Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՊԻՏԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԼԻՆԵՆ ՆԱԽ ԵՐԵՎԱՆԻՆ

Մինչ մենք կենսական ջանքեր ենք գործադրում փոսից դուրս գալու համար, մեր շուրջը շարունակվում են լրջագույն գլոբալ և տարածաշրջանային զարգացումները, որոնք անմիջապես ազդում են մեզ վրա։

Այսպես, այսօր Անկարայում տեղի ունեցան Էրդողանի բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Վան դեր Լեյենի հետ։

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Թուրքիայի բացահայտ և ցինիկ հակահայկականությունը և ԵՄ-ի բացահայտ և ցինիկ անտարբերությունը հասկանալի են դարձնում իմ մեծ հետաքրքրությունը այս հանդիպումների հանդեպ։

Շտապեմ հիասթափեցնել անուղղելի միամիտներին. Արցախի հետ կապված թուրքական ագրեսիան և իսլամիստ գրոհայինների թեման ընդհանրապես չեն բարձրացվել ԵՄ պաշտոնյաների կողմից։ Բայց օրինակ Վան դեր Լեյենը խոսել է Լիբիայից գրոհայիններին հեռացնելու անհրաժեշտության մասին։

Չի խոսվել հայերի հանդեպ գործած վայրագությունների և մեր իրավունքների մասին, բայց քննադատվել է Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու փաստը։

Թուրքիայի համար խելահեղ պայքարը շարունակվելու է Վաշինգտոն-Բրյուսել և Մոսկվա-Պեկին զույգերի միջև, ինչն այս փուլում հմտորեն օգտագործվում է և օգտագործվելու է Էրդողանի կողմից, այդ թվում՝ Հայաստանի և հայերի դեմ։

Բայց այլոց մեղադրելուց առաջ կրկին հիշեք. հայկական շահերը պիտի հետաքրքիր լինեն նախ Երևանին, նոր հետո՝ Բրյուսելին, Մոսկվային կամ Վաշինգտոնին։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