Հայկ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՆՔ ՀԻՄԱ ԱՆՋՐՊԵՏԻ ԱՌԱՋ ԵՆՔ

Հայաստանում գիտության անմխիթար վիճակի, դրան հանգեցրած քաղաքականության, անհրաժեշտ քայլերի ու հնարավոր հետևանքների շուրջ Panorama.am-ը զրուցել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հետ։

- Պարոն Սարգսյան, վերջերս երևանյան դպրոցներից մեկի ուսուցչուհին ինձ խնդրեց օգնել կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի մասնագետներ գտնել։ Ասաց, եթե նախկինում մարդիկ գումար էին տալիս դպրոցում աշխատանքի տեղավորվելու համար, հիմա մենք ենք խնդրում, որ գան, բայց կադրեր չկան։ Սա մասնավո՞ր դեպք է, թե՞ համատարած խնդիր։

- Համատարած խնդիր է։ Հաշվի առնելով, որ ես ժամանակին դպրոցում դաս եմ տվել ու դպրոցի հետ կապը երբևիցե չեմ խզել՝ կարող եմ ասել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ծայր աստիճան անփույթ ու վատ վերաբերմունք եղավ բնագիտական գիտությունների ու առարկաների նկատմամբ, դրանք դարձան ոչ պոպուլյար։ Նման գիտություններն ու առարկանները պոպուլյար են դառնում այն պարագայում, երբ գոյություն ունի պետական մոտեցում, երբ նույն ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը համարվում են ստրատեգիական ռեսուրս։

Հայաստանում դրանք մի կողմ շպրտվեցին, դպրոցներում այդ առարկաների հեղինակությունը շատ կտրուկ նվազեց, դրանք սկսեցին աստիճանաբար մահանալ։ Աշակերտները սկսեցին գնալ դեպի իրավագիտություն, տնտեսագիտություն և նման մասնագիտություններ։ Նաև հաշվի առնելով, որ չկար տնտեսություն, չկար նման մասնագետների պահանջարկ՝ պատկերացրեք, եթե լիներ գործարան, որտեղ արտադրում են միկրոէլեկտրոնիկա, ապա պետք կլինեին մասնագետներ, որոնք հասկանում են ինչ-որ բան, այդ դեպքում օրինակ Պոլիտեխնիկը շատ լուրջ կոնտինգենտ էր հավաքելու, որտեղ պետք էին լինելու նաև ֆիզիկայի շատ լուրջ գիտելիքներ, իսկ հիմա գործարանները չկան։ Այս ամենի բացակայությունը բերեց կադրերի որակական ու քանակական անկման՝ սկսած բուհերից, որոնք ունեին նեղ ինժեներական ուղղվածություն, վերջացրած Մանկավարժական ինստիտուտով, որտեղ պետք է պատրաստեին ուսուցիչներ։

Եթե չեմ սխալվում, անցած կամ նախանցած տարի Մանվարժական համալսարան ֆիզիկայի ուղղությամբ դիմել էր մեկ դիմորդ Գյումրիում։ Սա աղետ է։ Սա բերում է նրան, որ Խորհրդային միության փայլուն ուսուցիչները, որոնք տարիքի պատճառով հեռանում են հանգստի, տեղը զիջում են բավականին ցածր կրթական ցենզ ունեցող երիտասարդների, որոնք օբյեկտիվ պատճառներով շատ թույլ են։ Հետևաբար դասավանդել երեխաներին այդ լրջագույն առարկան, որը հիմքն է տեխնոլոգիաների, դառնում է անտանելի բարդ պրոբլեմ։

Բնականաբար, եթե ուսուցիչը վատն է, աշակերտները դառնում են վատ, որովհետև ուսուցումը դառնում է ծայրաստիճան անհետաքքիր ու բեռ, պոպոլյարությունն ավելի է ընկնում։ Սա էլ շղթայաբար բերեց նրան, որ ոչ ոք չէր ուզում գնալ այդ ուղղությամբ։ Այնպես որ խնդիրը համատարած է, համակարգային։ Ես ձեզ հավատացնում եմ, մի քանի տարի հետո կլինեն դպրոցներ, որտեղ այդ առարկաները չեն ուսուցանվի, երեխաները կատարյալ անգրագետ են լինելու։ Սա առաջին հերթին անդրադառնալու է բանակի մարտունակության վրա, որովհետև բանակը տեխնոլոգիաների լուրջ համալիր է, որն օգտագործում են պաշտպանական խնդիրներ լուծելու համար։ Եթե մենք հիմա այդ ամենը չշտկենք, ապա անվտանգային հարցերում մեծ պրոբլեմների ենք հանդիպելու։ Վերջին պատերազմը ձեզ վառ օրինակ։

