ՍԱ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԱՆՁՐԵՎ ՉԷ
Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել ականադաշտերի մասին՝ տարածաշրջանի անվտանգության ապահովման համար: Ըստ Բաքվի տեղեկատվության՝ Ադրբեջանի գրաված արցախյան տարածքներում պատերազմից հետո ականների պայթյունից զոհվել է 20 մարդ, ևս 85-ը՝ վիրավորվել։ Խոսելով Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքների մասին, Հայաստանի ԱԳՆ-ը հիշեցրեց Բաքվի պարտավորությունների մասին, որոնք ամրագրված են հրադադարի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ:
«Ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ»,- ասվում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդում է Sputnik Արմենիան:
Բայց անհնար է լռել. ընդհանրապես, դատելով ադրբեջանական կողմի պահվածքից, Երևանը պետք է անմիջապես և միանշանակ ամենաբարձր մակարդակով պարզապես ուղարկեր հարևաններին հայտնի հասցեով: Եվ դեռ մի բան էլ լրացուցիչ ականապատեր որոշակի տարածքներ։ Դե, որպեսզի ադրբեջանցի դիվերսանտները ելք չունենային դեպի, օրինակ, Շուշի-Ստեփանակերտ ճանապարհ, հայտնի հուշարձանի՝ հայկական տանկի մոտ, չկարողանային նողկալի գրություններ թողնել ճամփեզրի վահանակներին ու հանգիստ հեռանալ։ Կամ որպեսզի ադրբեջանցիները չկարողանային քարկոծել հայկական մեքենան Կապան-Երևան ճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ հատվածում։ Սրանք ադրբեջանցիների լկտի ագրեսիայի ամենաթարմ օրինակներն են այն տարածքներում, որտեղ, ի դեպ, անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն ու սահմանապահներն են։ Իրականում նման միջադեպեր արձանագրվել են եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր։ Եվ եթե այդ խորապատկերին Բաքուն դեռ բարբաջում է ականադաշտերի քարտեզների մասին, ապա Երևանից հնչող պատասխանը պետք է լինի հստակ, կոնկրետ և կոպիտ։ Մի խոսքով՝ գործնականում անպարկեշտ։ Համենայն դեպս ոչ այդչափ երկչոտ հիշեցում Ադրբեջանի կողմից իր հանձնառությունների խախտման մասին։
Այս խորապատկերին միանգամայն արտառոց է թվում հայկական կողմի մասնակցությունը եռակողմ աշխատանքային խմբի գոծունեությանը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Նշենք, որ արդեն կայացել է այդ խմբի երեք նիստ։ Հիշեցնենք, որ այդ խմբի խնդիրը տրանսպորտային հաղորդակցությունների բացման գաղափարի իրականացումն է։ Եվ, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության հնարավորությունը Ադրբեջանի տարածքով։ Եվ ահա, մինչ փոխվարչապետները մոսկովյան աշխատասենյակներում դատողություններ են անում տրանսպորտային նախագծերի իրականացման մեխանիզմների մասին, ադրբեջանցիները քարկոծում են հայկական մեքենաները հայկական Սյունիքում։
Թերևս, պարզապես հիմարություն կլինի ակնկալել, թե, ասենք, Հայաստան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության անվտանգությունն ադրբեջանական հատվածում ընդհանրապես կարող է ապահովվել։ Հարևանները նույնիսկ ոչ թե քարեր, այլ նռնակներ կնետեն գնացքների վրա։ Դեռևս նոյեմբերին շատերի համար ակնհայտ էր, որ հաղորդակցության նշված տարբերակը, անվտանգ գործունեության ապահովման անհնարինության պատճառով (չենք խոսում արդեն անշահաբերության մասին), սկզբունքորեն ենթակա չէ իրականացման։
Այժմ ադրբեջանցիները գործնականում ապացուցում են, որ հայկական կողմը «տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումից» (նոյեմբերի 9-ի տխրահռչակ համատեղ հայտարարության 9-րդ կետը), ինչպես ասում են, մի չոփ անգամ չի ստանա։ Նորմալ կառավարությունը (հայկական, իհարկե) այս իրավիճակում կվարվեր միանգամայն միանշանակ, շրխկացնելով եռակողմ հանձնաժողովի դուռը։ Բայց քանի որ մենք գործ ունենք կապիտուլյանտ կառավարության հետ, ապա համարժեք պահվածք նրանից ակնկալելը պարզապես անիմաստ է։ Բաքվից թքում են մեր երեսին, իսկ մենք ի պատասխան նստում ենք նրանց հետ «աշխատանքային» սեղանի շուրջ, նախագծեր քննարկում, պարզապես երբեմն երկչոտ հիշեցնելով հանձն առած պարտավորությունների խախտման մասին։
Ըստ էության, Բաքվի հետ բանակցություններում Երևանն ուղղակի հրաժարվում է կիրառել ճնշման միջոցների այն խղճուկ մնացորդները (ավելի ճիշտ՝ հանձն առած պարտավորությունները կատարել պարտադրելու), որոնք դեռևս մնացել են մեր զինանոցում։ Ականապատ դաշտերի քարտեզների հարցի կապակցումը ռազմագերիների վերադարձի խնդրի հետ, ինչը նշմարվում է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ, թերևս, այդօրինակ սակավաթիվ միջոցներից մեկն է։ Այլ բան է, որ հայկական կողմը, մեղմ ասած, մի տեսակ անվստահ է օգտագործում այդ հաղթաթուղթը։ Եվ պարզապես սրբապղծություն է, որ միայն հիմա է դա անում: Ի վերջո, եթե հայ ռազմագերիների վերադարձի գինը կարող են լինել ականադաշտերի քարտեզները, ապա ինչո՞ւ են մինչ օրս ադրբեջանական գերության մեջ գտնվում Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ։ Ինչո՞ւ չէր կարելի երկու խնդիրները կապակցել դեռ անցած տարվա նոյեմբերին, կամ գոնե այն ժամանակ, երբ Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվեց հանձնել գերիներին՝ նրանց անվանելով դիվերսանտներ։
Իր ընտրարշավի ֆալստարտի շրջանակներում Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարեց, թե կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս արագ հայրենիք վերադարձնի մեր ռազմագերիներին։ Հերթական սուտը։ Քանզի կառավարությունը շարունակում է համոզել իրեն և հասարակությանը, թե անձրև է գալիս, երբ Բաքվից թքում են ուղիղ իր երեսին։