 2-րդ եռամսյակից առ այսօր գտնվում է տեխնիկական ռեցեսիայի մեջ։ Ընթացիկ տարվա 2 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 6,7%-ով։
Այդ խորապատկերին անպարկեշտ եվ արտառոց են հնչում տնտեսության վիճակի համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները այս տարի իբր դրսևորված որոշակի հաջողությունների առկայության մասին: Սկզբում վարչապետ Փաշինյանը գերմարդկային սրատեսությամբ նշմարեց տնտեսության վերականգնման նշաններ, իսկ օրերս արդեն ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստում, իսկ այնուհետ նաև ԶԼՄ-ներին տված հարցազրույցում գլուխ էր գովում, թե այս տարվա 1-ին եռամսյակի արդյունքներով «հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմել է 22,3 մլրդ դրամ»։
Մինչդեռ 2020 թվականի 1-ին եռամսյակում հարկայինները կարողացել են պետգանձարան մտցնել 349 մլրդ դրամ, իսկ 2021-ի 1-ին եռամսյակում ՝ միայն 327,3 մլրդ դրամ, այսինքն իրականում մենք այդ առումով էլ ունենք մոտ 22 մլրդ դրամի բացասական արդյունք. պարզապես կառավարությունը նախապես էականորեն նվազեցրել է հարկերի գանձման ծրագիրը և... քաջաբար գերակատարել դա։ Գործող իշխանության համար սովորական էժանագին մանիպուլյացիա։
Այնուհետ երկրի գլխավոր հարկահավաքը զեկուցում է այս տարվա մարտին ապրանքաշրջանառության և գործարքների աճի մասին՝ արտացոլված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում: Վարչապետն այդտեղ էլ է մեջ ընկնում. «Այսպիսով, առևտրաշրջանառության ծավալն 1-ին եռամսյակում աճել է ավելի քան 8%-ով։ Մարտին աճը կազմել է ավելի քան 20%»։
Փաշինյանն ու Հովհաննիսյանը խոսում են ընթացիկ տարվա մարտ ամսվա ինչ-որ տվյալների մասին, թեև պաշտոնական վիճակագրությունն առայժմ սահմանափակված է 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներով (մարտի տվյալները կհրապարակվեն միայն ապրիլի 26-ին), և այս երկու ամսվա պարագայում դրական, թեև համեստ լույսի ներքո կարելի է խոսել միայն շինարարության ոլորտի ընդամենը 1% աճի մասին։ Մնացած բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները նշված ժամանակահատվածում սաստիկ նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հաշվի առնելով, որ ս.թ. հունվար-մարտ ամիսներին ներքին առևտրաշրջանառությունը նվազել է 11,3%-ով, իսկ ծառայությունների ոլորտը՝ ընդհանրապես 12,5%-ով, մարտի համապատասխան ցուցանիշները պետք է պարզապես փայլուն լինեն, որպեսզի ոչ միայն ծածկեն առաջին երկու ամիսների երկնիշ անկումները, այլև փակեն 1-ին եռամսյակը «կանաչ» գոտում։
Ըստ երևույթին, հենց դրան էլ ապավինում են կառավարությունում՝ բնավ ոչ անհիմն համարելով, որ այս մարտը հարկ կլինի համեմատել անցած տարվա մարտի հետ, իսկ չէ՞ որ 2020 թվականի մարտի կեսն ընդհանրապես զրոյական էր, քանի որ, հիշում եմ, մարտի 16-ից կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց երկրում, և տնտեսական կյանքը Հայաստանում կանգ առավ։ 2020 թվականի մարտին տնտեսական ակտիվության անկումը կազմեց գրեթե 5%, իսկ առևտրի ծավալները կրճատվեցին 10%-ով։ Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի իր խիստ սահմանափակումներով, ձգվեց ամբողջ ապրիլը ներառյալ (որի հետ այս տարվա ապրիլը համեմատելը նույնպես շատ հարմարավետ զբաղմունք կլինի պաշտոնյաների համար)։
Այսպիսով, նույնիսկ այս մարտ ամսվա չնչին թվերը, համադրվելով, պայմանականորեն ասած, նախորդ տարվա մարտի զրոների հետ, կարող են ապահովել կառավարությանն այնքա՜ն անհրաժեշտ աննախադեպ հաջողությունների գեղեցիկ պատկեր։ Այլ բան է, որ իրականում աճի այդ տոկոսները ոչ ավելին են, քան պատրանք։
Իմիջիայլոց, խոսելով առևտրաշրջանառության աճից՝ կառավարությունում ամոթխած լռում են մոլեգնող գնաճի մասին։ «Հաջողությունների» վերաբերյալ իրենց զեկույցներում այդ մասին ոչինչ չասացին ո՛չ վարչապետը, ո՛չ էլ գլխավոր հարկահավաքը, չնայած ապրանքների թանկացումը նույնպես կարող է ապահովել ապրանքաշրջանառության աճի գեղեցիկ պատկեր։ Բայց դա էլ ոչ այլ ինչ է, քան պատրանք։
Ի տարբերություն ս.թ. մարտ ամսվա մակրոտնտեսական մյուս ցուցանիշների, որոնք, ինչպես արդեն ասվեց, Վիճկոմիտեն մեզ կներկայացնի միայն ապրիլի վերջին, մարտի և ընդհանուր առմամբ այս տարվա հունվար-մարտ ամիսների գնաճի տվյալները Armstat-ի կողմից հրապարակվել են ապրիլի 5-ին (այդ մասին մենք ավելի մանրամասն կխոսենք առաջիկա օրերին)։
Համաձայն այդ տվյալների՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020 թ. մարտից մինչև ս.թ. մարտ) կազմել է 5,8%՝ գերազանցելով ծրագրային ցուցանիշի ամենաբարձր շեմը (4+1,5%, այսինքն 5,5%): Ընդհանուր առմամբ, 1-ին եռամսյակում ՍԳԻ-ն (սպառողական գների ինդեքսը) կազմել է 5,2%: Եվ, իհարկե, գների այդ կատաղի աճը արտացոլվում է ապրանքաշրջանառության թվերի մեջ։ Կառավարությանը հայտնի է այդ մասին, բայց նա բարեգեղ պատկեր ստեղծելու նպատակով նախընտրում է չկապակցել այդ երկուսը։ Սակայն մենք հո գիտենք, թե որտեղ է թաղված շան գլուխը…