- Դուք մասամբ պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, ես ուզում էի հարցնել, եթե խնդրի լուծման ուղղությամբ շտապ քայլեր չձեռնարկվեն, ի՞նչ հետևանքների ենք բախվելու։

- Հետևանքների մասին վաղուց եմ խոսում, ուղղակի ոչ այսպես հրապարակային։ Սովորաբար գիտնականը գերադասում է սուսուփուս իր գործն անել, հանրային գործունեությամբ չզբաղվել։ Բայց հիմա հասկանում եմ, որ դա սխալ է։ Պետք է բացատրել, որ մենք կկանգնենք պետականության կորստի առաջ, չենք ունենա կիրթ հասարակություն, կիրթ հանրություն, իսկ այսօրվա դրությամբ կրթությունը պետության իմունային համակարգի կարևորագույն բաղադրիչն է։

Եթե հասարակությունը, առավել ևս այսպիսի տեխնոլոգիական ժամանակաշրջանում լինի անգրագետ ու անկիրթ, ապա նման հասարակությունն ի վիճակի չէ մրցակցության մասնակցել։ Մենք պետք սթափվենք։ Դա պետք է լինի ոչ թե մեկամյա ծրագիր, այլ պետք է լինի երկարատև, հետևողական ու շարունակական ծրագիր՝ անկախ այն բանից, թե ով է իշխանության։ Դա պետք է գիտակցեն։

- Կա՞ այդ գիտակցումն իշխանության մոտ։

- Ո՛չ։ Ես իմ նախորդ ելույթներից մեկում նշել եմ, որևէ իշխանության օրոք խորքային գիտակցում, թե ինչու է պետք պետությանը գիտություն, տեղի չունեցավ։ Ես կրկնում եմ, դա մեր քաղաքական էլիտայի կրթական ցենզի ցածր լինելու հետևանք է։ Նրանք չեն հասկանում, դա ինչ է։ Նրանք օգտվում են գիտության պտուղներից՝ մեքենաներից, հեռախոսներից և այլնից, առանց վերլուծելու, որ դրանց հիմքում հիմնարար գիտությունն է, որը մարդկությունը նախ զարգացրեց, հետո նոր կարողացավ ծառայեցնել իրեն։

Նրանցից շատերը համարում են, որ գիտությունը բեռ է պետության վրա։ Պետությունը հենց նրանով է տարբերվում բիզնես կանտորայից, իսկ մեզ մոտ հենց այդպես է՝ 20 դրամ դնեն, 25 դրամ վերցնեն... պետությունն այդպես չեն կառուցում։ Պետությունը պետք է ունենա երկարատև ծրագրեր, որոնք պահանջում են մեծ ներդրումներ, որոնց մի մասի հետ գալը հնարավոր է և տեղի չունենա, իսկ մի մասն էլ կբերի բավականին լուրջ ու մեծ գումար, բայց դրա հետ կզարգանա հասարակությունը։

Այսպես շուտով հերթը կարող է հասնել մշակույթին։ Վաղը կարող են ասել՝ մենք փակում ենք գրադարանները, թանգարանները, հուշարձանները, քանի որ դրանք գումար չեն բերում, իսկ վաղը չէ մյուս օրը մենք կդառնանք աֆրիկյան մի ցեղ, որի գլխավոր նպատակը փորը կուշտ, տակը չոր լինելն է։ Եթե մենք գնում ենք դրան, ուրեմն ցավոք, մենք ապագա չունեցող ազգ ու պետություն ենք։

