Amnesty International-ը 2020-ին ազատությունների սահմանափակումներ է արձանագրել Հայաստանում

Ադրբեջանի հետ զինված հակամարտություն, համաճարակի պատճառով սահմանված արտակարգ իրավիճակի և ռազմական դրության պայմաններում ազատ կամարտահայտման սահմանափակումներ, Ամուլսարի հանքի շահագործման շուրջ մտահոգություններ և դրանով պայմանավորված ցույցերի մասնակիցների ձերբակալություններ, տուգանումներ Հայաստանում այս իրադարձություններն է առանձնացրել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպանության մասին տարեկան զեկույցում, տեղեկացնում է Azatutyun.am։

Կառույցը, ներկայացնելով անցած տարվա սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի ընթացքը, հակամարտող կողմերին մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ՝ պնդելով, որ թե՛ Բաքուն , թե՛ Երևանը ծանր զինտեխնիկայի, հրթիռային համակարգերի կիրառմամբ թիրախավորել են խիտ բնակեցված քաղաքացիական շրջաններ: Վկայակոչելով համացանցում տարածված տեսանյութերը՝ իրավապաշտպան կազմակերպությունը նաև պնդում է, որ երկու երկրների զինված ուժերը դաժան վերաբերմունք են դրսևորել հակառակ կողմի զինվորականների նկատմամբ։

Amnesty International-ն արձանագրել է, որ Հայաստանում անցած տարվա ընթացքում խաղաղ հավաքների և ազատ կամարտահայտման իրավունքները սահմանափակվել են նախ համաճարակով պայմանավորված, ապա՝ պատերազմով։ Արտակարգ դրության շրջանակներում ի թիվս այլ սահմանափակումների պաշտոնապես արգելվել էին նաև 20-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները, ինչպես նաև համաճարակի մասին այսպես կոչված «ոչ պաշտոնական տեղեկատվության» հրապարակումը։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ Հայաստանի կառավարությունը ստիպել է շուրջ երկու տասնյակ պարբերականների ջնջել կամ խմբագրել տեղեկատվությունը, որն իշխանությունները գնահատել են որպես «խուճապի տարածմանը նպաստող»։ Միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից կոշտ քննադատությունից հետո լրատվամիջոցների նկատամամբ գործող այդ սահմանափակումներն անցած ապրիլին ի վերջո չեղարկվեցին, նշում է կառույցը և հավելում, որ սահմանափակումները նոր թափով վերականգնվեցին պատերազմի ընթացքում ու եռակողմ համաձայնություններից հետո, որպեսզի «արգելվեն հակակառավարական ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով»։

«Շրջակա միջավայրի հետընթաց». այսպես է վերնագրել բողոքի ցույցերի, ձերբակալությունների հանգեցրած՝ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ զարգացումները Amnesty International-ը զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում։ Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է դեռևս մեկ տարի առաջ Փաշինյանի վարչակազմի առաջարկած օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք, ինչպես նշում է, թույլ են տալիս չբացահայտել տեղեկատվությունը, որը կարող է «բացասաբար ազդել շրջակա միջավայրի վրա»։ Զեկույցի հեղինակները վկայակոչում են բնապահպանների մտավախությունները, ըստ որոնց՝ կառավարությունը ձգտում է նվազեցնել թափանցիկությունը բնապահպանական հարցերում՝ արդյունահանողների շահերը վեր դասելով տեղացիների շահերից։

Հայաստանի հարևան Ադրբեջանում, ինչպես նշում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը, խաղաղ բնակչությունը տառապել է ոչ միայն ծանր մարտերից, այլ նաև մարդու իրավունքների զանգվածային խախտումներից։ Զեկույցի հեղինակները գրում են, որ Ալիևի վարչակազմը պատերազմի և համաճարակի պատրվակով ահագնացրել է հարձակումները այլախոհների նկատմամբ, ընդդիմության տասնյակ առաջնորդներ և ակտիվիստներ են կամայականորեն ձերբակալվել և կալանավորվել, հետապնդումների են ենթարկվել փաստաբաններ, բազմաթիվ հաղորդումներ են ստացվել կալանքի տակ գտնվող իշխանության քննադատների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին։

Փաստաթղթում մանրամասն նկարագրված է, թե ինչպես են ադրբեջանական ուժայինները անհամաչափ ուժի կիրառմամբ ցրել ամենափոքր հավաքներից մինչև մարդաշատ բողոքի ցույցերը՝ բռնությունների գործադրմամբ ձերբակալելով և կալանավորելով տասնյակ ցուցարարների, այդ թվում՝ կին ակտիվիստների։

Վրաստանում առկա խնդիրներից իրավապաշտպաններն առանձնացրել են աշխատանքային իրավունքի խախտումները՝ մասնավորապես աշխատողների անվտանգության ոչ բավարար պաշտպանությունը, ինչը հաճախ հանգեցրել է աշխատավայրերում մարդկանց մահվան։

Զեկույցի համաձայն՝ տարվա ընթացքում Վրաստանում մահվան ելքով տասնյակ դժբախտ պատահարներ են տեղի ունեցել, հատկապես՝ հանքափորների և շինարարների շրջանում, առողջության և աշխատանքի անվտանգության պահանջները չպահպանելու հետևանքով։

«Հոկտեմբերին, չնայած բիզնես խմբերի հակազդեցությանը, խորհրդարանը Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ է ընդունել, որոնք ամրապնդել են աշխատանքային իրավունքները և ազգային օրենսդրության մի շարք դրույթներ համապատասխանեցրել միջազգային չափանիշներին», - ասվում է զեկույցում։

Amnesty International-ը Վրաստանում ևս արձանագրել է ազատ հավաքների սահմանափակման, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման, գենդերային խտրականության, քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ձերբակալությունների և կալանքի դեպքեր։