Գիտության հարցն ամեն կերպ վանվում է մի կողմ, հիմա շատ են սիրում ասել՝ օրվա հացի խնդիր ենք լուծում, բայց այդպես չի լինում, պետությունն այդպես չեն կառուցում, առավել ևս հիմա։

- Գիտության հատկացումները անհրաժեշտ չափով չավելացնելը իշխանությունները պայմանավորում են բյուջեում միջոցների սղությամբ։ Ո՞րն է այս պատճառաբանությանը Ձեր հակադարձումը։

-Փորձը ցույց է տալիս, երբ կառավարությանը պետք է իրենց կոմֆորտի հետ կապված ինչ-որ հարցեր լուծել, միանգամից գումարներ գտնում են։ Տարատեսակ օրինակներ կան։ Բայց այստեղ խոսքը ռազմավարական մտածողության մասին է։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանում Գիտությունների Ազգային Ակադեմիան հիմնադրվել է 1943 թվականին, երբ դեռ չէր ավարտվել նույնիսկ Կուրսկի ճակատամարտը։ Երբ ամբողջ երկիրը կենտրոնացած էր ռազմաճակատի հոգսերի վրա, Հայաստանում տեխնիկական ճառագայթների հետազոտություններ էին իրականացնում Ալիխանյան եղբայրները։ Հենց դրա շնորհիվ հիսուն տարի անց Հայաստանը դարձավ Խորհրդային Միության տեխնոլոգիապես ամենազարգացած հանրապետություններից մեկը, որին նաև Սիլիկոնյան հովիտ էին համարում։

Գումար չլինելու մասին այդ հեքիաթները թող էլ չպատմեն, հերի՛ք է։ Իմիջիայլոց ասեմ, մենք Գիտության պետական կոմիտեում շատ լավ կազմ ունենք։ Թե կոմիտեի նախագահը, վարչության ղեկավարները բավականին լուրջ, ադեկվատ ու հայրենասեր տղաներ են։ Ես նրանց լավ եմ ճանաչում։ Նրանք անընդհատ պայքարում են՝ փորձելով բացատրել, որ գիտության համար ծախսված գումարները շատ ավելի մեծ տոկոսով վերադառնալու են։ Դա պետք է հասկանալ։ Այլ բան, որ պետք է լուրջ օպտիմիզացիա իրականացնել, կան խմբեր, որոնք աշխատում են ոչ արդյունավետ։ Պետք է զտում իրականացնել, դա պետք է լինի պետական ծրագիր։

Իհարկե, կան նաև ավանտյուրիստներ, որոնք ներկայացնում են իրենց զառանցանքերը որպես գիտական աշխատանքներ ու կարողանում են դրանք հրամցնել տարատեսակ չինովնիկներին, քանի որ վերջիններն ունեն կրթական ցածր մակարդակ ու չեն հասկանում, կոպիտ ասած, թե ինչ են իրենց դեմ տալիս։ Դրա համար ցանկացած զարգացած երկրում կան կառավարությանը կից գիտական խորհուրդներ, որոնց աշխատանքներում ներգրավված են բարձր որակի պրոֆեսիոնալներ, որոնք պետք է տան եզրակացություն այս կամ այն գիտական ծրագրի վերաբերյալ։ Միայն գիտնական փորձագետների կողմից տրված եզրակացությունից հետո է տրամադրվում ֆինանսավորումը։

Իսկ մեզ մոտ հիմա շատ հետաքրքիր տրամաբանություն է գործում՝ դուք վատ եք աշխատում, գիտությունը ցույց տվեց, որ բան չի կարողանում անել։ Տարիներ շարունակ գիտությունը չեք ֆինանսավորել, ամեն ինչ արել եք, որ երիտասարդությունը թողնի և հեռանա այս երկրից, իրեն չտեսնի գիտության մեջ, արդյունքը սա պետք է լիներ։ Գիտնականի այն կերպարը, որ ձևավորեցին տարիների ընթացքում՝ նվացող, վատ հագնվող, անթրաշ, անընդհատ գումար մուրացող... Դա սխալ կերպար է։ Այսօր գիտությամբ զբաղվող երիտասարդները շատ լավ էլ ապրում են, ոտքի էլ կանգնած են, բայց հիմնականում Հայաստանից դուրս։

Հիմա տեսեք, ինչո՞ւ «Գիտուժ» նախաձեռնությունը ձևավորվեց։ ՏՏ ոլորտում աշխատող տղաները հասկացան, որ կադրեր չեն կարողանում գտնել, չկան, որովհետև այնքան է ընկել գիտական մակարդակը, որ բուհերը չեն կարողանում լավ ուսանող տալ։ Այստեղ ամեն ինչ հստակ է, եթե մարդն ակտիվ գիտությամբ է զբաղվում, կարողանում է նաև լավ ուսանողներ պատրաստել, որովհետև ժամանակակից գիտության միտումներին ծանոթ ես։ Իսկ եթե մասնագետը, կոպիտ ասած, չարքաշ կյանքով է ապրում, ամբողջ նպատակն այն է, որ գնա երկու ժամ լեկցիա կարդա, հետո թողնի գնա ու մտածի, ոնց կողքից գումար աշխատի, պարզ է, որ ուսանողին ոչ մի մակարդակ էլ փոխանցել չի կարող։ Այսինքն՝ այն հիմնական լոկոմոտիվը, որ ունակ է զարգացնել ու առաջ տանել պետությունը, գիտական ենթակառուցվածքներն են։

- «Գիտուժ» նախաձեռնության անդամների հետ մեր հարցազրույցների ընթացքում նրանք նշում են, որ գիտության հատկացումների՝ շարունակական ու հետևողական ավելացումը դրական ազդեցություն է կունենա դպրոցների, կրթության վրա։

- Անպայման։ Եկեք ես ասեմ շղթան. Լավ գիտնականը պատրաստում է լավ ուսանող, լավ ուսանողն ունենում է լավ գիտելիքներ, նրանց մի մասը, որ գնում են դպրոց, դառնում են որակյալ ուսուցիչներ, համապատասխանաբար տալիս են լավ գիտելիքներ, դրա արդյունքում ունենում ենք լավ աշակերտներ, նրանք էլ հետագայում դառնում են լավ ուսանողներ, լավ ուսանողը դառնում է լավ մասնագետ։

Գերմանիան, որ կրթությունն անվճար է դարձրել, հասկանում է, որ կիրթ մարդը հետագայում շատ ավելի մեծ գումար է տալիս պետության բյուջեին, քան անկիրթը։ Նրանք հասկանում են, որ դա պետությանը ձեռնտու է։ Օրինակ, ես համարում եմ, որ մեր պետությունից նման սարսափելի արտագաղթը անգրագետ լինելու հետևանք է, քանի որ պարզ, պրիմիտիվ աշխատանք շատերն են կարողանում անել, դրա համար շատերը գնում են ու սկսում ասֆալտ փռել կամ առևտրով զբաղվել արտերկրում։

Այս առումով Ճապոնիայի օրինակը պետք է հստակ լինի։ Ատոմային ռմբակոծություններից հետո կայսրն ասաց՝ եկեք, հասկանանք, ի՞նչ ճանապարհով պիտի գնանք։ Նրանք առանձնացրեցին երեք առաջնահերթություն՝ մշակույթ, լավ կրթական համակարգ ու գիտություն։ Հիմա տեսեք, տարի չկա, որ ճապոնացիները Նոբելյան մրցանակ չստանան։ Սա արդյունքն է այն բանի, ինչ արվեց 1946 թվականին, երբ կայսրի մոտ հավաքվել էին իսկապես մտավորականներ, ազգի էլիտան, որ ցավոք, մենք չունենք։ Մեր երկրում էլիտար մտավորականություն կոչվածը հաճոյախոսություններ ասողներ են, փոխարեն մեր վիճակի վերաբերյալ ախտորոշում անեին, անընդհատ այդ կենացներով մեր ժողովրդին ցավազրկողներ էին ներարկում՝ խաբելով, թե մենք ինչ մեծ ու համաշխարհային ազգ ենք։ Նախ և առաջ համաշխարհային ազգը թույլ չէր տա, որ իր զավակներն այսպիսի դպրոցում սովորեին։ Իսկ մենք եկանք ու սրան հասանք։

- Պարոն Սարգսյան, վերջին պատերազմից հետո հատկապես Հայաստանն ունի անվտանգային լուրջ խնդիր։ Այս իրավիճակում գիտության ո՞ր ճյուղը պետությունը պետք է վերցնի իր հոգածության ներքո։

- 21-րդ դարը երկու ուղղություններին է՝ քվանտային տեխնոլոգիաներ և կենսատեխնոլոգիաներ, սրանք որպես առանձին ուղղություններ դիտարկելն արդեն գրեթե հնարավոր չէ, միջառարկայական կապերը շատ մեծ են։ Ես կարծում եմ, որ Հայաստանում հենց այս ճանապարհով պետք է գնալ։ Իսկ մինչ այդ, պետք է պարզել, թե Հայաստանում որ ուղղություններն են համապատասխանում միջազգային չափանիշներին, պահպանել ու զարգացնել դրանք։

Փորձը ցույց տվեց, որ շատ լուրջ հետազոտություններ պետք է անել ռազմական հեռահաղորդայցության ոլորտում։ Ինչպես տեսանք վերջին պատերազմում, հայտնաբերել անօդաչու սարքերն ու խանգարել, որ դրանք մասնակցեն ռազմական գործողություններին, դարձել էր հույժ կարևոր հարց։ Մենք պետք է շատ խոր վերլուծություններ անենք, թե ինչ հնարավորություններ ունենք այդ ամենը գնելու և օգտագործելու համար, որ մասը մենք տեղում կարող ենք արտադրել։

Այո, Հայաստանում կան խմբեր, որոնք կարող են և անում են կարևոր գործեր, նրանց ուղղակի պատշաճ վերաբերմունք ու պետական աջակցություն է պետք։ Այդ մասնագետները ոսկու գին ունեն, պետք է ամեն ինչ անել, որ այդ գիտելիքները փոխանցվեն երիտասարդներին, դրա արդյունքում մենք կկարողանանք ինչ-որ առումով ձևավորել մեր ռազմագիտական ու ռազմաարդյունաբերական տեխնոլոգիական համալիրը։ Ես չեմ ասում, որ մենք կարող ենք ամեն ինչով զբաղվել, բայց կան ուղղություններ, որոնցում պետք է լինի գիտական, գիտահետազոտական ու կոնստրուկտորական որոշակի ներդրում։ Հայաստանում կան խմբեր ու ինստիտուտներ, որոնք այդ պոտենցիալով օժտված են, դա պետք է անպայման օգտագործել։

- Շնորհակալ եմ։ Իմ հարցերը սպառվեցին։ Ունե՞ք ավելացնելու որևէ բան։

- Ես ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա անջրպետի առաջ ենք։ Կամ մենք գիտակցելու ենք, գնալու ենք գիտության ուղղությամբ, փոխվելու է մեր վերաբերմունքն առահասարակ այդ ամենի նկատմամբ, կամ հակառակ դեպքում հետևանքներն ուղղակի աղետաբեր են լինելու։ Ես ձեզ հավաստիացնում եմ, իրավիճակը շատ լուրջ է, մեր հարևանները մի րոպե չեն հանգստանում։

Տեսեք, թե Թուրքիան ինչ գումարներ է ներդնում գիտահետազոտական ծրագրերի համար։ Այն դեպքում, երբ Խորհրդային Միության փլուզումից առաջ Թուրքիան իր գիտական ներուժով ընդհանրապես համեմատելի չէր Հայաստանի հետ։ Իսկ հիմա տեսեք, թե իրենք ուր են, մենք՝ ուր։Դա կարևորագույն ռեսուրս էր, որն այդպես էլ չհասկացան ու չօգտագործեցին Հայաստանում։ Այս վերաբերմունքը պետք է փոխել։ Այդ «սուրճ խմելու» պատմությունը շատ բացասական ազդեցություն ունեցավ մեզ վրա, ի վերջո կարելի է վերցնել գիտաչափական տվյալներն ու տեսնել, թե Հայաստանը դեռ ինչ դիրքեր ունի, այն բավականին բարձր դիրքեր ունի։ Բայց սերունդները գնում են, ու մենք անմիջապես կարող ենք ուղղակի ցամաքել։ Վտանգը սա է։

Լալա Տեր-Ղազարյան

Panorama.am